Ցինիզմի և ստի ազգակործան հետևանքները
Այն, ինչ վերջին երեք տարում կիրառվում է իշխող ռեժիմի կողմից, մասնավորապես, թե ինչ մանիպուլյատիվ քայլեր է իրականացնում Նիկոլ Փաշինյանն ու նրա վարչախումբը, ոչ թե զուտ պոպուլիզմ է, այլ՝ էժան պոպուլիզմ։ Պոպուլիզմի ու դրա գերակայության շնորհիվ արդի քաղաքական զարգացումների էպիկենտրոնում հիմնական խաղացողներ են դառնում էքսցենտրիկներն ու շոումենները։ Հայաստանյան իրականության մեջ տեղի ունեցած իրադրություններն ու ընդհանուր զարգացումները իրար կողք համադրելուց հետո պարզ է դառնում, որ առկա է իշխանության ստվերը, ինքն իրականում գոյություն չունի:
Աքսիոմատիկ ճշմարտություն է այն պնդումը, որ պոպուլիզմը միշտ ծնում է ցինիզմ, որովհետև եթե չունես զարգացման կոնկրետ հայեցակարգ, անընդհատ պետք է թիրախավորես անձանց կամ կոնկրետ երևույթներ, խոսես ծրագրերից, որոնք արտաքուստ լուսավոր են, սակայն աղերս չունեն իրականության հետ։ Որպես կանոն՝ ամեն մի ցավալի իրադարձության շուրջ առաջանում է երեք տիպի ռեակցիա. անկեղծ մտահոգություն, քաղաքական շահարկում և դավադրության տեսություն: Երկուսում էլ կա պոպուլիզմի որոշակի դրսևորում:
Իր եռամյա կառավարումը Փաշինյանը կառուցել է բացառապես ստի և կեղծիքի վրա, և եթե ներքին լսարանի համար տարբեր պոպուլիստական և բովանդակազուրկ մանևրներն ունեցել են լսարան, և դրա հաշվին նա կարողացավ 2021 թվականի հունիսի 20-ին ևս մեկ անգամ ընտրվել, ապա աշխարհաքաղաքականության մեջ նման «սեթևեթանքներն» ուղղակի կրախի են հանգեցնում։ Դրա վառ ապացույցը դարձավ թե մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը վարած անհասկանալի արտաքին քաղաքականությունը, երբ Նիկոլը փորձում էր երկակի ստանդարտներով մոլորությունների մեջ գցել համաշխարհային խաղացողներին, իր բացահայտ մանիպուլյատիվ գործողություններով, այնպես էլ 44-օրյա պատերազմին հաջորդող շրջանում, երբ ոչ ոք այդպես էլ չի կարողանում հստակ ընկալել, թե ինչ դիրքավորում և ինչ արտաքին քաղաքական վեկտոր ունի ՀՀ-ում տարվող կուրսը։ Արդյունքում՝ եղավ այն, որ Փաշինյանը փորձում էր «քցել» համաշխարհային գերտերություններին, սակայն հենց ինքն էլ երկու ոտքով ընկավ իր իսկ լարած թակարդը։
Տրամաբանական հարց է առաջանում, ինչո՞ւ է Փաշինյանն ամեն առիթի դեպքում փորձում առաջնորդվել հակադրությունների քաղաքականությամբ՝ իր կատարած յուրաքանչյուր գործողությունը համեմատելով նախկինների քայլերի հետ, ամեն ինչում փնտրելով հակադրության հետքեր։ Պատասխանը շատ պարզ է. դա պայմանավորված է նրանով, որ նա չունի սեփական քաղաքական կուրսն ու հստակ որդեգրած գաղափարախոսությունը. այլ կերպ ասած՝ սա «իզմեր» չսիրելու արգասիքն է։
ՀՀ քաղաքացին դատապարտված չէ անվերջ մանևրել մարտնչող անմեղսունակների և քաղաքական հանցագործների միջև։ Ապագան վստահաբար որևէ օրգանական կապ չի ունենալու ո՛չ Փաշինյանի, և ո՛չ էլ նրա նախորդների հետ։ Ապագա, որի համար անցյալ կլինեն Նիկոլ Փաշինյանն ու իր հեղափոխական թիմը։
Թոմսոնի հայտնի բանաձևումն ասում է՝ «Եթե մարդիկ իրավիճակը սահմանում են՝ որպես իրական, և գործում են՝ ելնելով այդ իրավիճակից, ապա իրենց գործողությունների հետևանքներն իրական կլինեն՝ անկախ նրանից, թե որքան անիրական կարող է լինել իրավիճակից կախված որոշումը»։ Բայց սա նշանակում է, որ պոպուլիզմն ու ցինիզմը կարող է նաև առաջանալ՝ հիմնվելով զուտ երևակայական ներկայացուցչական բացերի վրա։
Մի բան ակնհայտ է, երբ քաղաքական գործիչը բացահայտ հայտարարում է, թե ինքը չունի քաղաքական գաղափարախոսություն և չի դավանում որևէ «իզմի», իր համար դրանց հետևանքները լինելու են անդառնալի ու կործանարար, ինչպես, օրինակ, Իտալիայի և Հունաստանի առանց «իզմ» պոպուլիստ վարչապետների դեպքում էր։
Արմեն Հովասափյան