«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը միջազգային պայմանագիր է. ինչո՞ւ ոչ ոք չդիմեց ՍԴ, ինչո՞ւ հիմա ոչ ոք չի դիմում ՍԴ». Գոռ Հովհաննիսյան
Երբ նոյեմբերի 10-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը Հ1-ի եթերում ուրախ-զվարթ հայտարարեց՝ «ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 24:00-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի», րոպեներ անց ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ ինքը առավոտյան լինելու է Հանրապետության հրապարակում, կոչ արեց մարդկանց գալ ու մասնակցել դիմադրության շարժմանը:
Կառավարության շենքի մոտ հավաքվեցին քաղաքացիներ, ԱԺ պատգամավորներ, ապա ժամեր անց ցրվեցին:
Այդ օրը գերմանաբնակ իրավագիտության պրոֆեսոր Գոռ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Երբ Հայաստանում լուրջ պրոբլեմներ են ծագում, միշտ մտածում եմ, թե ամբողջ պետության մեջ կգտնվի գոնե մի մարդ, որի մտքով կանցնի վեճը հանձնել դատարանի լուծմանը։ Ու, ինչպես միշտ, չկա նման թեկուզ մի մարդ։ Սա ապշելու բան է։ Փողոցում անիմաստ ճղճղալով կառավարությունից պատասխան պահանջելու փոխարեն այդ պատասխանը քաղաքավարի ձևով պահանջեք դատարանում։ Վեճը հասցրեք Սահմանադրական դատարան։ Ինչ որոշեցին, ուրեմն ճիշտը դա է։ Ու վերջ։ Ձեր բոլոր պրոբլեմների պատճառը ձեր գլխում է։ Ձեր բոլոր պրոբլեմների հիմքը ձեր հակաիրավական մտածողությունն է»:
168.am-ի հետ զրույցում Գոռ Հովհաննիսյանը նախ նշեց, որ Սահմանադրության 6-րդ հոդվածն ամրագրում է օրինականության սկզբունքը, որի ավելի գրագետ ձևակերպումն է՝ օրենքի վերապահման սկզբունք:
«Այդ հոդվածի 1-ին մասում բառացի ասվում է, որ պետությունը, ցանկացած պետական մարմին ու պաշտոնատար անձ կարող է անել միայն այն, ինչը նրան թույլատրվում է Սահմանադրությամբ կամ օրենքով: Եվ այս նորմի գոյությունը տրամաբանորեն ենթադրում է ցանկացած պետական մարմնի ու պաշտոնատար անձի գործողությունների վերահսկողություն դատարանի միջոցով: Այսինքն՝ եթե Սահմանադրությունը պարտադրում է, որ դու պիտի անես այն, ինչ թույլատրված է Սահմանադրությամբ կամ օրենքով, հետևաբար պարտադիր, տրամաբանորեն պետք է լինի նաև ստուգելու հնարավորություն. դու անո՞ւմ ես այդպես, թե՞ ոչ»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքով՝ առնվազն անցած տարվա նոյեմբերի 9-ից բոլորն ասում են՝ այդ միջազգային պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, որովհետև դա պայմանագիր է նաև ՀՀ սահմանների վերաբերյալ, պայմանագիր է, որը շոշափում է մարդու հիմնական իրավունքները, հետևաբար այն կնքելու համար կառավարությունը պետք է ունենար Խորհրդարանի լիազորությունը, ինչը չի ունեցել:
«Ես էլ իմ հարցազրույցների ընթացքում բազմիցս ասել եմ, որ, այո, այդ պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, բայց միջազգային իրավունքի մակարդակում ներպետական իրավունքին հակասությունն անէական է. դա շարունակում է մնալ վավեր պայմանագիր: Այս պայմանագրի օրինականությունը, դրա սահմանադրականությունը պետք է հնարավոր լինի ստուգել դատական կարգով: Ո՞վ է մինչև հիմա դիմել Սահմանադրական դատարան. Ոչ ոք… Ինչո՞ւ՝ ես չգիտեմ»,- ասաց Հովհաննիսյանը:
Մեր հարցին, որ Նիկոլ Փաշինյանն ու իշխող ուժը հայտարարում են, թե դա հայտարարություն է եղել, այլ ոչ թե միջազգային պայմանագիր, հետևաբար՝ հենց այդ պատճառով չի ստացվել ԱԺ համաձայնությունը, Գոռ Հովհաննիսյանն ասաց՝ դա միջազգային պայմանագիր է, և իրենց ասելով չի որոշվում համաձայնության բնույթը:
«Միջազգային պայմանագրի հասկացությունը ներառում է բոլոր այն համաձայնությունները, որոնցով պետությունները կարգավորում են իրենց հարաբերությունները միջազգային իրավունքի մակարդակում: Ըստ այդմ միջազգային պայմանագիրը կազմված է պետությունների փոխադարձ ու միմյանց համապատասխանող կամահայտնություններից, որոնք ուղղված են միջազգային հարաբերություններ հիմնելուն, փոփոխելուն կամ դադարեցնելուն: Ու այս ամենը ճիշտ նույն կերպ կա նաև քաղաքացիաիրավական հարաբերություններում՝ առուծախի, վարձակալության պայմանագիր և այլն, որոնք կողմերը կնքում են փոխադարձ ու միմյանց համապատասխանող կամահայտնությունների միջոցով, ու դրանցով իրենք միմյանց կաշկանդում են իրավական առումով: Այդպես են կնքվում նաև պայմանագրերը միջազգային իրավունքի մակարդակում»,- ասաց նա:
Ըստ նրա՝ սրանից պետք է տարբերել միջազգային իրավունքի սուբյեկտների միջև այն պայմանագրային պայմանավորվածությունները, որոնք ենթակա են ազգային իրավունքին:
«Բացի դրանից, միջազգային իրավունքի համար գրավոր ձևը պարտադիր չէ, հնարավոր է կնքել նաև բանավոր միջազգային պայմանագիր: Միջազգային պայմանագրերը կարող են կնքվել նաև նշանների միջոցով: Օրինակ, պատերազմի ժամանակ սպիտակ դրոշ պարզելով՝ որպես զինադադարի պայմանագիր»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը:
Նա նշեց նաև, որ ինչպես մասնավոր իրավունքում, ցանկացած պայմանագրի պարտադիրության համար որոշիչ է պայմանագրի կողմերի՝ այդ պայմանագրով կաշկանդվելու կամքը:
«Հետևաբար՝ միջազգային պայմանագրերը պետք է սահմանազատել այն քաղաքական համատեղ հայտարարություններից, որոնք հենց այդ կողմերի կամքով իրավական պարտադիր ուժ չպետք է ունենան, այսինքն՝ հայտարարությունները փոխադարձ իրավունքներ ու պարտականություններ չեն ստեղծում, եթե կողմերը չեն ուզում դա»,- ասաց նա:
Գոռ Հովհաննիսյանի խոսքով՝ նման հայտարարությունները միջազգային իրավունքում կոչվում են «gentlemen’s agreement»՝ ջենթլմենական համաձայնություն, բայց որը կողմերի կամքով հենց իրենց համար պարտադիր չպետք է լինի:
«Ոչ պարտադիր համաձայնության սահմանազատումը պարտադիր ուժ ունեցող պայմանագրից կարող է երբեմն դժվար լինել, և միջազգային դատարանը կողմերի արած հայտարարությունները մեկնաբանում է օբյեկտիվ ընկալողի տեսանկյունից: Այսինքն՝ միջազգային իրավունքում ամեն ինչ ճիշտ այնպես է, ինչպես որ սովորական քաղաքացիական իրավունքում, և կողմերի արած կամահայտնությունը նրանց համար պարտադիր պետք է լինի թե ոչ, վեճի դեպքում մեկնաբանվում է օբյեկտիվ ընկալողի տեսանկյունից, որի համար կարևոր է տեքստը»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ փաստորեն, երբ մենք միջազգային պայմանագրեր կնքելու չափանիշների լույսի ներքո գնահատում ենք այդ եռակողմ հայտարարությունը, անկախ նրանից, թե դրա անունն ինչ ենք դնում, այն միջազգային պայմանագիր է, որովհետև կողմերն արել են կամահայտնություններ միջպետական հարաբերությունների մակարդակում իրենց հարաբերությունները կարգավորելու նպատակով, և կողմերն այդ կամահայտնություններն արել են՝ ցանկանալով դրանց պարտադիրությունն իրենց համար:
«Այսինքն՝ հայտարարություն անող կողմերն ունեցել են իրավական առումով կաշկանդվելու կամք: Հետևաբար՝ այդ հայտարարությունը միջազգային պայմանագիր է»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը:
Ճշտող հարցին՝ այսինքն, ընդդիմությունը կարո՞ղ է դիմել ՍԴ, Գոռ Հովհաննիսյանն ասաց՝ այո, կարող է դիմել, բայց չի դիմում:
«Մյուս տարբերակը քաղաքացիների կողմից անհատական դիմումների միջոցով ՍԴ դիմելն է: Ցանկացած քաղաքացի, որի ազատ տեղաշարժի իրավունքը կսահմանափակվի Գորիս-Կապան ճանապարհի վրա օտար պետության պետական մարմինների միջոցով (նրանց նկատմամբ կարող է տույժ նշանակվել, գումար բռնագանձվել, խուզարկություններ ու ձերբակալություններ իրականացվել: Սրա մասին Մարդու իրավունքների պաշտպանն էլ շատ ահազանգում է, բոլոր պրոբլեմները նշել է), իրավունք ունի դա վիճարկել դատարանում և հաջողության չհասնելու դեպքում կարող է անհատական դիմումով գնալ ՍԴ, որպեսզի այն ստուգի՝ արդյո՞ք իր հիմնական իրավունքների սահմանափակումը համապատասխանում է Սահմանադրությանը»,- պնդում է իրավագիտության պրոֆեսորը:
Գոռ Հովհաննիսյանը տարակուսում է՝ ո՞ւմ համար է Սահմանադրական դատարանը:
«Ոչ ոք չի դիմում ՍԴ այս հարցով, միայն գոռգոռում են: Այ հենց իմ կարծիքով, նման պատկերացումը դատարանների մասին քանդում է այս երկիրը: Ի՞նչ է նշանակում՝ մենք ՍԴ ենք ստեղծում, որովհետև դրա կարիքն ունենք, այդքան փող ենք ծախսում, դատավորներին վճարում ենք, պահում ենք այդ հսկայական դատարանն ու նրա աշխատակազմը, բայց չենք օգտագործում նրա հնարավորությունները»,- վրդովվեց իրավագիտության պրոֆեսորը:
Նրա խոսքով՝ մեր պետության ՍԴ-ն այսօր այս Սահմանադրական դատարանն է, և այն իր խոսքը պետք է պարտադիր ասի:
«Այս ամենի պատճառը մեր մտածելակերպն է: Բոլոր դժբախտությունների պատճառը մեր մտածողությունն է: Ընդդիմությունն արդեն 11 անգամ նույն մարդու թեկնածությունն է առաջադրում հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում՝ իմանալով, որ չի ընտրվելու: Սա ի՞նչ պրիմիտիվ մոտեցում է: Ինչո՞ւ եք դուք վատնում պետական ռեսուրսները: Ձեզ ո՞վ է թույլ տվել 11 անգամ այն մարդու թեկնածությունն առաջադրել, որին, գիտեք՝ չեն ընտրելու: Եթե մտածում եք, որ չընտրելը հակասահմանադրական է, ուրեմն պետք է դատարան դիմեք, դատարանի միջոցով ստիպեք, որ ընտրեն ձեր թեկնածուին»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը:
Մեր զրուցակիցը վստահ է՝ մեզ ամենից առաջ շտապ կրթվել է պետք, ու մենք պիտի շտապ փոխենք մեր պատկերացումները կյանքի ու աշխարհի մասին։
«Հայաստանի հայերն ապրում են անիրական աշխարհում։ Նրանք ապրում են իրենց հորինած աշխարհում, որը գոյություն չունի։ Նրանք պիտի սովորեն նայել իրականությանը։ Իրականությունը բոլորովին այլ է, քան կա հայերի պատկերացումներում։ Հայաստանի հայերն ապրում են իրենց հորինած հեքիաթում»,- նկատեց Գոռ Հովհաննիսյանը:
Կրկին վերադառնալով ՀՀ սահմանային իրավիճակի հետ կապված խնդիրներին, Գորիս-Կապան ճանապարհահատվածի հետ կապված ՀՀ պաշտոնյաների հայտարարություններին՝ Գոռ Հովհաննիսյանը կարևորեց այն հանգամանքը, որ Կառավարությունը, բնականաբար, ամեն ինչ պիտի անի իրավական ակտերով, պարտադիր պիտի լինի մի ակտ, որով այս կամ այն բանը որոշվել է:
«Մինչև ՍԴ գնալը պիտի Վարչական դատարանով կառավարությունից պահանջվի, թե ինչ իրավական հիմքով ու ինչ ակտով են որոշել այս կամ այն բանը: Պետք է դիմել Վարչական դատարան գործողության կատարման հայցով, պահանջել համապատասխան իրավական փաստաթուղթը: Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասն այլընտրանք չի թողնում: Կառավարությունը պիտի բացատրի, թե որ օրենքի հիման վրա է ինքը գործել ու ինչ իրավական ակտով, որովհետև կառավարությունը կարող է անել միայն այն, ինչ նրան Պառլամենտը թույլատրել է օրենքով»,- եզրափակեց Գոռ Հովհաննիսյանը: