Այլասերվող Հայաստան
Ժողովրդավարությունը ոչ թե անհատների, այլ համակարգերի կառավարման կարգ է։
Իհարկե, անհատները կարևոր դեր ունեն ժողովրդավարական հասարակությունում, բայց դրանով հանդերձ, ժողովրդավարությունը կենսունակ է ու կայացած, եթե դրանում տիրապետում են ոչ թե անհատները, այլ համակարգերը։ Երբ անհատները սկսում են իրենց նշանակությամբ գերակայել համակարգերին, սկսվում է ժողովրդավարության դեգրադացիան՝ ստանալով ամենատարբեր դրսևորումներ՝ քվազիդեմոկրատիայից մինչև ժողովրդավարական բռնապետություն։
Հայաստանում գործ ունենք հենց այս երևույթի հետ։ Ձևով ժողովրդավարական համակարգի բովանդակությունն ամեն օրվա հետ մոտենում է բռնապետությանը, որովհետև ամեն օրվա հետ նվազում է ինստիտուտների՝ առանց այն էլ չեղած դերակատարությունը՝ ի հաշիվ անձանց, բայց գլխավորապես մեկ անձի իշխանության։
Հայաստանում ոչ թե համակարգերն ու ինստիտուտներն են կանխորոշում առանձին պաշտոնյաների գործունեությունը, այլ ճիշտ հակառակը՝ առանձին վերցրած մեկ պաշտոնյա՝ Նիկոլ Փաշինյանը, ամբողջությամբ ուղղորդում է հանրային ու պետական կառավարման գրեթե բոլոր համակարգերի գործունեությունը։
Բացառություններ, իհարկե, կան, ինչպես, օրինակ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, բայց դա օրինաչափությունները հաստատող բացառությունների շարքից է։
Այսպիսով ոչ թե Նիկոլ Փաշինյանն է ենթարկվում քաղաքական, պետական ու հանրային կառավարման համակարգերի ներքին օրինաչափություններին, սահմանադրական ու օրենսդրական կառուցակարգերին, այլ, մեծ հաշվով, իրեն, իր անձնական շահերին է ենթարկեցնում բոլոր այդ ինստիտուտները՝ հնարավորության դեպքում գուցե պահպանելով ֆորմալ ընթացակարգերը։
Հայաստանում հետևողականորեն տեղի է ունենում համակարգերի ապալեգիտիմացում, ինչի արդյունքը պետական կառավարման համակարգի խայտառակ անարդյունավետությունն է, պետության՝ որպես ինստիտուցիայի, անդառնալի արժեզրկումն ու թուլացումը։
Հայտնի մտածողի ավելի հայտնի միտքն այն մասին, որ իշխանությունն այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունն այլասերում է բացարձակապես, Հայաստանում ապացուցվում է ամենավուլգար դրսևորումներով։ Խնդիրն այն է, սակայն, որ իշխանության այլասերումը չի սահմանափակվում միայն այլասերվող անհատով, այլ սուբլիմացվում է ողջ պետական կառավարման համակարգի վրա, քանի որ իշխանությունից բացարձակորեն այլասերված անհատը՝ իրեն ենթարկեցնելով բոլոր համակարգերը, այլասերումը տարածում է նաև դրանց վրա։ Արդյունքում՝ իշխանությունից բացարձակորեն այլասերվող անհատը, վերջին հաշվով, այլասերում է նաև պետությունը։
Հայաստանում հիմա տեղի է ունենում հենց այդ՝ պետության այլասերման լատենտ գործընթացը, որն ավելի է խորանում այն պատճառով, որ առողջ պետություն ունենալու հիմնական շահառուն՝ հասարակությունը, դրան հետևում է լուռ անտարբերությամբ՝ դառնալով պետության այլասերման առնվազն անուղղակի հանցակիցը։
Հարություն Ավետիսյան