Ամուլսարը կսկսի գործել լավագույն դեպքում 12 ամիս հետո. Վահան Քերոբյան

«Ամուլսարը, եթե նույնիսկ այս պահին բոլոր հարցերը լուծվեն, և այն վերադառնա աշխատելու ռեժիմին, կսկսի աշխատել 12 ամսից հետո, լավագույն դեպքում: Մենք հիմա սպասում ենք քրեական գործի հանգուցալուծմանը, և դրանից կախված են  լինելու Ամուլսարի վերաբերյալ հետագա քննարկումները»,- ԱԺ Տնտեսական հարցերի, Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց  Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն հարցադրմանը, թե արդյո՞ք 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը պայմանավորված է Ամուլսարի շահագործմամբ:

Պատգամավորի՝ նախորդ տարիների բյուջեի թերակատարումների ֆոնին այս տարվա ավելացած կապիտալ ծախսերի մասին քննադատությանն ի պատասխան՝ նախարարը պարզաբանեց, որ այդ խնդիրները լուծելու համար կառավարության համակարգում ներդրվում է հանրային ներդրումների կառավարման համակարգ, որի միջոցով պետք է կտրուկ բարձրացնեն կապիտալ ծախսերի իրագործման տոկոսը:

«Դա ընդհանուր առմամբ բոլոր կապիտալ ծախսերը մի համակարգով մոնիտորինգ անելու մասին է, որը թույլ է տալիս, որպեսզի մենք հետևողականորեն տեսնենք՝ կապիտալ ծախսերն ինչ որակով են իրականացվում: Բայց մինչ դա՝ մենք ներդրումային կոմիտե ենք ստեղծել, որը 250 միլիոն դրամից բարձր բոլոր կապիտալ ծախսերը պետք է հստակ ընթացակարգով անցկացնի»,- մանրամասնեց Վահան Քերոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս