Այսօր այն օրը չէ, որ Կառավարությունը խոսի որևէ հարկային քաղաքականության շուրջ. Տիգրան Խաչատրյան
ԱԺ Տնտեսական հարցերի, Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց, թե Հարկային օրենսդրության ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում, և արդյո՞ք նախատեսում են շրջանառության հարկի շեմի իջեցում:
«Այսօր դեռ այն օրը չէ, որ կառավարությունը խոսի որևէ հարկային քաղաքականության միջոցառման բովանդակության շուրջ, որովհետև դրանք 2022 թվականի պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում նախատեսող փոփոխություններ չեն լինելու,- ի պատասխան՝ նշեց Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ նախատեսում են 2022 թվականին մանրամասն խոսել հարկային քաղաքականության այն փոփոխությունների մասին, որոնք կարող են ազդել հետագա ժամանակահատվածների եկամուտների վրա և իրենցից ներկայացնել շատ էական կարգավորումներ,- Դրանք կարող են վերաբերել գյուղատնտեսության հարկմանը, այլընտրանքային հարկման մեխանիզմներին, միկրոձեռնարկատիրության հարկման որոշակի հարցերի»:
Նա նաև նշեց, որ շրջանառության հարկին վերաբերող բոլոր հարցերը ևս քննարկման առարկա կդառնան 2022 թվականի ընթացքում.
«Թե՛ սահմանված դրույքաչափերը, և թե՛ շրջանառության հարկով հարկման շեմը. այսինքն՝ որոնք են այն վճարողները, որոնք պետք է շարունակեն կոչվել շրջանառության հարկ վճարող, որոնք են այն հարկ վճարողները, որոնք պետք է ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարեն օրենքով սահմանված կարգով, քննարկվելու է համալիր բոլոր կարգավորումների հետ միասին»: