Ինչո՞ւ է փակվում «Կոշի» գաղութը

168.am-ի խմբագրություն զանգահարած Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչներն ահազանգում են. փակվում է «Կոշ» քրեակատարողական հիմնարկը:

«Գյուղի մեծ մասն աշխատում է «Կոշի» գաղութում: Մեզ ասել են, որ երկու ամսից հիմնարկն այլևս չի գործի: Թե ինչ ենք անելու մենք, ոնց ենք մնալու առանց աշխատանքի, լավ չեմ պատկերացնում: Բայց սա միակ խնդիրը չէ, որ անհանգստացնում է գյուղի բնակիչներին»,- ասաց մեզ զանգահարած անձը՝ հավելելով, որ գյուղում խոսակցություններ են պտտվում, որ «Կոշ» ՔԿՀ-ի փակվելուց հետո այնտեղ ռուս զինվորականներ են տեղակայվելու:

Մեր զրուցակիցներն անհանգստացած էին ոչ թե ռուս զինվորականների հնարավոր տեղակայման փաստից, այլ առհասարակ ապագայի նկատմամբ անորոշությունից: Ինչևէ, մենք տեղեկացանք, որ իրականում «Կոշում» ճամպրուկային տրամադրություններ են. դատապարտյալների թիվը բավականին քիչ է, թվով մոտ 6 տասնյակի չափ, և ինչպես ՔԿ հիմնարկում են կատակում, աշխատակիցներն ավելի շատ են, քան ազատազրկված անձինք:

Ենթադրաբար, ելնելով «Կոշ» ՔԿՀ-ի տիպային առանձնահատկությունից, քանի որ այնտեղ հիմնականում պահվում են կիսաբաց ռեժիմով իրենց պատիժը կրող դատապարտյալներ, նրանք կտեղափոխվեն «Սևան» քրեակատարողական հիմնարկ, որը ևս կիսաբաց ռեժիմի հիմնարկ է համարվում:

Ինչևէ, մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ ծրագրի շրջանակում է փակվում «Կոշ» քրեակատարողական հիմնարկը:

2019թ. նոյեմբերի 28-ին Կառավարության նիստում հաստատվեց «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը:

Ի թիվս այլ ծրագրերի՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի տեղեկացմամբ, պահման պայմանների բարելավման և քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման շրջանակներում նախատեսվում էր՝

Փակել «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները և Երևան քաղաքի տարածքում (Սիլիկյան թաղամասում) կառուցել շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ:

Փակել «Գորիս» քրեակատարողական հիմնարկը և կառուցել 350 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ (նախագիծն արդեն առկա է, նախատեսվում է հիմնարկը կառուցել Խնձորեսկում):

«Երևան-Կենտրոն»  քրեակատարողական հիմնարկը Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից տեղափոխել նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի մասնաշենք:

Փակել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկը և «Սևան» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում կառուցել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի համար սահմանված լրակազմով՝ փակ, կիսափակ ռեժիմների և կալանավորվածների պահելու վայր, այդ թվում՝ կալանք պատժատեսակի համար նախատեսված մասնաշենք:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ապահովել օդափոխության համակարգ, ստեղծել կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար անհրաժեշտ պահման պայմաններ, ինչպես նաև զարգացնել բժշկական ստացիոնարի կարողությունները: Ռազմավարության ծրագրի ժամկետի ուղիղ կեսին ենք հասել, և պետք է արձանագրել, որ վերը նշված օպտիմալացման աշխատանքները չեն կատարվել, և նշված ՔԿՀ-ները ինչպես գործում էին նախկինում, այնպես էլ գործում են հիմա:

Թեպետ Քրեակատարողական ծառայությունում մասնավորապես «Նուբարաշեն» ՔԿՀ-ի չփակելը և նոր հիմնարկ չկառուցելը պայմանավորել էին նախ կորոնավիրուսային հիվանդության տարածման, իսկ այնուհետև նաև Արցախի Հանրապետությունում ծավալվող պատերազմական գործողությունների հանգամանքով ու նշել, որ հենց դրա հետևանքով է հիշյալ ռազմավարական ծրագրի իրագործումը ժամանակավորապես առկախվել, փաստ է մի բան. ծրագրի կատարումը ձախողվել է, և գեղեցիկ բառերով ձևակերպված ռազմավարական ծրագիրը հերթական պոպուլիստական հայտարարությունն էր, որ մնաց թղթի վրա: Այդ ամենով հանդերձ, տարակուսելի է, թե ինչո՞ւ է փակվում մի քրեակատարողական հիմնարկ, որի փակումն անգամ ռազմավարական ծրագրով նախատեսված չէ: Առաջիկայում մենք կփորձենք այդ հարցի պատասխանը ստանալ Արդարադատության նախարարությունից:

Տեսանյութեր

Լրահոս