Բաժիններ՝

Կա նաև, այսպես ասած, «թաքնված» գնաճ. այն 8 տոկոսը, որը գրանցվել է օգոստոսին, դեռ այսբերգի երևացող մասն է. Տնտեսագետ

Կենտրոնական բանկն այս տարվա ընթացքում արդեն հինգերորդ անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը. սեպտեմբերի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.25%:

ԿԲ-ից ամփոփել են նաև տնտեսական առկա միտումները՝ արձանագրելով, որ 12-ամսյա գնաճը շարունակել է ավելանալ և ամսվա վերջին կազմել է 8.8%, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը օգոստոսին ևս պահպանվել է 8.0%-ի շրջակայքում:

Հայտնել են նաև, որ առաջարկի և պահանջարկի գործոնների ազդեցությամբ հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրը պահպանվում է, գործընկեր երկրներում գնաճն ընթանում է նախկին կանխատեսումների համեմատ ավելի բարձր հետագծով. այս պարագայում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է հիմնականում գնաճային ազդեցություն:

«ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարների մասով դեռևս պահպանվող անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են, և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համարժեքորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը»,- տեղեկացրել են կենտրոնական դրամատնից:

«ԿԲ-ն արձագանքում է իրավիճակին. այլ կերպ չէր էլ կարող լինել,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Կենտրոնական բանկի կողմից գործիքակազմի կիրարկմանը՝ նշեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, ապա մանրամասնեց,- Փաստ է, որ գնաճային ճնշումները չափազանց մեծ են, ռիսկերը համակարգային են, և կարող են բերել լուրջ սոցիալական ցնցումների, եթե ԿԲ-ն նման «սառը ցնցուղ» չօգտագործի:

Հասկանալի է՝ սա բավականաչափ կոշտ քայլ է, որովհետև տոկոսադրույքների բարձրացումը, որն անխուսափելի է, բերելու է ներդրումային ակտիվության առավել վատթարացմանը, իսկ ԿԲ նախագահն առաջին հերթին խոսում էր մասնավոր ներդրումների սակավությունից։ Միևնույն ժամանակ, իր քայլով Կենտրոնական բանկը ձգտում է խարսխել գնաճային սպասումները և գների անսանձ թռիչքը»:

Տնտեսագետը նկատեց, որ գնաճը լուրջ ինստիտուցիոնալ ու համակարգային բնույթ է ստացել. «Սա սպառնալիք է նույնիսկ հանրային անվտանգությանը, ներդրումային միջավայրին և սոցիալական կայունությանը։ Եվ դա հասկանում են Կենտրոնական բանկում, բայց թե ինչ են մտածում կառավարությունում՝ պարզ չէ:

Վերջին երեքուկես տարիների ընթացքում մենք այդպես էլ չտեսանք, որ գնային «ստատուս-քվոյի» փոփոխություններ տեղի ունենան, և այն խոստումները, որոնցով իշխող քաղաքական ուժը եկել է իշխանության, իրականություն դառնան: Խոսքը վերաբերում է հատկապես բազային ռեսուրսների սակագներին ու դրանց հասանելիությանը, կենսական նշանակության ապրանքների, ծառայությունների գներին, բնական մենաշնորհների ոլորտի ապրանքներին (գազ, էլեկտրաէներգիա, ջուր, ֆիքսված կապ) տրանսպորտային ծառայություններին. այս ամենը սողացող սպառնալիքի նման աճելով՝ այսօր վեր է ածվել թնջուկի: Ի դեպ, տնտեսության մեջ բավականաչափ մեծ տրանսակցիոն ծախսեր, կոռուպցիոն շրջանառություններ կան, ստվեր կա, և կարելի է ասել՝ բյուրոկրատական մեծ ազդեցություններով պայմանավորված ծախսեր՝ ևս, որոնք բարձրացնում են գների մակարդակը. սա է իրականությունը»:

Ատոմ Մարգարյանի գնահատմամբ՝ թեև այս տարվա՝ 5.4 տոկոս տնտեսական աճի ակնկալիքներն իրատեսական են, սակայն «տնտեսական աճ» կոչվածի պտուղները, այսինքն՝ բարեկեցությունը, ծայրահեղ անհամաչափ է բաշխված հասարակության տարբեր խավերի միջև. «Աղքատությունն աճել է ու չափազանց մեծ մասշտաբների է հասել, չքավորությունը՝ ևս. սա ևս այս կառավարության «ձեռքբերումներից է»:

Լուրջ խնդիրներ ունի բյուջետային իրավիճակը: Պետք է ասել, որ գնաճն ինչ-որ տեղ «աջակցում է» կառավարության ծրագրերին՝ այն իմաստով, որ այլ հավասար պայմաններում հարկային մուտքերը նաև գնաճի հաշվին ավելանում են»:

Մեր զրուցակիցը, սակայն, շեշտեց, որ ԿԲ-ի իրականացվող քաղաքականությունը թեև պարտադրված անհրաժեշտություն է, սակայն խնդրահարույց է՝ պայմանավորված հատկապես մասնավոր բանկերի վարքագծով. «Դրա հետևանքով է, որ երկրի կոնսոլիդացված արտաքին պարտքն արդեն գրեթե ավելին է, քան երկրի ՀՆԱ-ն: Նկատի ունեմ արտաքին պետական պարտքին գումարած մասնավոր սեկտորի գոյացրած արտաքին պարտքը. դա հիմնականում բանկերի գործողություններն են և խոշոր ընկերությունների վարքագիծը՝ դրսից ավելի «էժան» փողեր ներգրավելու ուղղությամբ: Այսինքն՝ սա հավելյալ գնաճային գործոն է, տոկոսադրույքները բարձրացնելու գործոն է, իսկ այդ ամենը, ի վերջո, ներառվում է գների մեջ: Վերջին հաշվով, վարկային տոկոսադրույքները ծախսեր են, որ վճարում են վարկառուները և այդ ծախսերը «նստեցնում են» իրենց ապրանքների ու ծառայությունների գների մեջ»: Տնտեսագետը բացահայտեց գնաճի մեկ այլ, չերևացող շերտը.

«Կա նաև, այսպես ասած, «թաքնված» գնաճ. այն 8 տոկոսը, որը գրանցվել է օգոստոսին, դեռ այսբերգի երևացող մասն է: Շատ ապրանքներ ու ծառայություններ ուղղակի ստանդարտներից բավականաչափ շեղվող չափերով, կասկածելի որակով են մատուցվում գնորդներին: Օրինակ՝ սեղմված գազը. եթե դուք խոսեք վարորդների հետ, նրանք ձեզ կասեն, որ գազալցակայանները, փաստորեն, թերլիցքավորում են մեքենաները, նույնը բենզալցակայաններում է՝ որակի անկման հաշվին են աշխատում: Սա նշանակում է՝ ապրանքի անուղղակի թանկացում, ինչը ուղղակի չի երևում գնի մեջ, սակայն, անշուշտ, խփում է սպառողի գրպանին։

Իսկ գնաճն ավելի բարձր տեմպերով է ընթանում, քան անվանական աշխատավարձի աճն է: Դա նշանակում է՝ իրական աշխատավարձը գնալով նվազում է՝ տեղի է ունենում աշխատող մարդկանց բարեկեցության անկում»,- եզրափակեց Ատոմ Մարգարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս