Ընդերքո՞վ, թե՞ առանց ընդերքի
«Անցած տարվա կրկնակի շոկից հետո Հայաստանի տնտեսությունը բավական արագ վերականգնվում է։ Այս տարի գրանցել ենք 5 տոկոս տնտեսական աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ցանկանում եմ նշել, որ շատ արագ աճում է ՀՀ տնտեսության արտահանումը»,- Երևանում Armenia Business Forum-ի շրջանակում «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարարը։
Հիմա տեսնենք, թե իրականում ի՞նչ է կատարվում տնտեսության արտահանման հատվածում։ Եվ ոչ միայն այս, այլև նախորդ տարիների կտրվածքով։
Պաշտոնապես Հայաստանից արտահանման աճի տեմպն այս տարվա 7 ամսում 23 տոկոս է։
Առաջին հայացքից իսկապես տպավորիչ արդյունք է։ Բայց երբ բացում ենք արտահանման կառուցվածքը՝ տպավորությունն ամբողջությամբ կորում է։
Արտահանումն ընդհանրապես կարևոր գործոն է տնտեսության մեջ տեղի ունեցող պրոցեսները հասկանալու համար։ Թերևս, դա է պատճառը, որ տնտեսության վերականգնման ու զարգացումների մասին խոսելիս՝ իշխանությունները հաճախ հաշվի են առնում արտահանման աճի միտումները։ Բայց խուսափում են անդրադառնալ նաև արտահանման կառուցվածքին։ Իսկ արտահանման կառուցվածքը շատ բաներ է բացահայտում մեր տնտեսության այսօրվա և վերջին տարիների զարգացումների վերաբերյալ։
Մի կողմ թողնենք այն, որ այս տարի արտահանումն ավելացել է՝ նախորդ տարվա բավական լուրջ անկումից հետո։
Արտահանման ոլորտում տեղի ունեցող զարգացումները փորձենք դիտարկել մի փոքր ավելի երկար ժամանակահատվածի կտրվածքով։ Այդ դեպքում կտեսնենք, որ մեր տնտեսության և հատկապես արտահանելի հատվածում ունենք չափազանց մտահոգիչ իրավիճակ։
Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանից արտահանվել է 1 մլրդ 641 մլն դոլարի ապրանք՝ անցած տարվա 1 մլրդ 332 մլն դոլարի դիմաց։ 2019թ. արտահանվել էր 1 մլրդ 417 միլիոն, իսկ 2018թ.՝ 1 մլրդ 376 մլն դոլարի ապրանք։
Ակնհայտ է, որ այս տարի ունենք արտահանման ամենաբարձր ցուցանիշը։
Այն 309 միլիոնով ավել է նախորդ տարվանից, 224 միլիոնով ավել՝ 2019թ., և 265 միլիոնով ավել՝ 2018թ. ցուցանիշից։
Երեք տարվա կտրվածքով արտահանման աճը կազմում է 22 տոկոս։ Միջին տարեկան 7,3 տոկոս։
Դժվար է, իհարկե, սա բարձր աճ համարել, բայց դա էլ մի կողմ թողնենք։ Երեք տարվա կտրվածքով արտահանման աճը հիմնականում եղել է տնտեսության մեկ հատվածի կամ մեկ ապրանքատեսակի հաշվին։ Խոսքը հանքահումքային արտադրանքի և հատկապես պղնձի խտանյութի մասին է։
Որպեսզի պատկերը պարզ լինի, գանք մի փոքր հեռվից։
2018թ. առաջին 7 ամիսներին Հայաստանից արտահանվել էր 403 մլն դոլարի հանքահումք։ 2019թ. այն կազմել էր 385 միլիոն, իսկ 2020թ.՝ 448 միլիոն։ Արդեն այս տարի հասել է 613 մլն դոլարի։
Ստացվում է, որ այս տարվա 7 ամիսներին Հայաստանից 165 միլիոնով ավելի շատ հանքահումք է արտահանվել, քան անցած տարի, 228 միլիոնով ավելի շատ, քան 2019թ., 210 միլիոնով ավելի շատ, քան 2018թ.։
Հիմա փորձենք համեմատել ընդհանուր արտահանման և հանքահումքի արտահանման աճերը։
2021թ. ընդհանուր արտահանումը նախորդ տարվանից ավել է 309 մլն դոլարով, որից հանքահումքի բաժինը հասնում է 165 միլիոնի։ Սա՝ մեկ տարվա կտրվածքով։
Երկու տարվա կտրվածքով կամ 2019թ. նկատմամբ արտահանումն աճել է 224 մլն դոլարով։ Նույն ժամանակահատվածում հանքահումքային արտադրանքի արտահանումը մեր երկրից ավելացել է 228 միլիոնով. նույնիսկ 4 միլիոնով ավելի շատ, քան ընդհանուր արտահանման աճն է։
Երեք տարվա կտրվածքով, ընդհանուր արտահանումն աճել է 265 մլն դոլարով, որից միայն հանքահումքի բաժինը 210 միլիոն է։ Այսինքն՝ մեր տնտեսության մյուս բոլոր ոլորտները միասին արտահանմանը նպաստել են ընդամենը 50 մլն դոլարի չափով։
Սա այն 3 տարվա արդյունքն է, որն արձանագրել է այս իշխանությունը՝ որդեգրելով մի կողմից՝ արտահանմանը միտված տնտեսական քաղաքականություն, մյուս կողմից՝ խոստանալով դադարեցնել նախորդ «հանցավոր» ռեժիմի կողմից ընդերքի անխնա շահագործումն ու թալանը։
Ընդերքի շահագործումը վերջին 3 տարիներին մեր երկրում նոր թափ է հավաքել։ Արդյունաբերության ու ընդհանրապես տնտեսության որոշ հատվածներում արձանագրվող քիչ թե շատ աճերը հաճախ պայմանավորված են հենց այդ հանգամանքով։ Վերջին տարիներին հանքարդյունաբերության հատվածում արտադրության ծավալները հիմնականում երկնիշ են եղել։
Այս տարի արդյունահանման աճին ավելացել է նաև մետաղների թանկացումը։ Միջազգային շուկաներում պղնձի գինը տատանվում է հիմնականում 9,5 հազար դոլարի սահմաններում։ Այն առնվազն 3 հազարով կամ գրեթե 45-50 տոկոսով բարձր է նախորդ տարվա գնից։ Դրա հաշվին էլ տեղի է ունենում արտահանման աճը՝ արտահանման կառուցվածքում հանգեցնելով հումքային ապրանքների տեսակարար կշռի ավելացմանը։
Երբևէ Հայաստանի արտահանման մեջ հանքահումքը նման բարձր կշիռ չի ունեցել, ինչպիսին ունի այսօր։
Վերջին տվյալներով, այն անցնում է 37 տոկոսից։ Մինչդեռ, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր գալիս իշխանության և տնտեսության ու արտահանման կառուցվածքը բարելավելու վերաբերյալ ճառեր էր ասում և խոստումներ տալիս, հանքահումքն արտահանման մեջ ընդամենը 29 տոկոս էր կազմում։
Երեք տարում այն ավելացել է 8 տոկոսային կետով։ Փոխարենը՝ տնտեսության մյուս հատվածները, և հատկապես՝ վերամշակման ոլորտը, որը պիտի գար փոխարինելու ընդերքին, գրեթե մնացել է նույն տեղում։
Այս տարի Հայաստանից արտահանվել է 309 մլն դոլարի պատրաստի սնունդ, ինչը նախորդ ճգնաժամային տարվանից ավել է ընդամենը 17 միլիոնով։ 2019թ. համեմատ պատրաստի սննդի արտահանումը պակաս է 5 մլն դոլարով։
Սա է մեր վերամշակող արդյունաբերության ոլորտի առաջընթացը։ Եվ այնպես չէ, որ միայն այդ ոլորտում է այդպես։
Արտաքուստ այս տարի ռեկորդային բարձր աճ ունենք մանածագործական իրերի արտահանման առումով։ Նախորդ տարի արտահանվել էր՝ 64 միլիոնի, այս տարի՝ 98 մլն դոլարի ապրանք։ Աճը տպավորիչ է՝ գրեթե 53 տոկոս։ Բայց, երբ արտահանման ծավալները համեմատում ենք մինչճգնաժամային ժամանակահատվածի հետ, տեսնում ենք բոլորովին այլ պատկեր։ Եթե 2019թ. նկատմամբ մանածագործական իրերի արտահանումը 6 միլիոնով ավելացել է, ապա 2018թ. նկատմամբ՝ շուրջ 22 միլիոնով պակասել է։ Այս տարվա 7 ամսում արտահանումը կազմել է 98 մլն դոլար, 2018թ. կազմել էր շուրջ 120 միլիոն։
«Զարգացման» դինամիկան նկատելի է։ Եվ ոչ միայն չոր թվերով կամ անվանական արտահայտությամբ, այլև տեսակարար կշռով։
Երեք տարի առաջ պատրաստի սննդի արտահանումն արտահանման մեջ հասնում էր 8,7 տոկոսի, հիմա ընդամենը 5,9 տոկոս է։
Տնտեսական իրավիճակը բնութագրող ևս մեկ օրինակ բերենք. 2018թ. Հայաստանից արտահանվել էր՝ 26 միլիոնի, 2019թ.՝ 28 միլիոնի, այս տարի՝ 27 մլն դոլարի մեքենասարքավորումներ և մեխանիզմներ։ Սա էլ մեր տեխնիկական հատվածի զարգացման առաջընթացը։
Թե ուր ենք գնում այս տեմպով, կարելի է միայն պատկերացնել։ Մեր տնտեսության առանցքային ոլորտներում, որոնք պետք է նպաստեն տնտեսության ու արտահանման կառուցվածքի բարելավմանը, զարգացումներ գրեթե չկան։ Իսկ դա կառավարությունը չի էլ ուզում տեսնել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ