Բաժիններ՝

Ուզենք էլ՝ չենք կարողանա ֆիզիկապես բոլորին զբաղվածություն ապահովել. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենը՝   Կամերայինի դերասանների ճակատագրի մասին

Կամերային երաժշտական թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չեն խաղալու։ Թատրոնի ֆեյսբուքյան էջում այս մասին հաղորդագրություն է տարածվել, որտեղ նշված է. «Մեր թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չենք խաղալու: Գործունեության 33 տարիների ընթացքում մեր թատրոնն ունեցել է բազում նվաճումներ, մեծ պրեմիերաներ, հյուրախաղեր և, ամենակարևորը, վայելել է հանդիսատեսի մեծ սերն ու համակրանքը: Մենք Ձեր և Ձեր փոքրիկների կյանքի մի մասն էինք, իսկ դուք մեր… և այսօր մենք փակվում ենք: ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի № 1472-Ա որոշման համաձայն՝ «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվում է և միանում է «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին: Վստահ ենք, որ մեր թատրոնի տաղանդաշատ երիտասարդ դերասաններին դեռ կտեսնեք մեծ բեմերում»,- ասվում է թատրոնի ֆեյսբուքյան էջում։

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանից փորձեցինք պարզել, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Կամերային երաժշտական թատրոնի դերասաններին, քանի որ խոսակցություններ կան, որ թատրոնն աշխատանքի կվերցնի այն դերասաններին, որոնց իրենք կընտրեն:

«Իմ կարծիքն ասեմ: Դերասանը, ստեղծագործող մարդը, եթե ունի շնորհք՝ պահանջված է լինում: Մեր և տարբեր թատրոններում ունենք դերասաններ, որ չորս տեղ աշխատում են զուգահեռաբար. մեկ օր՝ մեզ մոտ, մեկ օր, ասենք, Պատանի հանդիսատեսի թատրոնում: Հրավիրում են նաև հեռուստատեսություն և այլն: Դերասանը, ով մի քիչ շնորհք ունի, երբեք անգործ չի մնա: Ինչ վերաբերում է դերասաններին ընտրողաբար ընտրելուն, այսինքն՝ բոլորին պայմանական ընդունեցինք, վերջիվերջո, զբաղվածություն պետք է ապահովվի, չէ՞: Իսկ շնորհքով մարդն ունենում է զբաղվածություն»,- մեզ հետ զրույցում ասաց Կարո Շահբազյանը:

Թատրոնի տնօրենն ընդգծեց՝ այստեղ կա նաև ժանրային խնդիր: «Մերը երաժշտական կոմեդիայի թատրոնն է, դեմ չեմ, իրենցն էլ Կամերային երաժշտական թատրոնն է: Բոլորի մասին մտածելու ենք: Օրինակ, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը երեք դերասան ուզում է, Տիկնիկային թատրոնը՝ չորս, քանի որ երեկոյան ներկայացումներ ունի նաև մեծերի համար: Երկու հոգու Խամաճիկների թատրոնն է ուզում, մեկ հոգու՝ Գոյ թատրոնը, և դա առավելություն է: Այսինքն, սա գործընթաց է, որն արվում է: Մենք այս պահին ունենք 40-ից ավելի դերասան, եթե Կամերային երաժշտական թատրոնի բոլոր դերասաններն էլ գան, ֆիզիկապես բոլորին զբաղվածություն, ուզենք էլ՝ չենք կարողանա ապահովել»,- հավելեց Կարո Շահբազյանը:

Հարցին՝ խոսակցություններ կային, որ գեղարվեստական երկու ղեկավար է ունենալու թատրոնը, այդպե՞ս է, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենն արձագանքեց. «Դա աբսուրդ է, ինչպե՞ս կարող է նման բան լինել: Ո՞նց կարող է երկու գլխավոր հաշվապահ լինել, երկու տնօրեն»:

Հիշեցնենք, որ թատրոնները միացնելու որոշում էր կայացվել կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ. հարցը չզեկուցվող է եղել։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս առնչությամբ հայտարարություն էր տարածել` նշելով, որ թատրոնների միավորումը հնարավորություն է տալիս պահպանել Կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմի մասնագիտական գործունեության շարունակականությունը և լուծել մշակույթի ոլորտում առկա կարևոր խնդիրը՝ միջազգային ճանաչում և բարձր վարկանիշ ունեցող կոլեկտիվի բնականոն գործունեությանն անհրաժեշտ միջավայրի ձևավորումը։ Հայտարարության մեջ նշված էր նաև, որ Կամերային երաժշտական թատրոնը հեռացել է իր կանոնադրական նպատակներից և չի տիրապետում երաժշտական թատրոնի գործունեությանն անհրաժեշտ ստեղծագործական և տեխնիկական բաղադրիչներին. թատրոնը չունի նվագախումբ, երգչախումբ և պարային խումբ, որոնք, սակայն, ունի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը։ Այսպիսով, միավորումը Կամերային երաժշտական թատրոնին ոչ միայն կազմալուծվելու վտանգի առաջ չկանգնելու, այլև ստեղծագործական գործունեությունը բարենպաստ պայմաններում շարունակելու հնարավորություն է տալիս:

Արդյունքում՝ կբարձրանա թատրոնների գործունեության արդյունավետությունը: Հավելենք, որ գործադիրի նույն որոշմամբ՝ «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ին պատկանող Երևան քաղաքի Պռոշյան փողոց 1-ին փակուղի հ. 1 հասցեի 403,4 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած 0,056035 հա հողատարածքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրվել է «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին: Ըստ այդմ՝ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն ապահովվում է շենքային պայմաններով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս