Կառավարման ակադեմիայի քաղաքական ազատումները. ովքե՞ր են հերթում

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի (ՊԿԱ) ռեկտորի նորընծա ժամանակավոր պաշտոնակատար Խաչատուր Ղազեյանը իսկական ջարդ է սկսել ակադեմիայում. պայմանագրերը չեն երկարաձգվում ակադեմիայի՝ ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող դասախոսների հետ:

Այս մասին արդեն իսկ հայտարարել են ՀՀԿ-ականններ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը և Հայկ Մամիջանյանը, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը: Վերջիններս նաև Ազգային ժողովի պատգամավորներ են:

Ակադեմիայում, սակայն, համաձայն չեն այն գնահատականի հետ, որ հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների հետ չեն երկարացվում պայմանագրերը:

«Դրանում ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա, զուտ ուսումնական գործընթացով է պայմանավորված, ողջ հանրապետությունում դիմորդների թվի նվազմամբ: ՀՀ ՊԿԱ-ն էլ բացառություն չէ: Եթե այդ պնդումը ճիշտ լիներ, մնացածներին էլ կվերաբերեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կառավարման ակադեմիայի ղեկավար կազմի ներկայացուցիչ, գիտաուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գոռ Չատինյանը. ռեկտորի ժ/պ-ի հետ կապ հաստատել չէր հաջողվել:

Մեր ճշտող հարցին՝ «մնացածներին» ասելով՝ ո՞ւմ նկատի ունի, վերջինս պատասխանեց՝ օրինակ, Խոսրով Հարությունյանին, Մանվել Բադալյանին, Հրանուշ Հակոբյանին:

«Անմիջապես ծանոթացել եմ Արթուր Խաչատրյանի գրառմանը, թե իբր նախօրոք դասացուցակ է քննարկվել, և ինքը  օգոստոսի վերջին տեղեկացել է, որ նոր պայմանագիր չի կնքվելու: Ճշմարտության համար ասեմ, որ ուսումնական գործընթացը շարունակական է, և նոր ուսումնական տարին սկսվում է ուսումնական պլանների և առարկաների հաստատմամբ ու դասացուցակի կազմմամբ: Դրանից հետո նոր կազմակերպվում է ընդունելություն, որն այս տարի նախորդների համեմատությամբ կրճատվել է շուրջ 50%-ով: Նախօրոք հնարավոր չէ կանխատեսել, Ակադեմիան բակալավրիատ չունի: Այդ պատճառով խմբեր, անգամ կրթական ծրագրեր չեն կայացել: Հաջորդ տարիներին ու ժամերի ավելացման դեպքում մեր գործընկերներին նորից կառաջարկվի մեզ մոտ դասավանդել»,- ասաց Գոռ Չատինյանը:

Պրոռեկտորի խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում նաև այն լուրերը, թե ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացնում է Գյուղատնտեսական ակադեմիան:

«Մեր Ակադեմիայի շրջանավարտն է և շուրջ 10 տարի աշխատել է Ուսումնամեթոդական վարչությունում, վերջում՝ որպես Մագիստրատուրայի բաժնի ղեկավար: Ուսումնական գործընթացին արտակարգ տիրապետում է: Իսկ Գյուղակադեմիայում դասավանդում է համատեղության կարգով»,- ասաց Գոռ Չատինյանը:

Վերջինս, ի դեպ, ով ՊԿԱ-ում պաշտոնավարում է դեռևս նախկին ռեկտոր Արսեն Լոքյանի ժամանակներից, իր պաշտոնավարման շարունակման համար վտանգ չի տեսնում:

Այլ հարցերի նա չպատասխանեց:

Բայց որքան էլ պրոռեկտորը իրավիճակը ներկայացրեց խաղաղ լույսի ներքո, Կառավարման ակադեմիային մոտ կանգնած 168.am-ի աղբյուրները բոլորովին այլ պատկերի մասին են խոսում:

Ըստ մեր տեղեկությունների՝ ակադեմիայի ռեկտորի ժ/պ-ն ցուցում ու հրահանգ ունի՝ ինչ գնով էլ լինի, ազատվել ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներից:

«Իսկ հրահանգն անձամբ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից (ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար,- Ա.Վ.) է գալիս, ում հովանավորությունը լիակատար կերպով վայելում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Խաչատուր Ղազեյանը: Մեզ ասացին՝ հաջորդիվ հերթը կհասնի հենց վերը հիշատակված Խոսրով Հարությունյանին, Հրանուշ Հակոբյանին, Մանվել Բադալյանին ու Մարգարիտա Ազարյանին:

«Ենթադրաբար Մարգարիտա Ազարյանը նշված անձանցից առաջինը կլքի Կառավարման ակադեմիան: Ակադեմիայի ղեկավարությունն ամեն ինչ անում է հնարավորինս արագ նրանից ազատվելու համար»,- ասաց մեր աղբյուրը:

Հիշեցնենք՝ Մարգարիտա Ազարյանը Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, ներկայումս ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի մայրն է, ով երկար տարիներ ղեկավար պաշտոն է զբաղեցրել նախագահի աշխատակազմում, ապա աշխատել է նաև Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում:

Եվ պնդումները, թե պայմանագրերի չերկարաձգումները քաղաքական ենթատեքստեր չունեն, առնվազն միամտություն է:

Տեսանյութեր

Լրահոս