«Պետք է պատվաստումը գնա առաջ». Փաշինյանի հրահանգի իրականացման հետքերով

Կառավարության ներկայացուցիչները հլու-հնազանդ ամեն բան անում են Նիկոլ Փաշինյանի հրահանգներն ի կատար ածելու համար: Այս անգամ խոսքը՝ Կառավարության հոկտեմբերի 7-ի նիստում Փաշինյանի՝ բարկության ու տված հրահանգի մասին է, այլ կերպ ասած՝ բոլոր հնարավոր ու անհնար գործողություններով հանրության մեծ շերտին դրդելու, պարտադրելու պատվաստվել կորոնավիրուսի դեմ:

«Կա հստակ պետության պարտավորություն, վարչական լծակաները գործադրեք, պետք է պատվաստումը գնա առաջ: Եվ, կներեք, ես ԱՆ-ից չեմ ուզում լսել բողոք, որ խանգարում են պատվաստման գործընթացներին. պետությունն ունի իր բոլոր լծակները՝ ընդունել անհրաժեշտ իրավական ակտեր, եթե անհրաժեշտ է՝ ընդունել օրենքներ և իրականացնել պատվաստման գործընթացը»,-ասել  էր Նիկոլ Փաշինյանը:

Առողջապահության նախարարի՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանը, կարծես, կառավարության համար անհրաժեշտ արդյունքը չի տվել ու այժմ գործի է անցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Իսկ նախարար Ավանեսյանի հրամանով՝ աշխատակիցները պետք է գործատուին ներկայացնեն պատվաստված լինելու մասին տեղեկանք, կամ 14 օրը մեկ հանձնված ՊՇՌ թեստի բացասական պատասխանով սերտիֆիկատ, կամ էլ բժշկի տրամադրած տեղեկանք, որ տվյալ անձին պատվաստվելը հակացուցված է:

ԱՍՀ նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրել ««Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության Մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնցով գործատուները հնարավորություն են ստանում լուծել աշխատանքային պայմանագիրն աշխատողի հետ, եթե աշխատողը չի ներկայացնում COVID-19-ի դեմ պատվաստված լինելու տեղեկանքը կամ 14 օրը մեկ հանձնված ՊՇՌ թեստի բացասական պատասխանը:

Հատկանշական է՝ երբ հայտնի դարձավ առողջապահության նախարարի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանի մասին, հանրության մեծամասնության արձագանքը բացասական էր: Շատերը նշում էին, որ իրենց տպավորությամբ՝ իշխանությունը փորձում է քաղաքացիներին ստիպել, որպեսզի պատվաստվեն: Այդ ընթացքում որոշ իրավաբաններ նաև բարձրացնում էին այն հարցը, թե մասնավոր ոլորտում, եթե աշխատակիցը չցանկանա ներկայացնել հիշյալ տեղեկանքներից որևէ մեկը՝ բժշկական գաղտնիք լինելով պայմանավորված, ապա գործատուն ոչինչ անել չի կարողանա (հանրային ոլորտում հիշյալ փաստաթղթերը 30 օր չներկայացնելու դեպքում աշխատակիցն աշխատանքից ազատվում է): Արդյունքում, իշխանությունը կարծես այդ հարցը կարգավորելու մեկ այլ մեխանիզմ է փորձում որդեգրել:

Նախագծի համաձայն՝ գործատուն իրավունք կունենա աշխատակցին չթողնել աշխատանքի, չվճարել նրա աշխատավարձը, եթե աշխատակիցը չի ներկայացնում պատվաստված լինելու մասին տեղեկանք, ՊՇՌ թեստի բացասական արդյունք կամ պատվաստման հակացուցման մասին տեղեկանք:
Եթե 30 օր անընդմեջ կամ վերջին 12 ամսում 50 օր աշխատողին այս հիմքով չթույլատրվի աշխատել, ապա գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը: Գործատուին նաև իրավունք է տրվում աշխատանքային պայմանագիրը լուծել՝ առանց աշխատողին ծանուցելու:

Ու այս փոփոխությունը կատարվում է այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի դեմ պատվաստումն անվճար է, թեստավորումը՝ վճարովի (նախկին 15-20 հազարի փոխարեն՝ այսօր COVID-19-ի թեստ կարելի է հանձնել 7-10 հազար դրամով՝ կախված թեստավորման հայտ ներկայացնողների թվից): Ու սա՝ այն դեպքում, երբ Առողջապահության նախարարության պաշտոնական պատասխանի համաձայն՝ ՊՇՌ թեստերը ձեռք են բերվում 1050-3000 ՀՀ դրամով :

 

 

Տեսանյութեր

Լրահոս