«Թուրքական դեմպինգով Հայաստանը փողախեղդ են անում». Թադևոս Ավետիսյան
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերն օրերս Մոսկվայում հերթական՝ 8-րդ աշխատանքային քննարկումն են անցկացրել, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, նվիրված էր տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցին։
Այս հանդիպումից մեկ օր առաջ էլ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ապաշրջափակման գործընթացում քայլ առաջ են անցել հատկապես երկաթուղու հնարավոր շահագործման հարցում։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թադևոս Ավետիսյանը, անդրադառնալով տարածաշրջանի ապաշրջափակման հարցին, ասաց.
«Իսկ հարց չի՞ առաջանում, թե այդ ո՞ր մի գործարարն է իր բեռներն այդ երկաթգծով տեղափոխելու։ Այդ ո՞ր մի գործարարն է իր միլիոնավոր դոլարների բեռները տեղափոխելու Ադրբեջանի տարածքով, կամ ո՞վ է կատարելու ներդրում այդ ենթակառուցվածքների կառուցման համար։ Պատասխանն ակնհայտ է՝ բնականաբար, Թուրքիան և Ադրբեջանը, իսկ դրա արդյունքում ստացվելու է՝ ով վճարում է, նա էլ երգը պատվիրում է։
Այո՛, ապաշրջափակումը լավ բան է, աշխարհը գնում է ինտեգրման և ազատականացման, բայց այս իշխանությունը հիմա դիմում է մանիպուլյացիաների, որովհետև մենք գործ ունենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնք մեզ դեռ երեկ սպանում էին մեր տարածքներում, մեր գերիներին չեն վերադարձրել ու մեր տարածքներ են ներխուժում անգամ նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթից հետո։ Ես վստահ եմ, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողից Հայաստանը պարտադրանքի տակ է՝ այս ապաշրջափակման գործընթացին հասնելու համար, որովհետև հիմա նրանք ցանկանում են տնտեսական դոմինանտության հասնել և տարածքներ նվաճել արդեն տնտեսական մեթոդներով»,- ասաց պատգամավորը։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մի առիթով ասել էր, թե ճանապարհների ապաշրջափակումը Հայաստանի ՀՆԱ-ի 30 տոկոսի աճի հիմք կարող է դառնալ, հայկական ապրանքներն էլ Թուրքիայում սպառվելու հեռանկար կարող են ունենալ: Ի պատասխան այս դիտարկումներին՝ մեր զրուցակիցը հիշեցրեց մի պարզ վիճակագրություն:
«2010-2019 թվականների 10 տարվա ընթացքում Հայաստանից ընդամենը 13 միլիոն դոլարի ապրանք է գնացել Թուրքիա, իսկ 2.6 միլիարդ դոլարի ներմուծել ենք այդ երկրից։ Մեր արտահանման ծավալներոմ Թուրքիայի մասնաբաժինն ընդամենը կազմում է 0,1 տոկոս։ Ադրբեջանում ջերմոցային արտադրանքը շատ ցածր գին ունի, որովհետև պետության սուբսիդայից բացի, Ադրբեջանը գազ ունի, որը շատ էժանով է տալիս տնտեսվարողներին, ուստի ապրանքն էլ շատ էժան է։ Հիմա հարց՝ արդյոք երբևէ կկարողանա՞ Հայաստանը մրցակցել նրանց հետ այս հարցում, կամ առհասարակ այդ ո՞ր մի հարցում կարող են մրցակցել, հետևաբար, արձանագրում ենք, որ այս իշխանությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ ճանապարհների բացման է գնում բացառապես նավթադոլարներ բերելու հույսով, որովհետև իրենց խնդիրն իրենց իշխանությունը ժամանակավոր պահելն է»,- ասաց Ավետիսյանը։
Ըստ նրա՝ այս իշխանությունն օտարերկրյա ներդրումների ծավալը նման գործողություններով փոխարինում է թուրքական և ադրբեջանական ներդրումներով:
«Հայաստանի տնտեսությունը փողախեղդ են անում թուրքական և ադրբեջանական ներդրումներով։ Ադրբեջանը տարեկան 18 միլիարդ դոլարի նավթ ու գազ է արտահանում և մեկ տարվա իր զուտ արտահանումն այնքան է, որքան մեր օտարերկրյա ուղղակի ներդրումները մի քանի տարվա կտրվածքով, հետևաբար՝ Ադրբեջանի մեկ տարվա ներդրումները բավարար են լինելու, որ մեր գործարարները դառնան թուրքական ծագում ունեցող, իսկ այդ դեպքում Հայաստանի ամբողջ տնտեսական համակարգը պարալիզացվելու է։ Մենք չենք ունենալու արտահանում և դառնալու ենք ներմուծող կցորդ երկիրը»,- ասաց Ավետիսյանը՝ այս տարվա համար միլիարդավոր ներդրումներ խոստացած Վահան Քերոբյանի համար էլ ևս մեկ վիճակագրական տվյալ հրապարակելով։
«Տարին վերջանում է, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը 85 միլիոն դոլար է. բա 85 միլիոնն ուր, տնտեսության պատասխանատուի ասած միլիարդավոր դոլարների ներդրումներն ուր,- ասաց Ավետիսյանը՝ հավելելով,- Թուրքական դեմպինգով Հայաստանի տնտեսությունը վերացնում են, բա այդ դեպքում մենք ի՞նչ ենք արտահանելու։ Մենք տնտեսությունը հյուծված է։ Սրան զուգահեռ՝ կա Թուրքիա և Ադրբեջան, որոնց նպատակը ոչ թե Հայաստանի տնտեսության վիճակը լավացնելն է, այլ՝ վերացնելը»,- ընդգծեց պատգամավորը։
Անդրադառնալով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի մեկ այլ դիտարկմանը, թե գնաճը խժռում է մարդկանց եկամուտները, և այն զսպելու համար Կենտրոնական բանկը պետք է իր գործիքներն օգտագործի, Թադևոս Ավետիսյանը նախ նշեց, որ ԿԲ-ն պրոֆեսիոնալ է օգտագործում իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները և անում է այն, ինչ կարող է: Պատգամավորի գնահատմամբ՝ գործ ունենք հայտնի քաղաքականության հետ, երբ իրենք որևէ մեղավորություն չունեն, ուրիշներն են մեղավոր։
«Էլ ի՞նչ անի ԿԲ-ն, որ մեր տնտեսությունը շարունակաբար հյուծվում է. վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց, հո չի՞ բռնելու մեր ողջ պահուստները վաճառի, ինչ է թե՝ սրանք ապաշնորհ են։ Մի քիչ էլ փողը թանկացնեն, էլ ընդհանրապես ներդրում չի լինի։ Թող շնորհակալ լինեն ԿԲ-ին, որ փոխարժեքը կարողանում են պահել»,- ասաց պատգամավորը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում