Փոփոխություն կա միայն անխտիր բոլորին տուգանելու, վարորդների հետ շփվելու առումով. Վարորդների իրավունքների պաշտպանները՝ պարեկային ծառայության մասին
2021 թվականի հուլիսի 7-ին Երևանում իր աշխատանքները սկսեց նոր Պարեկային ծառայությունը։ Մինչև 2023 թվականի առաջին եռամսյակը նոր Պարեկային ծառայությունը կգործարկվի Հանրապետության ամբողջ տարածքում։
Հասարակության հետ կապն ավելի հեշտացնելու և Պարեկային ծառայության արդյունավետությունն ապահովելու համար գործում է անհրաժեշտ տեխնիկական և ծրագրային ապահովմամբ միասնական Օպերատիվ կառավարման կենտրոն, որը գործում է 1-02 հեռախոսահամարով և հասանելի է 24 ժամ՝ շաբաթվա բոլոր օրերին։
Պարեկային ծառայությունը միտված է հասարակության հետ ձեռք ձեռքի տված լուծելու քաղաքացիների առջև ծառացած խնդիրներն ու ապահովելու հասարակական կարգն ու բոլորի անվտանգությունը։
Վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանի փոխանցմամբ՝ մեծամասնությունը գոհ է պարեկների աշխատանքից, քանի որ առավել քաղաքացիակենտրոն են, բարեվարք:
«Սակայն նույն խնդիրներն ինչպես կային, այդպես էլ մնացել են։ Դա ընդհանուր երթևեկության անվտանգության քաղաքականության բացակայությունից է։ Ուղղակի առավոտից իրիկուն պարեկություն են անում, ու վերջ: Փոփոխություն կա, բայց ոչ երթևեկության անվտանգության ոլորտում։ Փոփոխություն՝ միայն տուգանելու (անխտիր տուգանում են 98% արդյունավետությամբ), վարորդների հետ շփվելու առումով: Մնացածը էլի նույնն է: Բայց որպես մասնագետ՝ ասեմ՝ վթարների քանակը կրճատելուն ուղղված քաղաքականություն, ամրագոտի կապելը պարտադրելու, հետիոտնին փողոցից մայթ բարձրացնելու քաղաքականություն չկա: Այսինքն՝ ստրատեգիա, թե ո՞ւր են գնում, ինչի՞ են ձգտում, ի՞նչ են անում այդ ձգտման համար, ի՞նչ ծրագիր, մարտավարություն, ռազմավարություն չկա ու չկա: Ուղղակի քաղաքացիակենտրոն ու բարեվարք վարքագիծ, ինչի համար շնորհավորում եմ երկուստեք»,- նշեց Արտակ Խաչատրյանը:
«Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Քեյանն էլ չի շտապում ասել, թե ի՞նչ է փոխվել Հայաստանի ճանապարհներին պարեկային ծառայության հայտնվելով։
Նրա խոսքով` շատ քիչ ժամանակ է անցել, թեև որոշակի փոփոխություններն ակնհայտ են։ Եթե խախտում կատարած անձը նախկինում կարող էր ճանապարհային ոստիկանության աշխատակցին համոզել տուգանել իրեն, օրինակ, ոչ թե կարմիր լույսի տակ անցնելու, այլ ավելի մանր խախտման համար, ապա այսօր պարեկային ծառայության աշխատակիցներին համոզել հնարավոր չէ. վարորդը կպատժվի ճանապարհային երթևեկության կոնկրետ կանոնը խախտելու համար։