Ինչպե՞ս աղոթել
«Երբ միտքը աղոթքի պահին չի պատկերացնում ոչ մի աշխարհային բան, ուրեմն նա ամրապնդվել է»,- ասում է Եվագր Պոնտացին: Եվ իսկապես, ե՞րբ ենք մենք իսկապես աղոթում:
Շարունակ խոսում ենք աղոթքի կարևորության մասին, ասում ենք, որ այն ամենակարևոր օղակն է աստծո և մարդու միջև: Անգամ ասում ենք՝ աղոթքը երկխոսություն է Աստծո և մարդու միջև: Ի՞նչն է ամենից կարևորը աղոթքի մեջ:
Զգոնությունը
Մեր աղոթքները քիչ դեպքերում է, որ շնորհակալական են, դրանք հիմնականում իրենց մեջ խնդրանք են պարունակում: Պետք է ուրեմն զգոն լինենք և չափավոր՝ թե՛ մեր խնդրանքների բնույթի և թե՛ դրանք քանակի հարցում: Չափազանց շատ և չար խնդրանքներով աղոթքն այլևս դադարում է աղոթք լինել: Այն արդեն մեղք է, որը գործում ենք մեր մտքում՝ գիտակցված կերպով:
Ներողամտությունը
«Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկաս 23:34),- ասաց Քրիստոս երկրային կյանքում իր վերջին աղոթքի պահին: Սրանով Նա առաջին հերթին օրինակ է մեզ համար եղբայրասիրության, ապա և ներողամտության: Քրիստոնյաներս հաճախ ենք մեր աղոթքներում չգիտակցված կամ գիտակցված մեղարդրանքներ հնչեցնում՝ անգամ չմտածելով, որ դրանով ստվեր ենք գցում մեր աղոթքի, իրական բովանդակության և առաքելության վրա:
Հավատքը և վստահությունը
«Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լեռանն ասի՝ ե՛լ և ծովն ընկի՛ր, և իր սրտում չերկմտի, այլ հավատա, թե ինչ որ ասում է, կլինի, ինչ էլ ասի, կկատարվի նրա համար: Ուստի ասում եմ ձեզ. ամեն ինչ, որ աղոթքով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ» (Մարկոս 11:22-24): Աղոթքի կանգնելիս պիտի անպայմանորեն գիտակցենք, որ հավատքով և Տիրոջ հանդեպ անսահման վստահությամբ է, որ մեր աղոթքը իրական աղոթքի է վերածվում, որ մեր խոսքը հասնում է Աստծուն:
Շատ են այն հանգամանքները, որոնց պիտի հետևենք, որպեսզի մեր աղոթքն իսկապես աղոթքի վերածենք: Սակայն քիչ է ժամանակը և ցանկությունը: Լինե՛նք ուրեմն՝ իրական քրիստոնյաներ մեր աղոթքներով՝ կանգնելով իրական աղոթքի: