Հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետի կրճատման հետևանքները

Մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Ոստիկանությունը քննարկման է դրել ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության համար այժմ գործող 10 տարի ժամկետը նվազեցնել մինչև 2 տարի: Նախագծի հիմնավորման՝ ակնկալվող արդյունքը ենթավերնագրի ներքո նշված է միայն, որ այդ փոփոխությամբ «կիրագործվի Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.21թ. նիստում տրված հանձնարարականը»: Այս 7 օրերի ըթնացքում e-draft համակարգում ընդամենը 6 կողմ ձայն է եղել նախագծի համար, դեմ են 600-ը (99%):

Թե ինչո՞ւ է ոստիկանությունը դիմել այս փոփոխությանը, մասամբ հստակեցվեց, երբ ոստիկանությունը տարածեց Անձնագրային և Վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետ Իրինա Մկրտչյանի պարզաբանումը, համաձայն որի՝ ժամկետի փոփոխությունը վերաբերելու է միայն հին նմուշի անձնագրերին ու չի անդրադառնալու կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերին (բիոմետրիկ անձնագրեր), որոնք ինչպես նախկինում տրվել են 10 տարի ժամկետով, այդպես էլ շարունակելու են տրամադրվել:

«Այս պարագայում խոսք չի կարող գնալ ՀՀ քաղաքացիների ճամփորդելու իրավունքը սահմանափակելու մասին: Դեռևս 2012թ. ներդրվել է նոր կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համակարգը և այդ շրջանակներում քաղաքացիներին տրամադրվել են կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր և նույնականացման քարտեր: Համակարգի ներդրմամբ պլանավորված է եղել ժամանակի ընթացքում ամբողջությամբ անցում կատարել կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրամադրմանը, ինչով պայմանավորված 2013-2016թթ. դադարեցվել է հին նմուշի անձնագրերի տրամադրումը: Սակայն 2017թ. վերսկսվել է այդ փաստաթղթերի տրամադրումը, ինչը պայմանավորված է եղել լեհական ընկերության հետ պայմանագրի ժամկետի ավարտով, ինչպես նաև նոր կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման աշխատանքների չիրականացմամբ: Եվ որպեսզի քաղաքացիների իրավունքների իրականացումը չխոչընդոտի, որոշում է կայացվել կրկին շարունակել տրամադրել հին նմուշի անձնագրեր:

Ներկայումս ՀՀ կառավարության համակարգմամբ ընթանում են ակտիվ աշխատանքներ կենսաչափական տվյալներ պարունակող նոր համակարգի ներդրման ուղղությամբ: Նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ կապահովվի ՀՀ կողմից տրվող անձը հաստատող փաստաթղթերի միջազգային ստանդարտներին համապատասխանեցումը և կապահովվի նաև անվտանգային համակարգերին համապատասխանեցումը: Ավելին, արդեն իսկ նշված ուղղությամբ կատարվում են աշխատանքներ, և ՀՀ ոստիկանության պետի 2021թ. հոկտեմբերի 15-ի հրամանով հայտարարվել է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի մրցույթ և ստեղծվել է համապատասխան հանձնաժողով: Այսինքն՝ այս փոփոխությունը նախատեսվում է միմիայն նոր համակարգին անցնելու համար, ինչը չի ընդհատելու անձնագրերի տրամադրումը և չի առաջացնելու անձանց իրավունքների սահմանափակում»,- ասել էր ԱՎՎ իրավաբանական բաժնի պետը:

Ստացվում է, որ ոստիկանությունն այս փոփոխությունն անում է ամբողջ ծավալով նոր կենսաչափական անձնագրերի անցնելու համար: Իրինա Մկրտչյանի խոսքով՝ այս փոփոխությունը բխում է ՀՀ-ԵՄ Համապարփակ գործունեության համաձայնագրի պահանջներից:

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիները ստիպված կլինեն կա՛մ 2 տարին մեկ փոխել իրենց հին նմուշի անձնագիրը, որի համար անհրաժեշտ է վճարել 1.000 դրամ, կա՛մ 10 տարի ժամկետով վերցնել կենսաչափական անձնագիր, որի արժեքը 25.000 դրամ է: Սա՝ այն քաղաքացիների համար, որոնք կցանկանան դուրս գալ երկրից: Քաղաքացիներն ունեն ևս մեկ տարբերակ: Եթե երկրից դուրս գալու ցանկություն չունեն, ՀՀ ներսում գործարքներ իրականացնելու համար կարող են ունենալ նույնականացման քարտ (ID քարտ), որը տրամադրվում է 10 տարի ժամկետով և որը ստանալու համար պետք է վճարել 3.000 դրամ պետական տուրք (Ցանկացած դեպքում սահմանված գումարը ավելանում է, եթե քաղաքացիները ցանկանում են անձնագիրը կամ նույնականացման քարտը ստանալ նախատեսված ժամկետից ավելի շուտ):

Կենսաչափական անձնագիրը, ի տարբերությունում հին նմուշի անձնագրի (երկու անձնագիրն իրարից արտաքին տեսքով գրեթե չեն տարբերվում), պարունակում է կենսաչափական տվյալների էլեկտրոնային պահոց, որում ամրագրվում են օրենքով նախատեսվող տեղեկություններ անձի վերաբերյալ, այդ թվում` քաղաքացու թվայնացված լուսանկարը, ստորագրությունը, աջ և ձախ ցուցամատերի մատնադրոշմները:

Երբ ՀՀ-ում աշխատանքներ էին տարվում կենսաչափական անձնագրերին անցնելու համար, նշվում էր, որ այս անձնագրերի ներդրմամբ նվազեցվում է անձը հաստատող փաստաթղթերի կեղծման հավանականությունը, հնարավոր է դառնում առավել պարզ՝ ավտոմատացված եղանակով իրականացնել անձի նույնականացման գործընթացը, ինչպես նաև մեծացվում է «անցանկալի» անձանց հայտնաբերման հնարավորությունը:

Կենսաչափական անձնագրին անցնելու անհրաժեշտության մասին խոսում են ոլորտի գրեթե բոլոր ներկայացուցիչները: Սակայն ընտրված ուղիները շատերի մոտ հարցեր են առաջացնում:

ՀՀ-ում, օրինակ, դժվար թե կենսաթոշակառուները կարողանան իրենց թույլ տալ ու 25.000 դրամով ձեռք բերել կենսաչափական անձնագիր, երբ մոտ 15 հազար կենսաթոշակառու ստանում է նվազագույն կենսաթոշակ, իսկ նվազագույն կենսաթոշակի շեմը 2019թ. մարտին սահմանվել էր 25.500 դրամ: Դժվար է պատկերացնել նաև, որ ըստ պաշտոնական տվյալների՝ 66.000 դրամ նվազագույն սպառողական զամբյուղ ունեցող երկրում քաղաքացիները հեշտությամբ կգնան կենսաբանական անձնագիր ստանալուն:

Նախագծի ընդունումից հետո կենսաչափական անձնագրի փոխարեն քաղաքացիները կարող են ստանալ հին նմուշի անձնագիր, արդյունքում՝ երկու տարին մեկ թարմացնել այն: Սա նշանակում է, որ հին նմուշի անձնագիր ունեցող քաղաքացին, որի անձնագրի ժամկետը, օրինակ, լրանում է արտերկրում, կա՛մ պետք է վերադառնա Հայաստան՝ անձնագիրը փոխելու համար, կա՛մ պետք է այդ երկրում գտնվող ՀՀ հյուպատոսական ծառայությունում վճարել 65.000 դրամ ու ստանալ նոր անձնագիր:

Տեսանյութեր

Լրահոս