
Եվրոպայում COVID-ով հիվանդացությունն աճում է հինգերորդ շաբաթն անընդմեջ. ԱՀԿ

Եվրոպան հինգ շաբաթ շարունակ մնում է աշխարհի միակ մասը, որտեղ COVID-19 կորոնավիրուսի նոր դեպքերի թվաքանակը շարունակում է աճել: Այդ մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում:
ԱՀԿ-ի տեղեկատվության համաձայն, հոկտեմբերի 25-ից մինչեւ 31-ն ընկած շաբաթվա ընթացքում ընդհանուր առմամբ աշխարհում 3 տոկոսով ավելացել է COVID-ով ախտահարման նոր դեպքերի թիվը: Ընդ որում՝ միակ տարածաշրջանը, որտեղ դեպքերի թիվը շարունակում է աճել, մնում է Եվրոպան, որտեղ հաղորդվում է դեպքերի թվի 6 տոկոս աճի մասին:
Մյուս տարածաշրջաններում գրանցվել է COVID-ով հիվանդացության շաբաթական դեպքերի նվազում: Հիվանդությունն ամենից շատ նվազել է Արեւելա-միջերկրածովյան տարածաշրջանում (12 տոկոսով) եւ Աֆրիկայում ու Հարավ-Արեւելյան Ասիայում (9 տոկոսով):
Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է COVID-ով վարակման ավելի քան 3 միլիոն նոր դեպք:
ԱՀԿ-ի տվյալներով՝ նոյեմբերի 2-ի դրությամբ աշխարհում համավարակի սկզբից արձանագրվել են կորոնավիրուսով վարակման 246 951 274 դեպք եւ մահվան 5 004 855 դեպք: Մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 347 703-ով, մահացածներինը՝ 5 981-ով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: