Եթե շուկայական գինը երկար ժամանակ բարձր մնա, նույն գինը պահպանել դժվար կլինի. տնտեսագետը՝ գազի գնի մասին
Էներգակիրների գնագոյացման խնդիրն ու սակագնային քաղաքականությունը կրկին քննարկումների օրակարգում է. «գազը կթանկանա՞»՝ հարցի պատասխանը դեռևս անորոշ է:
Օրերս ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հույս էր հայտնել, որ այս տարի կհաջողվի սահմանին պահպանել գազի նույն գինը։ Ավելի ուշ՝ հայ-ռուսական տնտեսական համաժողովի ընթացքում, անդրադառնալով հարցին՝ փոխվարչապետն ասել էր, որ այս պահին ընթանում են բանակցություններ, և դեռ հնարավոր չի համարում սահմանին գազի գնի մասին որևէ բան ասել:
168.am–ը տնտեսագետ Հրանտ Միքայելյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ սպասումներ կարելի է ունենալ գազի գնի շուրջ բանակցություններից: Նա ի պատասխան՝ հիշեցրեց.
«Հայաստանը, ի տարբերություն բազմաթիվ եվրոպական երկրների, ունի պայմանագրային գին, և ոչ թե՝ շուկայական: Վերջին երկու-երեք տարվա ընթացքում այն մարդիկ, ովքեր փորձում էին սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, շատ հաճախ մեջբերում էին փաստարկը, թե պայմանագրային գինն ավելի բարձր է, քան շուկայականը, ինչն այդ պահին իսկապես այդպես էր, սակայն պայմանագրային գնի առավելությունն այն է, որ եթե շուկայական գինն աճի, իսկ այն, ինչպես այժմ տեսանք, կարող է մեկ տարվա մեջ տասն անգամ աճել, պայմանագրային գինը մնում է նույնը:
Բայց սա չի նշանակում, որ շուկայական իրավիճակն ընդհանրապես չի ազդում պայմանագրերի վրա, ամենևին ոչ. իրականում երկարատև առումով պայմանագրային գինն էլ գոյանում է շուկայական գնից: Ասել է թե՝ պետք է հասկանանք, որ եթե երկար պահպանվի բարձր գինը, ապա ցածր պայմանագրային գինն արդեն չի ստացվի պահպանել»:
Այդուհանդերձ, ըստ տնտեսագետի, քանի որ պայմանագիրը կնքվում է ոչ միայն շուկայական միտումները, այլև ամենատարբեր հանգամանքներ հաշվի առնելով, այդ թվում՝ միջպետական հարաբերությունները, ապա այդ հիմքով էլ ձեռք կբերվի համաձայնություն:
«Իսկ թե ինչպիսին է լինելու այդ հարցերի քննարկման շրջանակը, ինչ է լինելու չքննարկվող, բայց ազդող հարցը, ես հիմա չեմ կարող ասել: Ամեն դեպքում, եթե շուկայական գինը երկար ժամանակ բարձր մնա, նույն գինը պահպանել դժվար կլինի: Այստեղ հարցն այլ է՝ եթե գինը բարձրանա, ինչքանո՞վ կբարձրանա՝ 10 տոկոսով, 20 տոկոսով, թե՞ 50. սա կարևոր հարց է»,- հավելեց տնտեսագետը:
Քանի որ հայ-ռուսական համաժողովում, ի թիվս տնտեսական այլ հարցերի, անդրադարձ էր կատարվել նաև տարածաշրջանի «ապաշրջափակմանը»՝ այն դիտարկելով բացառապես դրական լույսի ներքո, Հրանտ Միքայելյանից ճշտեցինք նաև, թե որքանո՞վ է օբյեկտիվ բացառապես դրական սպասումների մասին խոսելը: Ի պատասխան՝ նա նշեց. «Իրականում արդյունքները հիմնականում լինելու են բացասական, և սա ուղղակի սուտ է, որով փորձում են մեզ կերակրել: Սա քարոզչություն է»:
Հիշեցնենք՝ համաժողովում բացման խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշված թեմայով մասնավորապես կարծիք էր հայտնել. «Այս խնդրի լուծումը շատ կարևոր է նաև մեր քննարկման համատեքստում, որովհետև տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, ի վերջո, պետք է հնարավորություն տա, որ Հայաստանը հաղթահարի շուրջ 30-ամյա շրջափակումը, ինչը նշանակում է՝ էականորեն փոխել ներդրումային միջավայրը Հայաստանում, և Հայաստանի տնտեսական կառուցվածքը փոխել այնպես, որ երկիրը և պետությունը դառնան ավելի դիմակայուն և մրցունակ»: