Եվ այնուամենայնիվ, ինչո՞ւ է փակվում «Կոշ» ՔԿՀ-ն, և ի՞նչ է լինելու նրա աշխատակիցների հետ
Սեպտեմբերի 20-ին 168.am-ը գրել էր այն մասին, որ խմբագրություն զանգահարած Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչներն ահազանգում են՝ փակվում է «Կոշ» քրեակատարողական հիմնարկը:
«Գյուղի մեծ մասն աշխատում է «Կոշի» գաղութում: Մեզ ասել են, որ երկու ամսից հիմնարկն այլևս չի գործի: Թե ինչ ենք անելու մենք, ոնց ենք մնալու առանց աշխատանքի, լավ չեմ պատկերացնում: Բայց սա միակ խնդիրը չէ, որ անհանգստացնում է գյուղի բնակիչներին»,- ասել էր մեզ զանգահարած անձը՝ հավելելով, որ գյուղում խոսակցություններ են պտտվում, որ «Կոշ» ՔԿՀ-ի փակվելուց հետո այնտեղ ռուս զինվորականներ են տեղակայվելու:
Մեր զրուցակիցն անհանգստացած էր ոչ թե ռուս զինվորականների հնարավոր տեղակայման փաստից, այլ առհասարակ ապագայի նկատմամբ անորոշությունից:
Այս ժամանակ մենք մեջբերումներ էինք կատարել 2019թ. նոյեմբերի 28-ին Կառավարության նիստում հաստատված «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունն ու միջոցառումների ծրագրից, որում քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման փաթեթում «Կոշ» ՔԿՀ-ն ներառված չէր:
Մանրամասն ներկայացրել էինք, թե ո՞ր օպտիմալացվող հինարկի հետ ինչ է նախատեսվում անել:
Պարզելու համար՝ ինչո՞ւ է փակվում «Կոշը», և ի՞նչ է լինելու այդ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ, 168.am-ը հարցեր ուղղեց Արդարադատության նախարարությանը:
Ցանկացել էինք իմանալ՝
1. Ինչո՞ւ է փակվում ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկը, եթե նախապես փակման ենթակա հիմնարկների թվում այն չի եղել: Փակման ի՞նչ ժամկետներ են նշվում: Ո՞ւմ է հանձնվելու հիմնարկի շենքը և ի՞նչ նպատակով:
2. Ի՞նչ է լինելու «Կոշ» ՔԿՀ-ի աշխատակիցների հետ, ինչպե՞ս է լուծվելու նրանց աշխատանքի տեղավորման հարցը:
3. Եթե նշված ՔԿՀ-ն փակվում է դատապարտյալների թվի պակասի պատճառով, ինչո՞ւ է կրճատվել նրանց քանակը, ի՞նչ պայմանների կամ գործոնների ազդեցությամբ:
Ի պատասխան մեր հարցման՝ նախ շատ երկար շարադրանք էինք ստացել այն մասին, թե ինչ էր նախատեսված անել ռազմավարական ծրագրով, ինչը, ի դեպ, մեր նախորդ հրապարակման մեջ մանրամասն ներկայացրել էինք:
«Հատկանշական է, որ կատարված ուսումնասիրությունների և առկա հիմնախնդիրների համատեքստում ներկայումս ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվում են աշխատանքներ՝ քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման պլանի վերանայման ուղղությամբ: Մասնավորապես՝ դիտարկվում է քրեակատարողական հիմնարկների ավելի լայն օպտիմալացման պլան ունենալու հնարավորության հարցը, քան նախատեսված է Ռազմավարությամբ, և, ի թիվս այլնի, դիտարկվում է նաև ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի փակման նպատակահարմարության հարցը»,- նշված էր Արդարադատության նախարարությունից ստացված պատասխանի մեջ:
Հավելել էին նաև, որ քննարկումները դեռևս գտնվում են ընթացիկ փուլում:
Հաջորդիվ մեզ խնդրել էին ընդունել ի գիտություն, որ ցանկացած քրեակատարողական հիմնարկի փակման վերջնական որոշման կայացման հարցում կարևորվում է քրեակատարողական հիմնարկի տեղակայվածությունը, քրեակատարողական հիմնարկի կողմից լուծվող խնդիրների ծավալը, քրեակատարողական հիմնարկի պահպանման նպատակով ծախսվող ռեսուրսների արդյունավետությունն ու հիմնավորվածությունը, քրեակատարողական հիմնարկում պահվող ազատությունից զրկված անձանց և քրեակատարողական ծառայողների թվի հարաբերակցությունը:
«Ըստ էության, տնտեսական արդյունավետության համատեքստում վերոնշյալ չափանիշների վերջնական գնահատումից հետո է միայն որոշվում՝ համապատասխան քրեակատարողական հիմնարկը պե՞տք է շարունակի ծավալել իր գործունեությունը, թե՞ ոչ»,- ասել էին Արդարադատության նախարարությունից:
Ապա հարկ էին համարել նշել, որ ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հետագա գործունեության դադարեցման վերաբերյալ ներկա դրությամբ վերջնական հաստատում առկա չէ, և, որ «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկները ստեղծում, վերակազմակերպում և դրանց գործունեությունը դադարեցնում է ՀՀ կառավարությունը:
Ըստ էության Արդարադատության նախարարությունը մեր ոչ մի հարցին չէր պատասխանել՝ հղում կատարելով այն հանգամանքին, որ «Կոշ» ՔԿՀ-ի փակման վերաբերյալ որոշումը վերջնական չէ, թեպետ քննարկումներ ընթանում են: Սակայն բոլորն են գիտակցում, որ նման հարցերը մեկ օրում չեն որոշվում, և եթե քննարկվում է հիմնարկը փակելու հարցը, ուրեմն նման որոշում, այնուամենայնիվ, կա: Եվ այստեղ բաց է մնում հարցերի հարցը՝ ի՞նչ է լինելու ՔԿՀ ծառայողների հետ, որոնք այս պահին կանգնած են աշխատանքը կորցնելու իրական վտանգի առջև: