Բառադիզմի հայկական առանձնահատկությունները
Հայաստանի գործող իշխանության դավանած միակ սկզբունքը որևէ սկզբունքի բացակայությունն է։ Ժողովրդավարության մասին դեկլարատիվ հայտարարությունների քողի տակ Հայաստանում գրեթե ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ամբողջությամբ հակասում են ժողովրդավարության անգամ ամենատարրական նորմերին։ Մութ գործարքների արդյունքում Կառավարությունը դառնում է երկրի ամենախոշոր հանքարդյունաբերող ընկերություններից մեկի բաժնետերը՝ դա ներկայացնելով՝ որպես «ժողովրդի սեփականություն»։
«Ժողովուրդը» գուցե ծափահարում է այդ պոպուլիստական քայլին, այն դեպքում, երբ այն ամբողջությամբ հակասում է տնտեսական ժողովրդավարության՝ ազատ շուկայական հարաբերությունների բոլոր կանոններին։ Ընդ որում, այդ ընկերության սեփականատեր դարձած կառավարության ղեկավարը «հույս է հայտնում», որ կառավարության բաժնեմասը կշարունակի աճել։
Այսինքն՝ հենց այնպես, «ոտքի վրա» ջախջախվում է ժողովրդավարության տնտեսական հենքը՝ ազատ շուկայական հարաբերությունները, մասնավոր սեփականության ինստիտուտի անձեռնմխելիությունը, բայց դա մի տեսակ համարվում է նորմալ, հնչում են մի քանի քննադատություններ, իսկ տասնամյակներ շարունակ Հայաստանում տնտեսական բարեփոխումների ու ինստիտուցիոնալ ազատությունների ջատագով միջազգային կառույցները պահպանում են լեթարգիական լռություն։ Ինչպես որ արձագանքի չի արժանանում իրողությունը, որ երկրի ղեկավարը կառավարության նիստում մարդկանց կալանավորելու ցուցումներ է տալիս՝ ոչնչացնելով իշխանության թևերի տարանջատման, դատական իշխանության անկախության՝ ժողովրդավարության սրբության սրբոց համարվող սկզբունքները։
Այս պայմաններում քաղաքացիներին սոցցանցերում վիրավորանք գրելու համար քրեորեն հետապնդելը կամ բարձրախոսով անհնազանդության ակցիա անցկացնելու պատճառով բերման ենթարկելն արդեն համարվում է նորմալ ու օրինաչափ։ Եվ կրկին քար լռություն բոլոր ներքին ու արտաքին այն կազմակերպությունների կողմից, որոնք տասնամյակներ շարունակ աղմուկ են բարձրացրել ժողովրդավարության որևէ նորմի անգամ ամենաաննշան խախտման դեպքում։
Հայաստանի քաղաքական համակարգը ու որպես դրա հետևանք՝ նաև տնտեսության կառուցվածքը դեֆորմացվում ու դեգրադացվում է գրեթե օնլայն ռեժիմում, և դա լայն իմաստով չի մտահոգում որևէ մեկին ո՛չ ներսում, ո՛չ էլ դրսում։
Ժողովրդավարությունն ու տնտեսական ազատությունները ոչնչացնող իշխանությունների այս արշավանքների նկատմամբ համընդհանուր լոյալությունը Նիկոլ Փաշինյանին քաջալերում է էլ ավելի հեռուն գնալ պետության ու հասարակության դեմ ուղղված իր գործողություններում։
Բայց հանուն արդարության պետք է արձանագրել, որ այս հարցում նա ազնիվ է․ դեռևս իշխանության գալուց առաջ հայտարարել է, որ չի դավանում որևէ «իզմ»-ի և այսօր լավագույնս ցույց է տալիս իր անդավանությունը՝ շաբաթվա կենտ օրերին հանդես գալով՝ որպես ազատական, զույգ օրերին՝ որպես սոցիալիստ, իսկ ուիքենդներն անցկացնում է բռնապետական նախավարժանքներով։ Կարևորը, որ իր նշած «ժողովրդին» դա դուր է գալիս։
Հարություն Ավետիսյան