Փախո՞ւստ, թե՞ անտարբերություն
Օրերս Վիեննայում ավստրիական ուղեղային կենտրոններից մեկի հրավերով՝ կայացել է փակ քննարկում՝ նվիրված Արցախյան հակամարտության կարգավորմանը: Այդ քննարկման մասնակիցներն են եղել Ավստրիայի Պաշտպանության, Արտաքին գործերի աշխատակիցները, ինչպես նաև ԵԱՀԿ-ի, Եվրամիության փորձագետներն ու պաշտոնյաները:
Քննարկմանը մասնակցել են նաև ադրբեջանական պատվիրակության պատգամավորները, մասնավորապես, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչ Թուրալ Գյանջալիևը և այլք:
Քննարկմանը հայկական կողմի դիրքորոշումները ներկայացրել են բացառապես ընդդիմադիր արտախորհրդարանական գործիչները, ովքեր ունեն դիվանագիտական մեծ փորձ, բայց չեն ներկայացնում ՀՀ իշխանության, տվյալ դեպքում՝ Խորհրդարանի մոտեցումները:
Հայկական պատվիրակության կազմում Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ներկայացված էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և Կարեն Ավագյանի մասնակցությամբ, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացնում էր նրա առաջնորդ Էդմոն Մարուքյանը:
Է. Մարուքյանն այդ կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Քննարկմանը մասնակցում էին նաև ԵԱՀԿ, ԵՄ ներկայացուցիչներ, դեսպաններ, Ավստրիայի ՊՆ, ԱԳՆ և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ: Քննարկումն անցավ «Չաթմ Հաուս» (Chatham House) կանոններով, և բնականաբար, մանրամասներ հայտնել չեմ կարող: Սակայն կարող եք վստահ լինել, որ հայկական կողմի տեսակետները մեր կողմից լիարժեք ներկայացվել և պաշտպանվել են, ինչպես նաև համարժեք արձագանքվել է դիմացի կողմի փաստարկներին»։
Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԱԺ խմբակցությունից որևէ մեկը չի մասնակցել այս քննարկմանը, որը, ի դեպ, արդեն թվով երկրորդն է եղել, և փաստորեն արդեն 2-րդ անգամ անընդմեջ Հայաստանի հեղափոխական իշխանությունները պատերազմից հետո կարծես թե հրաժարվում են առերեսվել թե՛ սեփական ընդդիմության, թե՛, ինչն ավելի կարևոր է, ադրբեջանական պատգամավորների հետ:
Մեր տեղեկություններով՝ թեպետ ադրբեջանական կողմն ավստրիական քննարկմանը ներկայացել է բավականին լավ պատրաստված և իրապես «մարտունակ» կազմով, Հայաստանը ներկայացնող Արմեն Աշոտյանն ու Էդմոն Մարուքյանը, ովքեր միջազգային գործընկերների հետ աշխատելու պատկառելի փորձառություն ունեն, ինչպես նաև Կարեն Ավագյանը շատ հանգամանալից, առարկայական կերպով, թվերով, փաստերով ու հղումներով ներկայացրել են հայկական տեսակետներն ու հակադարձել ադրբեջանական պրոպագանդիստական թեզերին:
168.am-ը տեղեկացավ, որ այս հանդիպումը վերջինը չէ, և նախատեսվում է մինչև տարեվերջ ևս մեկ փակ քննարկում կազմակերպել, որի նյութերն ըստ ամենայնի տրամադրվում են ոչ միայն ավստրիական քաղաքական գործիչներին, այլև Եվրոպական միությանն ու ԵԱՀԿ-ին:
Հենց սրանով են կարևոր նման քննարկումները, որոնց ընթացքում պատրաստված տեղեկանքները, կողմերի ներկայացրած փաստերը, հնարավոր լուծումները դրվում են միջազգային քաղաքական ինստիտուտների սեղաններին:
Փաստորեն, ՀՀ իշխանությունները ռազմական խայտառակ պարտությունից հետո կամ ի վիճակի չեն, կամ չեն ուզում մեր շահերից բխող տեսակետները ներկայացնել նաև դիվանագիտական միջազգային հարթակներում, և այդ բեռը մնում է փորձառու, «հին ու բարի» նախկին խորհրդարանականների վրա: Ամեն դեպքում, ինչպես նշեցինք, արդեն երկրորդ անգամ նրանք հրաժարվում են մասնակցել կոնկրետ այս քննարկմանը:
Անհասկանալի է՝ նման կարևորագույն միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելու իշխանական ուժի մոտիվացիան, դիվանագիտական մարտերից հրաժարվելու մղումը ո՞րն է՝ ներկա ընդդիմության ներկայությամբ խոսելո՞ւց են վախենում, թե՞ ադրբեջանցիներից, որ չեն օգտագործում այդ հարթակում կռիվ տալու իրենց հնարավորությունը:
Մինչդեռ իրենց մասնակցությամբ ու ներկայությամբ ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովի բանաձևը իշխանական պատգամավորները որպես մեծագույն ձեռքբերում էին ներկայացնում, ինչը սակայն, պարզվեց, բավականին սնանկ փաստաթուղթ է՝ բազմաթիվ խնդրահարույց ձևակերպումներով:
Մեր տեղեկություններով՝ հայկական պատվիրակությունը գործել է բավականին ներդաշնակ, և որքան էլ ներհայաստանյան քաղաքական կյանքում հարթ չեն, մասնավորապես, ՀՀԿ-ի ու ԼՀԿ-ի հարաբերությունները, դրսում նրանց հաջողվել է համակարգված, մեր ազգային շահերից բխող, միասնական և փոխլրացնող գործողություններով կռիվ տալ ադրբեջանական հակահայկական տեսակետների մեջ:
Պետական մտածողությունը թերևս հենց դա է, երբ ներսում ունենալով բազմաթիվ խնդիրներ՝ դրսում կուսակցական ահնամաձայնությունները մի կողմ դրած՝ մարդիկ գործում են ի շահ ազգային խնդիրների, մինչդեռ միևնույն ժամանակ իշխանությունը վարում է ջայլամի քաղաքականություն: