«Մենք մինչ օրս չենք կարողանում ունենալ Pfizer պատվաստանյութը, որովհետև անհրաժեշտ սառնարանային համակարգ չկա». Արամ Վարդևանյան
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց, թե տպավորություն ունի, որ պետական պաշտոնյաները կորոնավիրուսի, դրա դեմ պատվաստումների կամ ՊՇՌ թեստ հանձնելու, ինչպես նաև առողջապահության նախարարի հայտնի հրամանի վերաբերյալ իրենց հայտարարություններով նաև ՍԴ-ին են որոշակի ազդակներ տալիս կամ ճնշման փորձեր կատարում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի ընդունած և հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած հրամանը, որով աշխատողների վրա դրվում է պարտականություն աշխատանքի ներկայանալիս գործատուին ներկայացնել պատվաստված լինելու տեղեկանք, կամ 14 օրը մեկ հանձնված ՊՇՌ թեստի բացասական պատասխանը, կամ էլ բժշկի տեղեկանք՝ հավաստող՝ որ իրենց պատվաստվելը հակացուցված է: Դիմումի հետ նաև խմբակցությունը միջնորդել էր կասեցնել նախարարի հրամանը՝ մինչև գործի դատաքննության ավարտը: ՍԴ-ն դիմումը վարույթ ընդունել-չընդունելու վերաբերյալ որոշում կայացնելու համար ունի 30 օր ժամանակ:
Վարդևանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ, իր բնորոշմամբ՝ պատվաստման վատ պատկերի սլաքները դեպի ընդդիմությունը թեքելուն իշխանության ջանքերին ու գործողություններին: Պատգամավորը նշեց, որ իրենց խմբակցությունը պատվաստումներին դեմ չէ, ու փաստեց նաև, որ իշխանությունը հանրության հետ հաղորդակցվելու սխալ մեխանիզմ է ընտրել, և հենց դա է խնդիրը:
«Իմանալով, որ մեր հայրենակիցներն ունեն սոցիալ-տնտեսական բարդ պայմաններ, նորմալ չէ, որ մի հատ էլ իրենց փաստացի հարկադրես, որ «կա՛մ գնա քո աշխատավարձի մի ստվար զանգվածը տուր ՊՇՌ հետազոտման համար, կա՛մ դե ուրեմն որպես այլընտրանք՝ գնա և պատվաստվիր»: Սա դառնում է հարկադրանք: Ես ինքս, նաև «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն տարածել էր դրա վերաբերյալ, մենք կողմ ենք պատվաստմանը: Այո, պատվաստումն այսօրվա դրությամբ, կարելի է ասել, միակ միջոցն է կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի: Այն որոշակի բարդություններ և այլն, իհարկե, ունի, բայց համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այսօր ճիշտը պատվաստվելն է:
Բայց հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ խաղաղության օրակարգ ձևավորելու, թշնամուն թշնամի չասելու մանդատ ստացած իշխանությունը չի կարողանում այդ նույն վստահությունը վայելել հանրության մոտ պատվաստվելու հետ կապված հարցում: Ես կարող եմ դրանով, օրինակ, ասել, որ, իհարկե, այն վստահության մակարդակը, որն իրենք միշտ փորձում են ներկայացնել, չունեն…
Երկրորդն այն է, որ կոմունիկացիոն ճիշտ ռազմավարություն չկա հանրության հետ: Պետք է հանրությանը ներկայացնել՝ ինչի՞ համար է կարևոր պատվաստվելը, ի՞նչն է անհրաժեշտ, որպեսզի կատարվի պատվաստումը… Մենք պատվաստմանը դեմ չենք, հակառակը՝ կողմ ենք: Ուղղակի նույն պատվաստվելը պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված որոշումը: Չի կարող լինել հարկադրանքի լեզվով նման տեսակ հարցերում արդյունավետ ճանապարհ»,- ընդգծեց պատգամավորը:
Ըստ Վարդևանյանի՝ իշխանությունը պետք է մարդկանց համոզի, պետք է ճիշտ խոսի մարդկանց հետ, ոչ թե փորձի գնալ հարկադրանքի ճանապարհով: Եվ պատգամավորն առաջարկում է ուշադրություն դարձնել կառավարության, Առողջապահության նախարարության գործունեությանը: Վարդևանյանի փոխանցմամբ՝ «մենք մինչ օրս չենք կարողանում ունենալ Pfizer (Ֆայզեր) պատվաստանյութը, որովհետև անհրաժեշտ սառնարանային համակարգ չկա», ինչը, ըստ նրա, վստահաբար հնարավոր էր այս ամիսների ըթնացքում ապահովել, կամ էլ, ինչպես պատգամավորն է առաջարկում, կարելի էր պարգևավճարների գումարն ուղղել նոր հիվանդանոց կառուցելուն, որպեսզի Քովիդով այն վարակակիրները, որոնք ունեն ստացիոնար բուժման կարիք, կարողանան ստանալ այդ բուժումը:
Արդեն տեղեկացրել ենք, որ կառավարությունը շրջանառության մեջ է դրել Աշխատանքային օրենքսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որի համաձայն՝ մասնավոր ոլորտում ևս գործատուն իրավունք կունենա աշխատակցին չթողնել աշխատանքի, չվճարել նրա աշխատավարձը, եթե աշխատակիցը չի ներկայացնում պատվաստված լինելու մասին տեղեկանք, ՊՇՌ թեստի բացասական արդյունք կամ պատվաստման հակացուցման մասին տեղեկանք, ապա նաև միակողմանի լուծել աշխատանքային պայմանագիրը: Անդրադառնալոսվ այս հարցին՝ պատգամավորը նշեց.
«Կա մի ելակետ՝ աշխատանքային իրավահարաբերություններում չի կարող գործատու-աշխատող բալանսը խախտվել: Այդ բալանսից մեկն է նաև, որ գործատուն չի կարող տեխնիկական պատճառով անձին աշխատանքից ազատել: Գործատուն կարող է ներկայացնել պահանջներ, որոնք ներկայացված են օրենքով: Այն, որ իրենք փորձելու են Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ անել, դա իրենից ենթադրում է ավելի օրինական ճանապարհ, քան ինչ-որ մի հրամանով մի կարգավորում անելը: Ի վերջո՝ եթե մենք խոսում ենք իրավունքների սահմանափակման մասին, այն չի կարող երբեք լինել ինչ-որ հրամանով, այն պետք է լինի օրենքով»,- շեշտեց Արամ Վարդևանյանը: