Եթե այլ երկրներում թանկացումներ կան, դրա հետ մեկտեղ՝ նաև աշխատավարձի բարձրացում կա, իսկ մեզ մոտ նման բան չկա. Կարեն Չիլինգարյան
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հոկտեմբերը՝ 2020թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 9.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.7%: 2021թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% նվազում):
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2021թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.5-0.8%-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակն աճել է 0.7%-ով: Հայտնում է Վիճակագրական կոմիտեն:
2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 16.0%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.4% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են սուրճի, թեյի, կակաոյի, մրգի, կաթնամթերքի, պանրի, ձվի, ձկան և ծովամթերքի, բանջարեղենի 1.5-5.2% գնաճերը:
2021թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 1.2%-ով։ 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար՝ 44.1% և 43.2%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 37.8% և 44.3% գնաճ:
«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ Հայաստանում գները միշտ անկայուն են եղել ու, եթե ամբողջ աշխարհում է եղել տվյալ ապրանքատեսակի գնի բարձրացում ու հետո նվազել է, ապա մեզ մոտ բարձրացել ու չի իջել:
«Հայաստանում գները միշտ անկայուն են եղել, իսկ ամբողջ աշխարհում նախօրոք են սկում մտածել, թե ինչ անեն: Մեզ մոտ տեսնում են՝ դրսում թանկացել է, իրենք էլ են թանկացնում, բայց երբ դրսում տվյալ ապրանքի գինն էժանանում է, մեզ մոտ, չգիտես ինչու, հին գներն են մնում:
Օրինակ, հենց նավթի միջազգային գները բարձրացան, մեզ մոտ էլ այդպես եղավ: Դրսում երբ նավթի գինն իջնում է, մեզ մոտ միանգամից չի իջնում. մի կես տարի պետք է անցնի, որ սկսեն իջեցնել: Գները կախված են տարբեր հանգամանքներից. կամ դրսից բերվող ապրանքն է թանկացել, կամ տարադրամի փոխարժեքի տատանում է եղել: Պատահում է, որ ինչ-որ մեկը գերիշխող դիրք է գրավում ու առիթից օգտվելով՝ ապրանքը թանկացնում է»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Կարեն Չիլինգարյանը՝ շեշտելով, որ ներկրվող ապրանքը թանկացել է, քանի որ ԵԱՏՄ անդամ ենք, գործում են ԵԱՏՄ կանոնները, և ապրանքներ կան, որ 3-րդ երկրից են ու ավելի բարձր գնով են մաքսազերծում:
Նա անդրադարձավ նաև ներկրվող ապրանքների որակին՝ նշելով.
«Հայաստանում որակն ու գինն իրար հետ այնքան էլ կապ չունեն: Գները բարձրանում-իջնում են, իսկ որակը գրեթե նույնն է մնում: Ավելին, եթե այլ երկրներում թանկացումներ կան, դրա հետ մեկտեղ՝ նաև աշխատավարձի բարձրացում կա, իսկ մեզ մոտ նման բան չկա, ու թանկացումներն ազդում են սպառողի վրա: ԵԱՏՄ անդամ երկրներից (ՌԴ, Բելառուս, Ղազախստան) ներկրված որոշ ապրանքների որակը զիջում է 3-րդ երկրներից բերվածին: Օրինակ, բողոքներ կան կենցաղային քիմիայի դեպքում. ասում են՝ առաջվա որակը չէ»:
Հավելենք, որ 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է՝ 9.7%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.6% գնաճ: 2021թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.2%, գրասենյակային պարագաների՝ 0.4%, կահույքի և կահավորանքի, գորգերի և հատակի ծածկերի, վառելանյութերի և քսանյութերի՝ 0.4%, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.9%, հագուստի՝ 2.3%, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 3.6% գնաճ: Դրան զուգընթաց, ոսկերչական զարդերի գները նվազել են 2.8%-ով, մաքրող, լվացող միջոցներինը՝ 0.5%-ով, խոշոր կենցաղային սարքերինը՝ 0.4%-ով, դեղագործական ապրանքներինը՝ 0.2%-ով, կենցաղային փոքր էլեկտրական սարքերինը՝ 0.1%-ով: