Բաժիններ՝

Օնլայն տաքսիների հետ կապված բողոքներ կային. ուսումնասիրություն ենք սկսելու. Գեղամ Գևորգյան

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ առաջիկայում կհրապարակեն հավի և ձվի շուկայում հայտնաբերած չարաշահումների մասին իրենց ուսումնասիրությունների արդյունքները։ Ուսումնասիրություններ են կատարում նաև բենզինի շուկայում, սակայն վերջին թանկացումների մասին դեռևս տվյալներ չկան, տվյալները ԵԱՏՄ-ից են գալիս՝ եռամսյակը մեկ, ինչը ստանալուց հետո կհրապարակեն։

«Ուսումնասիրում ենք նաև շաքարավազի շուկան, երևի տեղյակ եք, որ 2-3 ամիս առաջ Հայաստան է ներմուծվել էժան քվոտավորված շաքարավազ, որի արդյունքում գներն իջել էին։ Հիմա ԵԱՏՄ մեր գործընկերները նոր նախաձեռնությամբ են հանդես եկել, որ երրորդ երկրներից ներմուծված ապրանքի մաքսատուրքն իրականացվի 0 տոկոս տոկոսադրույքով մինչև դեկտեմբեր ամիս, որովհետև շաքարավազի դեֆիցիտ կա ԵԱՏՄ տարածաշրջանում, մասնավորապես՝ ՌԴ-ում՝ կապված կորոնավիրուսի հետ»,- շեշտեց նա։

Պաշտոնյան նաև ընդգծեց, որ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրելու է նաև կարագի շուկան, այդ թվում՝ բժշկական ծառայությունները, բացի ՊՇՌ թեստից, նաև ախտորոշիչ սարքավորումները։

Ինչ վերաբերում է օնլայն տաքսի ծառայությունների շուկային, ապա  Գեղամ Գևորգյանն ասաց, որ շուկան նոր են սկսել ուսումնասիրել։

«Օնլայն տաքսիների հետ կապված բողոքներ կային, այդ ազդակները բազմաթիվ են մամուլում։ Հյուրանոցների ամրագրման ծառայությունների հետ կապված խնդիրներ ևս տեսել ենք, վարույթ կանենք և ուսումնասիրության արդյունքները կհրապարակենք»,- նշեց ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահը։

Իսկ հանձնաժողովն անդրադառնալո՞ւ  է ՊՇՌ թեստերի գներին, թե՞ ոչ, Գեղամ Գևորգյանը պարզաբանեց, որ չեն կարող ինտերվենցիա ունենալ այն շուկայում, որտեղ գերիշխող դիրք չկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս