Քովիդ պատվաստման չհամակարգվող գործընթացը
Կառավարությունն ու Առողջապահության նախարարությունը շարունակում են քաղաքացիներին հորդորել պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ զուգահեռ նաև կիրառելով այնպիսի գործիքակազմ, ինչպես, օրինակ, գործատուին պատվաստված չլինելու դեպքում 14 օրը մեկ ՊՇՌ բացասական թեստի պատասխան ներկայացնելն է, որը հորդորը վերածում է հարկադրանքի:
Նախարարությունն այս կիրակի անգամ բացօթյա միջոցառում էր կազմակերպել Օպերայի բակում՝ «Եկեք պատվաստվենք» խորագրով: Օպերայի բակում տեղակայված շարժական պատվաստման կետերում կիրակի իրականացվել էր 810 պատվաստում:
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար պատվաստվել հորդորող իշխանությունը ենթադրաբար պետք է նաև կանոնակարգեր պատվաստման գործընթացը, որպեսզի գոնե այդ գործընթացի ժամանակ բացառվեր քովիդի տարածումը: Սակայն իրականությունը հաճախ այլ բան է ցույց տալիս:
Այս օրերին կորոնավիրուսի դեմ պատվաստումներ իրականացնող պոլիկլինիկաներում ու բժշկական կենտրոններում կարեի է հանդիպել պատվաստման սպասող քաղաքացիների հերթի՝ այն էլ՝ մի քանի ուղղությամբ:
Պոլիկլինիկաներում, օրինակ, քաղաքացիները նախ պետք է թերապևտին այցելելու համար սպասեն հերթում, ապա, երբ որոշակի ստուգումից հետո ստանում են թերապևտի կողմից դրական եզրակացություն, անհրաժեշտ է հերթում սպասել՝ մինչև պատվաստումը: Իսկ նման հերթերը քովիդ վարակման լավագույն տարբերակն են:
Պոլիկլինիկաներից մեկում, օրինակ, այսօր առկա հերթը (մոտը 15 քաղաքացի) անգամ վրդովեցրել էր պատվաստում իրականացնող բժշկին՝ այն աստիճան, որ վերջինս հայտարարեց՝ «այստեղ հաստատ Քովիդ 10 դրական դեմք կա»:
168.am-ը փորձեց հասկանալ, թե ինչպես է իրականացվում պատվաստման գործընթացը պոլիկլինիկաներում ու ԲԿ-ներում:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ պոլիկլինիկայում, օրինակ, այս պահին չկա չինական «Սինոֆարմ», ինչպես նաև «Մոդեռնա» պատվաստանյութերը, որոնցով մեր քաղաքացիներն այս օրերին առավել շատ են հակված պատվաստվել:
Պատվաստանյութերի դեղաչափերն առկա են միայն իրենց երկրորդ դեղաչափին սպասող քաղաքացիների համար:
Թիվ 4 պոլիկլինիկայում թեև աշխատակիցները հեռախոսազանգի ընթացքում հայտնում են, թե պատվաստվելու համար նախապես գրանցելու անհրաժեշտություն չկա, պարզվեց՝ պետք է գրանցվել գոնե մեկ օր առաջ: Աշխատակիցները Ձեզ կգրանցեն որոշակի ժամի (10։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում)՝ թերապևտի մոտ այցելելու համար, սակայն դրանից հետո դուք ինքներդ եք պարտավորվում 3 մետր լայնության միջանցքում սպասել մոտ երկու տասնյակ քաղաքացիների հետ՝ մինչև պատվաստման Ձեր հերթը հասնի: Այս կենտրոնում այժմ առավել պահանջվածը չինական «Սինոֆարմ» պատվաստանյութն է:
Եթե Թիվ 8 պոլիկլինկայի պացիենտ եք, ապա կարող եք ձեր թերապևտի հետ խորհրդակցելուց հետո ձեր բժշկական քարտով մոտենալ պատվաստվելու համար՝ ժամը 10-16-ի սահմաններում: Եթե գրանցված եք այլ պոլիկլինիկայում, 8-րդ պոլիկլինկա մոտենալու համար անհրաժեշտ կլինի ձեռքի տակ ունենալ անձնագիր, սոցիալական քարտ և դրանց պատճենները: Այստեղ կան և՛ «Սինոֆարմ», և՛ «Մոդեռնա» պատվաստանյութերը: Կրկին անհրաժեշտ կլինի նախ այցելել թերապևտի, ապա սպասել պատվաստվելու Ձեր հերթին:
Թիվ 17 պոլիկլինիկայում պատվաստվելու համար քաղաքացիները կարող են մոտենալ ժամը 09։00-16։00-ն ընկած հատվածում: Կարող են պատվաստման համար գրանցվել և՛ տեղում, և՛ նախապես՝ մեկ կամ մի քանի օր առաջ: Անհրաժեշտ կլինի ձեռքի տակ ունենալ անձնագիր: Պետք կլինի այցելել թերապևտի, ապա սպասել պատվաստման հերթին:
«Վարդանանց» ԲԿ-ում էլ, օրինակ, պատվաստվող քաղաքացիները գրանցված են մինչև 2021թ. նոյեմբերի 23: Այսինքն՝ այս կենտրոնում պատվաստվել ցանկացողները կարող են գրանցվել դրանից հետո: Բժշկական կենտրոնում առկա են «Աստրազենեկա», «Մոդեռնա», «Սինոֆարմ» պատվաստանյութերը:
Հերթերն, ինչպես կարելի է հասկանալ, անխուսափելի են այս գործընթացում: Իրականացվող հերթագրումն էլ զուտ թերապևտի այցելությանն է վերաբերում, ու ինքներդ եք ստիպված լինելու, օրինակ, պոլիկլինիկայի միջանցքներում հերթ պահել՝ պատվաստման ձեր դեղաչափը ստանալու համար: