Բաժիններ՝

Կորցնելով կրթօջախը, ըստ էության, կարող ենք կորցնել համայնքը, բնակավայրը. կրթության փորձագետը՝ Որոտանում դասերն առցանց անցկացնելու մասին

«Վաղվանից դասերն առցանց ենք անելու, մինչև այլընտրանքային ճանապարհի հատվածները, որոնք դժվարանցանելի են, վերանորոգեն»,- այս մասին tert.am-ի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզի Որոտան համայնքի դպրոցի տնօրեն Արա Գրիգորյանը։ «Գնացել ենք, ներքևը փակ էր, գնացել ենք այլընտրանքային ճանապարհով, ուշացել ենք, բնականաբար, դասերը անցկացրել ենք, հետ ենք եկել, վաղվանից էլ, կրկնեմ՝ առցանց ենք անելու, մինչև տեսնենք՝ ինչ է  լինելու»,- ասել է Արա Գրիգորյանը։ Դպրոցի տնօրենը մանրամասնել է, որ այլընտրանքային այդ ճանապարհն անցնում է Խոտ գյուղով։ Հիշեցնենք, որ այսօր դպրոցի ուսուցիչները ահազանգել էին, որ երկու ժամ ուշացումով են հասել դպրոց, Գորիս-Կապան ավտոճանապարհը փակ է, բաց լինելու դեպքում էլ ադրբեջանցիները պետք է անձնագրերը ստուգեն։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ կառավարության մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ հարց բարձրացրեց. «Ընդամենը 1 օրինակ եմ ուզում բերել, պատկերացրեք՝ Գորիսից Որոտան գնացող ուսուցիչը, որ ամեն առավոտ գնում է Որոտանում դաս տալու, ինչպե՞ս պետք է գնա դասավանդելու, այդ ԱԽՔ-ը կարո՞ղ է որևէ ձևով բացատրել, կամ կառավարության նիստին մասնակցողներն այս առումով որևէ պատասխան մեզ կարո՞ղ են տալ․․․»։

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Որոտան համայնքում դպրոցներն առցանց անցկացնելուն ու խնդիրներին՝ նկատեց.

«Փաստորեն, եկանք-հասանք այն պահին, երբ ազգային անվտանգության խնդիրներն անմիջական առնչություն արդեն ունեն մեր կրթական համակարգի հետ: Բոլորին է հայտնի, որ յուրաքանչյուր կրթական հաստատություն, հատկապես սահմանամերձ, հեռավոր, բարձրլեռնային գյուղերում նաև ունի համայնքակենտրոն, համայնքաստեղծ նշանակություն, և կորցնելով կրթօջախը, ըստ էության կարող ենք կորցնել համայնքը, բնակավայրը:  Նույնիսկ հիմա, եթե ինչ-որ կերպ վերականգնվի հաղորդակցությունը, էական ազդեցություն պետք է ունենա, որովհետև կլինի այնտեղ ապրող  մարդկանց հիշողության մեջ, նրանք որոշ վտանգներ կզգան, որովհետև նույնը կարող է կրկնվել որոշ ժամանակ հետո: Ըստ էության, այդպես մենք կորցնելու ենք մեր բնակավայրերը: Մարդիկ ուղղակի կարտագաղթեն»:

Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ դասերն առցանց անցկացնելու դեպքում առաջացող հարցերին՝ կրթության փորձագետը նշեց, որ հեռավար դասընթաց կազմակերպելը չի նշանակում միայն առցանց դասախոսություններ կամ դասեր վարել:

«Դա կոմպլեքս մոտեցում է: Աշխարհում միայն բարձրագույն կրթություն 100 միլիոն մարդուց ավելին է ստանում և այդ ժամանակ որևէ խնդիր չի առաջանում, իսկ ինչ վերաբերում է առցանց դասերին, Հայաստանի պարագայում դա ցույց է տալիս, որ որևէ արդյունքի չի բերում: Երեխաները ուշադիր չեն լինում, գիտելիք չի փոխանցվում, դրանք արագ մոռացվում են: Լուրջ չեն վերաբերվում նաև ուսուցիչները: Եթե դրան ավելացնենք ինտերնետի հասանելիության աստիճանը՝ հատկապես Երևանից դուրս, ապա կտեսնենք, որ աշակերտների 20 տոկոսը հնարավորություն չունի տեխնիկական առումով միանալու, այսպես ասած, հեռավար դասերին: Դա նշանակում է, որ ժամավաճառությամբ ենք զբաղվում, և որևէ մեկին օգուտ չի տալու»,- նկատեց Ատոմ Մխիթարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս