Ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն հետաքրքրված Ադրբեջանով

ՆԱՏՕ-Ռուսաստան կապերի խզմանը զուգահեռ՝ ՆԱՏՕ-ն, ինչպես նաև Պենտագոնն ակտիվացրել են աշխատանքը Հարավային Կովկասում և ԱլԳ գոտում: Նախ Վրաստան, Ադրբեջան ու Հայաստան այցելեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը, ում երևանյան այցի ընթացքում կարևորվեց Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը՝ որպես ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության զարգացման արդյունավետ գործիք, ինչպես նաև Հայաստանը որակվեց՝ որպես Հյուսիսատլանտյան դաշինքի վստահելի գործընկեր:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ՀՀ-ում որոշ կարծիքների ֆոնին, թե Հայաստանը պետք է պատերազմից հետո վերանայի իր անվտանգային համակարգը՝ հենվելով նաև ՆԱՏՕ-ի վրա, այդ այցի ընթացքում որոշ դժգոհություններ հնչեցին նաև ՆԱՏՕ-ի հասցեին պատերազմի ընթացքում Թուրքիայի՝ Ադրբեջանին աջակցելու պատճառով:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՆԱՏՕ-ի պաշտոնյայի հետ հանդիպմանն ասել էր՝ անհասկանալի ու լուրջ խնդիր է 44-օրյա պատերազմին ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը, որի մասին նա բարձրաձայնել էր նաև 2020թ. հոկտեմբերին ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցի ընթացքում:

Իր հերթին՝ Հայաստանի պաշտպանության նախարարը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դերակատարությունը նվազեցրել է տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը:

Գրեթե միաժամանակ Վրաստան, Ուկրաինա և Ռումինիա այցելեց Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինը, քննարկելով այս երկրների հետ ԱՄՆ ռազմական համագործակցության ընդլայնման հարցը, աջակցություն հայտնելով Ուկրաինային և Վրաստանին, պատրաստակամություն հայտնելով մեծացնել այս երկրների պաշտպանական կարողությունները, ինչպես նաև քաղաքական կոշտ ուղերձներ հղելով Ռուսաստանին Աբխազիայի, Հարավային Օսիայի, Ղրիմի համար, ինչպես նաև անդրադարձավ տարածաշրջանային 3+3 ձևաչափին, ասելով՝ մինչև որևէ նոր հարթակի մասին խոսելը, Ռուսաստանը, որը բռնակցել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, պետք է կատարի 2008 թվականի հրադադարի պայմանագիրը: Սա, իհարկե, վրդովեցրել էր Մոսկվային. չուշացավ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի արձագանքը, որն ասաց, թե ԱՄՆ-ը խոչընդոտում է տարածաշրջանային այդ ձևաչափի գործունեությանը:

Հայաստանյան մամուլում, սակայն, գրեթե չնկատվեց տեղեկությունը, որ Ադրբեջան է այցելել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ֆրանչեսկո Դյելլայի ղեկավարած պատվիրակությունը և հանդիպել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, ինչպես նաև փոխնախարար Քերիմ Վելիևի հետ, քնարկելով ՆԱՏՕ-Ադրբեջան կապերը, իրավիճակը սահմանին:

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, Վելիևն ընդգծել է, որ օպերացիոն հնարավորությունների շրջանակում համագործակցությունն էական նշանակություն ունի, բարձր գնահատելով ՆԱՏՕ-ի ներդրումն այդ ոլորտում ադրբեջանական ստոորաբաժանումների պատրաստման հարցում: Քննարկվել են նաև համագործակցության հեռանկարները: ՆԱՏՕ-ի հետաքրքրությունը տարածաշրջանի և Ադրբեջանի նկատմամբ վերջին շրջանում աճում է:

168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին փորձեց պարզաբանել, թե ինչով է պայմանավորված ՆԱՏՕ-ի ակտիվությունը Հարավային Կովկասում:

Նա նախ հստակեցրեց, որ պատերազմից հետո գրեթե բոլոր կենտրոնները և հատկապես ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ինչպես նաև ՆԱՏՕ-ն փորձում են, կոպիտ ասած, տարածաշրջանում կորսված հնարավորությունները վերականգնել:

Ըստ նրա, բարդ է ասել, թե որքանով կհաջողվի վերականգնել, սակայն պատերազմը ցնցել է տարածաշրջանի անվտանգային և աշխարհաքաղաքական միջավայրը, սասանել է Արևմուտքի դիրքերը, ամրապնդել տարածաշրջանային որոշ ուժերի դիրքերը:

«Բնականաբար, նոր իրավիճակը, նոր ուժային բալանսը բոլորից պահանջում է նոր քայլեր տարածաշրջանային իրավիճակում ինտեգրվելու համար: Չեմ կարծում, թե ՆԱՏՕ-ին պետք է առանձնացնել, այցերը հաճախակիացել են բոլոր կողմերից և հատկապես ԵՄ-ից, սա նշանակում է, որ կան հանգամանքներ, որոնք անհանգստացնում են մեր գործընկերներին:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա ՆԱՏՕ-ն ևս փորձում է նոր փուլում հասկանալ, թե ինչ հնարավորություններ ունի, քանի որ տարածաշրջանի ետևում կանգնած են Ռուսաստանը, որը խնդիրներ ունի ՆԱՏՕ-ի հետ, և Թուրքիան, որը խնդրահարույց, բայց ՆԱՏՕ-ի անդամ է, տարածաշրջանում է Իրանը, և այս ամենով հանդերձ՝ քննարկվում է տարածաշրջանում ճանապարհներ բացելու հարցը, որն իր հերթին՝ նոր իրավիճակ է: Կարծում եմ՝ դեռ ամեն բան ծանոթության մակարդակի վրա է, չկա կոնկրետ քաղաքական լուրջ պրոյեկտ, բայց կա իրավիճակն ուսումնասիրելու անհրաժեշտություն, քանի որ Հարավային Կովկասը ներկայումս ամենաբարդ տարածաշրջաններից մեկն է, և այստեղ Արևմուտքը հավաքական կերպով անցել է ակտիվ գործունեության»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Ադրբեջան-ՆԱՏՕ կապերին, ապա, վերլուծաբանի խոսքով, դրանք երբեք խորը չեն եղել:

«ՆԱՏՕ-Ադրբեջան հարաբերությունները, կարելի է ասել, դրսևորվել են միմիայն Թուրքիա-Ադրբեջան ռազմական ոլորտում համագործակցությամբ, Ադրբեջանի դեպքում սա դիտարկվել է՝ որպես որոշակիորեն ՆԱՏՕ-ի բովանդակություն, բայց ուղիղ խորը համագործակցություն չի եղել, Ադրբեջանն իր ռազմական գործընկերներն ունի, սերտ աշխատել է տասնյակ տարիներ շարունակ, իրեն սերտ չկապելով ՆԱՏՕ-ին կամ ՀԱՊԿ-ին»,- ասաց նա:

Վրացի վերլուծաբանը չի գտնում, թե ՆԱՏՕ-ն Հայաստանում և Ադրբեջանում մոտ ապագայում նոր օրակարգեր գեներացնելու հնարավորություն ունի, հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի ներկայիս հնարավորությունները, ինչպես նաև Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունները:

«Չեմ կարծում, որ Թուրքիային զուգահեռ՝ Ադրբեջանը կփորձի ակտիվանալ ՆԱՏՕ-ի հետ, գուցե շփումներ լինեն, բայց նոր մակարդակով հարաբերվելու քաղաքական հնարավորություն չեմ տեսնում, ՆԱՏՕ-ում ևս կան լուրջ տարաձայնություններ Թուրքիայի հետ, այդ հարցում ևս ՆԱՏՕ-ն ակնհայտորեն մտահոգություններ ունի: ՆԱՏՕ-ի հետաքրքրությունը պետք է դիտարկել արևմտյան հետաքրքրության շրջանակում առավելապես: Իսկ Վրաստանի և Ուկրաինայի դեպքում ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը ավելի համարձակ են գործում, քանի որ այստեղ ամեն ինչ պարզ ու հասկանալի է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս