Գյուղատնտեսության «հրաշքը»
Ընթացիկ տարին այնքան էլ նպաստավոր չէր գյուղատնտեսության համար։ Տարվա կեսին բախվեցինք երաշտի հետ։
Բայց պարզվում է, երաշտն այնքան էլ վատ բան չէ։ Երաշտի պայմաններում պաշտոնական վիճակագրությունը գյուղատնտեսության աճ է գրանցել։
Երկար տարիներ գյուղատնտեսությունն անկումային էր, բայց այս տարվա երաշտի պայմաններում լավ էլ բարձր բերք է ստացվել։
Տարվա առաջին 3 ամիսներին ունեինք գյուղատնտեսության անկում։ Արտադրության ծավալները նվազել էին 1 տոկոսով։ Արդեն տարվա առաջին կեսին գյուղատնտեսությունը ոչ միայն հաղթահարեց անկումը, այլև դուրս եկավ աճի բավական բարձր ցուցանիշի վրա։ Կիսամյակի արդյունքներով, արձանագրվեց 6,5 տոկոսանոց աճ։ Այն էլ՝ բացառապես բուսաբուծության հաշվին։
Բուսաբուծության ոլորտում պաշտոնական վիճակագրությունը ռեկորդային բարձր աճ է գրանցել։ Վեց ամսում ունեցանք արտադրության ծավալների 22 տոկոս ավելացում։
Ստացվում է, որ երաշտը լավ էլ նպաստավոր գործոն է գյուղատնտեսության համար։ Նախորդ տարի, երբ երաշտ չկար, մի բան էլ կառավարությունը ոլորտում վարկային միջոցների սուբսիդավորման ծրագրեր էր իրականացնում՝ հույս ունենալով դրանով լուծել արտերկիր չմեկնած քաղաքացիների զբաղվածության ու եկամտի ապահովման խնդիրները, ոլորտի արտադրության ծավալները նվազեցին։ Այս տարի բախվել ենք երաշտի հետ, բայց արտադրության ծավալներն ավելանում են։
Ի տարբերություն նախորդ տարվա՝ ավելացել է հացահատիկի և հատիկավոր այլ բույսերի բերքատվությունը։ Այն էլ՝ ոչ թե տոկոսներով, այլ՝ անգամներով։ Այս տարվա առաջին կեսին հացահատիկի և հատիկընդեղենի 3,1 անգամով ավելի շատ բերք է ստացվել, քան ստացվել էր անցած տարի։
Առանձին մարզերում գործ ունենք բացառիկ ռեկորդի հետ։ Օրինակ՝ Տավուշում այս տարվա առաջին կեսին 56,6 անգամով ավելի շատ հացահատիկի և հատիկընդեղենի բերք է ստացվել, քան ստացվել էր անցած տարի։ Անցած տարի պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է՝ 0,0 հազար, այս տարի՝ 0,8 հազար տոննա բերք։
Արմավիրում այդ մշակաբույսերի բերքատվությունն ավելացել է՝ 2,7, Արարատում՝ 5 անգամով։
Կարտոֆիլի արտադրության ծավալները ևս այս տարվա առաջին կեսին կտրուկ աճել են։ Իհարկե, աճը չի հասնում հացահատիկին և այլ հատիկավորներին, բայց բավական բարձր է։
Արտադրության ծավալները նախորդ տարվանից ավելի են 43 տոկոսով։ Ստացվել է շուրջ 46 հազար տոննա բերք՝ նախորդ տարվա 32 հազարի դիմաց։
Կարտոֆիլի բերքը հիմնականում ապահովել է Արմավիրի մարզը։ Անցած տարի այս մարզում 26,6 հազար տոննա բերք էր ստացվել, այս տարի ստացվել է 37,5 հազար։
Այս դեպքում ևս կան մարզեր, որտեղ ռեկորդային բարձր աճեր են գրանցվել։ Ասենք՝ Լոռիում կարտոֆիլի բերքն ավելացել է՝ 2,7, իսկ Վայոց ձորում՝ 16,2 անգամով։ Թեև 2-ում էլ անցած տարի կարտոֆիլի բերքը զրոյին մոտ է եղել։
Այսպիսի աճերից հետո պարզ հարց է առաջանում՝ եթե կարտոֆիլի բերքը 43 տոկոսով ավելացել է, ինչո՞ւ է այն այդքան թանկացել։ Հուլիսի տվյալներով՝ կարտոֆիլի գինն այս տարի գրեթե 40 տոկոսով ավելի բարձր էր։ Օգոստոսին կարտոֆիլի գնաճը հասավ 58 տոկոսի։
Նույնը նաև բանջարեղենի մյուս տեսակների պարագայում է։ Տարվա առաջին կեսին ունենք բանջարեղենի արտադրության ծավալների երկնիշ աճ, բայց գները ոչ միայն ցածր չեն նախորդ տարվանից, այլև էապես բարձր են։ Եթե կարտոֆիլի 40 կամ 58 տոկոս գնաճի հետ դեռ մի կերպ կարելի է համակերպվել, ապա ի՞նչ ասել կաղամբի պարագայում։ Կաղամբի գներն այս տարվա հուլիսին 236 տոկոսով բարձր են եղել անցած տարվա հուլիսից։ Օգոստոսին տարբերությունը որոշ չափով նվազել է, բայց շարունակել է 115 տոկոսով գերազանցել նախորդ տարվա գինը։
Կաղամբը միակ բանջարեղենը չէ, որտեղ գներն այսպիսի լուրջ թռիչք են արձանագրել։ Գազարի գնաճը հուլիսին՝ 180, օգոստոսին՝ 148 տոկոս է եղել, ճակնդեղինը՝ 120-140 տոկոս։ Վերջին տվյալներով՝ վարունգը նախորդ տարվանից թանկ է 72 տոկոսով, մինչ այդ գնաճն անցնում էր նույնիսկ 100 տոկոսից։ 100 տոկոսի է հասնում կանաչ սոխի գնաճը։ Այսպիսի աճերից հետո նույնիսկ անիմաստ է թվարկել բանջարեղենի այն տեսակները, որոնց գներն այս տարի բարձր են 30-40 տոկոսով։
Ու սա տեղի է ունեցել արտադրության ծավալների բավական լուրջ աճի պայմաններում։
Տարվա առաջին կեսին բանջարեղենի արտադրության ոլորտում պաշտոնական վիճակագրությունը շուրջ 15 տոկոս աճ է գրանցել։ Աճը երկնիշ է, երկնիշ է նաև գնաճը։
Այս տարվա հունիսին՝ նախորդ տարվա հունիսի համեմատ, բանջարեղեն ապրանքային խմբում գնաճը կազմեց 17,5 տոկոս։ Հուլիսին այն հասավ 53 տոկոսի, իսկ օգոստոսին անցավ 66 տոկոսից։
Հազիվ թե կարելի է կարծել, որ այս տարի բանջարեղենի պահանջարկն այնքան է ավելացել, որ գները թռել են։
Այս անհամապատասխանությունը երբեմն փորձ է արվում թաքցնել արտահանման ծավալների աճի տակ։ Բայց միշտ չէ, որ դա հաջողվում է։ Տարվա առաջին կեսին Հայաստանից բանջարեղենի արտահանումը սովորաբար մեծ չի լինում։
Այլ է մրգերի պարագան։ Տարբեր առիթներով հայտարարվել է, որ այս տարի մրգերի արտահանումն ավելացել է։ Աճել են նաև արտադրության ծավալները։
Տարվա առաջին կեսին մրգերի և հատապտուղների արտադրության աճը գնահատվել է ավելի քան 27 տուկոս։ Ընդհանուր առմամբ արտադրվել է 69 հազար տոննա միրգ և հատապտուղ։ Նախորդ տարվա ցուցանիշը 54 հազար տոննա էր։
Ի տարբերություն բանջարեղենի, մրգերի շուկայում պաշտոնական վիճակագրությունը գների նվազում է արձանագրել՝ հունիսին՝ 9, հուլիսին՝ 12, իսկ օգոստոսին՝ 8,7 տոկոսով։
Արտադրության ծավալների ավելացման պայմաններում, նորմալ է, որ գները նվազում են։ Նորմալ չէ, որ մի կողմից՝ արտադրության ծավալներն են ավելանում, մյուս կողմից՝ բարձրանում են գները։ Նման դեպքերում դժվար է տրամաբանություն գտնել։ Այնպես, ինչպես երաշտի, բուսաբուծության արտադրության ծավալների ավելացման և գնաճի միջև։
Երաշտը ենթադրում է, որ արտադրության ծավալները պետի նվազեն։ Բայց ունենք այն, որ տարվա առաջին կեսին, ըստ պաշտոնական վիճակագրության, գյուղատնտեսության առանցքային հատվածում՝ բուսաբուծության ճյուղում, արտադրության ծավալներն ավելացել են։ Մնում է ենթադրել, որ երաշտը դեռ չի հասել գյուղատնտեսության ցուցանիշներին։
Գուցե դա կերևա ավելի ուշ, կամ գուցե ընդհանրապես չերևա։ Գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որտեղ «հրաշքներ» լինում են, բայց վիճակագրության տեսքով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ