Մենք չենք իմանա շատ բան, եթե չունենք ցանկություն դիմացինի աչքերով նայել աշխարհին…
Մենք միշտ մտածում ենք, ապրենք այնպես, որպեսզի շրջապատը միայն դրականը տեսնի ու վերցնի մեզանից:
Այո՛, շրջապատը երբեմն շատ մեծ ազդեցություն է ունենում անձի վրա. փոխում է մտածելակերպը, աշխարհընկալումը, իրերին ու երևույթներին այլ կերպ նայելու կարողությունը: Այս նույն շրջապատը կարող է մեր կյանքում ունենալ և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն, նույնը մենք կարող ենք ունենալ շրջապատի վրա: Բայց մեր գլխավոր խնդիրն է՝ ցանկացած շփումից վերցնել միայն դրականն ու նույն կերպ լինել այդ էմոցիաների փոխանցողը:
Աշխարհում ամենաթանկ բանը ընկերներն են ու նրանց հետ անցկացրած ամեն վայրկյանը: Իհարկե, մենք չենք կարող բոլորին ընդունել որպես հարազատ ընկեր, բայց դա չի խանգարում մնացածների հետ շփման ընթացքում լինել նույնքան ջերմ ու անկեղծ, ինչպես հարազատ ընկերների հետ շփվելուց ենք: Ի վերջո ամեն մի նոր ընկերություն կամ պարզապես շփում փոխում է մեր կյանքը ու մտածելակերպը:
Որքան շատ ենք մտերմանում մեր ընկերների հետ, այնքան ավելի շատ ենք տեսնում նրանց սխալները։ Մեր ընկերները կատարյալ չեն, ինչպես և մենք կատարյալ չենք։ Դրա համար երբեք չպետք է կատարելություն սպասենք նրանցից, այլ պետք է թանկ գնահատենք նրանց լավ ու վատ հատկությունները:
Ու այստեղ շատ տեղին է հիշել «Բարի սամարացու» առակը: Մի օրենսգետ Հիսուսին փորձելով ասաց. «Վարդապետ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»: Հիսուսը նրան պատասխանեց . «Ի՞նչ է գրված օրենքի մեջ»:
Օրենսգետը պատասխանեց. «Քո Տեր Աստծուն սիրիր ամրողջ հոգով, ամրողջ սրտով, ամրողջ ուժով ու ամբողջ մտքով: Եվ քո ընկերոջը սիրիր քո անձի պես»:
Հիսուսը նրան ասաց. «Դու ճիշտ պատասխանեցիր: Եթե այդպես վարվես, կապրես»: Եվ օրենսգետը հարցրեց. «Ո՞վ է իմ ընկերը»: Հիսուսը նրան մի առակ պատմեց բարի սամարացու մասին: Առակի մեջ սամարացին միակն է երեք անցորդների մեջ, ով նկատում է մահամերձ մարդուն և շտապում օգնության․ հիվանդին օգնության հասավ օտարը՝ Սամարացին։ Պարզ ճշմարտություն է, երբ որևէ մեկին բարիք ես գործում, դառնում է քո բարեկամը։
Իրական բարեկամությունը ենթադրում է գիտակցված վերապրում դիմացինի դժվարութունների ու արարքների. երբ բացահայտում ես աշխարհը դիմացինի հետ միասին, սա ընկերության կարևոր պայմանն է: Կարծում եմ բարդ չէ հասկանալ, որ երբ մարդ որևէ վատ արարք է գործում, այն ունի նեքին ու խորը պատճառներ, որոնք ոչ թե պետք է արդարացնել, այլ հասկանալ: Ֆրանսիական մի ասացվածք կա. «Իմանալ ամեն բան, նշանակում է ներել ամեն ինչ»: Մենք չենք իմանա շատ բան, եթե չունենք ցանկություն դիմացինի աչքերով նայել աշխարհին: Քրիստոս էլ նույն բանը արեց: Նա մտավ մեր կյանք, աշխարհին ու կյանքին նայեց մեր աչքերով:
Անկեղծ ընկերությունը մեզ հեռու է պահում կեղծ բարությունից: Երբ բարություն ենք գործում բարի երևալու համար ու այդ դեպքում հաշվի չենք առնում՝ այն դիմացինին պետք է թե ոչ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին