Թարգե՛ք մատ թափ տալով երկիր կառավարելու փորձերը. դա հասել է մինչև ամենավերջին հարկային աշխատողը. Աշոտ Բարսեղյան
Կառավարության՝ հոկտեմբերի 7-ի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր զայրույթն ու դժգոհությունն էր հայտնել պատվաստման թվերի ցուցանիշների առնչությամբ և ընդգծել, որ պետական կառավարման համակարգում պետք է չլինի չպատվաստված մարդ։
«Անձամբ, բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար: Հերիք է բողոքենք, ամբողջ աշխարհում էլ այդ նույն բանը կա, ամեն տեղ մի քանի հոգի հավաքվում են՝ հակապատվաստումային շարժում են անում: Հիմա էլ ասում են՝ կառավարությունը թունավորում է անում: Այլևս, հատկապես՝ կառավարության նիստում, ինչ-որ արդարացումներ չլսեմ, որ ինչ-որ մարդիկ խանգարում են: Ոչ մեկը չի կարող մեզ խանգարել: Գնացեք և ձեր առաջ դրված խնդիրները լուծեք»,- ընդհատելով իրեն կորոնավիրուսի համավարակի վիճակի մասին զեկուցող Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ շեշտել էր Փաշինյանը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, գործարար Աշոտ Բարսեղյանն անդրադառնալով պատվաստելու վերաբերյալ իշխանության կիրառվող պարտադրանքի մեթոդներին, շեշտեց՝ հանրությանը մատչելի և հավաստի տեղեկություն մատուցելու հարցում այս իշխանությունն այնպես է տապալել աշխատանքները, Փաշինյանն ու Արսեն Թորոսյանն այնպես են ծաղրել այս կորոնավիրուսի համավարակը ու դրա տարածումը, որ հիմա ստիպված են մարդկանց վախեցնել տուգանքներով։
«Այդ պարտադրանքի հետևանքներով գործարարները հայտնվել են երկու քարի արանքում՝ չեն կարող իրենց աշխատողներին պարտադրել պատվաստվել, որովհետև իրավական որևէ փոփոխություն չի կատարվել որևէ ակտում։ Պետք է թարգել մատ թափ տալով երկիր կառավարելու նման փորձերը, իսկ այդ արատավոր պրակտիկան գնում և հասնում է մինչև վերջին հարկային աշխատողը, որոնց թվում է, թե մատ թափ տալով կարող են գործարարների վրա հարկային պարտավորություններ ավելացնել»,- ասաց Բարսեղյանը՝ նշելով, որ չի՛ կարելի նման պարտադրանքի գնալ ընդամենը միայն Առողջապահության նախարարի հրամանով, ուստի գործարարներին խնդիրների առաջ չկանգնեցնելու համար պետք է նախքան մատ թափ տալն օրենքներում փոփոխություններ կատարել, ինչը, սակայն, չի արվել։
Բարսեղյանն իշխանությանը կոչ արեց մատ թափ տալ այն գործարարների վրա, որոնք չգիտես ինչ-ինչ համաձայնությունների արդյունքում զբաղվել են, չգիտես ինչո՞ւ, հիմա 7000 դրամ արժեցող թեստավորումը քաղաքացիների վրա 12-20 հազար դրամով վաճառելով։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում