Եթե ուզենան հասկանալ պատճառները, գտնել մեղավորներին, հաստատ շատ հեշտ կարող են դա անել. Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն
«Արցախյան 44-օրյա պատերազմում պարտության պատճառներից մեկն ամեն ինչից շատ այն համոզմունքն էր, որ մենք ուժեղ ենք: Ավելի շատ խոսում էինք, քան աշխատում, լուրջ չէինք վերաբերվում շատ բաների, կարծում էինք, որ մեկ անգամ հաղթել ենք, էլի ենք հաղթելու»,- մեզ հետ զրույցում ասաց Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանը:
Նրա խոսքով՝ պարտության պատճառներից մեկն էլ եղել է ոչ ճիշտ կազմակերպվածությունը:
«Պատերազմում ամենակարևորը կազմակերպվածությունն է, իսկ արցախյան երկրորդ պատերազմում մենք չկարողացանք ճիշտ կազմակերպվել: Զենքի քանակի թիվն այդքան կարևոր չէ, ոչ էլ տեխնիկան: Արցախյան առաջին պատերազմում էլի թշնամին և՛ քանակով, և՛ տեխնիկայով մի քանի անգամ ավելի էր, բայց մենք հաղթեցինք, քանի որ կազմակերպված էինք, գիտեինք, թե ինչի համար ենք կռվում: Իսկ այս դեպքում կազմակերպվածության խնդիր է եղել, դրա համար այդքան երեխայի թողել են մարտի դաշտում: Հուսով եմ՝ բոլորը հասկացան, թե ինչ է եղել, ու դասեր կքաղենք դրանից: Եթե ուզենան հասկանալ պատճառները, գտնել մեղավորներին, հաստատ շատ հեշտ կարող են դա անել»,- նշեց Շուշիի գորգերի թանգարանի տնօրենը:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի թեժ օրերին Վարդան Ասծատրյանը «Շուշիի գորգերի թանգարան»-ից մեծ դժվարությամբ, գիշերով, պայթող արկերի տակ փրկել է 160 գորգ, որոնք ժամանակավոր տեղ են գտել Երևանում՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:
«Թանգարանային աշխատանքն ունի հստակ արարողակարգ: Հայտնի է՝ եթե պատերազմը սկսվել է, ապա բոլոր նմուշները պետք է ճիշտ ձևով փաթաթվեն, պահեստավորվեն: Եթե վտանգն ավելի է մեծանում, ապա պետք է տարհանվեն: Պարզ է, պետք է ասեն, որ չէինք պատկերացնում, և այլն: Բայց ես պարզ տեսնում էի: Տարհանումը չէի ուզում շուտ անել, որպեսզի խուճապ չառաջացնեմ: Բայց վերջին օրերին արդեն պարզ էր, որ Շուշիի ուղղությամբ են գալիս:
Թանգարանի մոտ հրթիռ պայթեց, ամբողջը ջարդեց, ավերեց, քաղաքում ոչ մի պետական վերահսկողություն չկար, ես եկա ու կազմակերպեցի տարհանումը: Մեր Մշակույթի նախարարին ասել եմ, մեքենա են տրամադրել, տեղափոխել ենք գորգերը»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր Շուշիի գորգերի թանգարանի տնօրենը: