Երբ մեր մոտից գրեթե բացակայում են պաշտոնական հայտարարությունները, իրանական կողմը չի կարող մեր փոխարեն որևէ քայլ իրականացնել. իրանագետ

Սյունիքում ստեղծված անհասկանալի իրավիճակը չի հանգուցալուծվել, ավելին՝ այդ ուղղությամբ պետության կողմից արվող քայլերի մասին պահպանվում է խորհրդավոր լռություն:

Հիշեցնենք՝ դեռ երկու օր առաջ տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանցի սահմանապահ ոստիկանները Որոտանում դրված իրենց անցակետում իրանական բեռնատար մեքենաներից գումար են պահանջում՝ ճանապարհի թույլտվության համար:

Իրան-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի տելեգրամյան պարսկերեն ալիքը տարածել էր անդորրագիրը, համաձայն որի՝ Հայաստանի տարածքում տեղակայված ադրբեջանցի ոստիկաններն իրանական բեռնատարի վարորդից գանձել են 221 մանեթ (մոտ 130 ԱՆ դոլար) գումար։

Նկատենք՝ ՀՀ ԱԱԾ-ն իրավիճակի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել՝ մասնավորապես նշելով, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշերով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,- ասել էին ԱԱԾ-ից:

Իրանական կողմի արձագանքը ևս չուշացավ.

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն արձագանքելով՝ հայտարարեց, որ հարևանների հետ հարաբերություններն Իրանի համար առաջնահերթություն են, այդ գերակայությունն արտացոլված է՝ որպես նախագահ Էբրահիմ Ռաիսիի արտաքին քաղաքականության հիմնարար մոտեցում:

«Մենք փորձում ենք օգտագործել Իրանի Իսլամական Հանրապետության հնարավորությունները տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար՝ բոլոր հարևանների մասնակցությամբ։ Մասնավորապես օրակարգում են մեր հարաբերությունները Հայաստանի, ինչպես նաև մեր մյուս հարևանների հետ»,- Խաթիբզադեի խոսքը մեջբերում է «Azariha» հեռուստաալիքը։

Անդրադառնալով ադրբեջանական հերթական սադրանքին, իրանագետ Գարիկ Միսակյանը նկատեց, որ Ադրբեջանն Արցախյան վերջին պատերազմից հետո լուրջ ջանքեր է գործադրում Հայաստանը շրջափակելու, ՀՀ-ի հանդեպ առավելագույն ճնշում գործադրելու ուղղությամբ:

«Այդ ուղղություններից մեկն է համարվում նաև ԻԻՀ-ի հետ ՀՀ հարաբերությունները, որոնք, ակնհայտ է՝ կարևոր էին ինչպես պատերազմի սկզբնական շրջանում, այնպես էլ՝ ընդհանրապես. ԻԻՀ հետ սահմանը համարվում է ՀՀ երկու գործող սահմաններից մեկը:

Այսինքն՝ Ադրբեջանը մի քանի խնդիր է լուծում՝ նախ՝ աշխարհաքաղաքական առումով թուլացնում է Հայաստանը, Սյունիքի մարզը, երկրորդը՝ խանգարում հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություններին, երրորդը՝ անվտանգային խնդիրներ է ստեղծում ՀՀ հարավային Սյունիք մարզում իր ծավալապաշտական նկրտումները բավարարելու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ իրանական կողմի արձագանքն ավելի կոշտ չէր՝ հաշվի առնելով, որ Իրանի պաշտոնական շրջանակներից շեշտել էին, թե Իրանի համար կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է, իրանագետը պատասխանեց.

«Իրանական կողմի արձագանքը, որ եղավ ԱԳՆ խոսնակի մակարդակում, թեև բավականին հավասարակշռված էր, սակայն շեշտադրվել էր այն, որ Իրանը հարևանների հետ և, մասնավորապես, Հայաստանի հետ շարունակելու է հարաբերությունների զարգացումը, ինչն առաջնահերթություն էր համարվում: Սա կարելի է գնահատել այն առումով, որ Իրանն անգամ այս խնդիրների պայմաններում պատրաստ է Հայաստանի հետ ապրանքաշրջանառության շարունակությանը և համագործակցությանը:

Իսկ թե ինչու չեղավ ավելի կոշտ արձագանք. նախ՝ իրանական կողմն իր բոլոր հայտարարություններում հիմնվում է Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությունների վրա, և երբ մեր մոտից գրեթե բացակայում են քաղաքական-պաշտոնական հայտարարությունները, այսինքն՝ որևէ պնդում, որ դա միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտում է և այլն, ու երբ հաղորդագրություններում կիրառվում է «Էյվազլի» եզրույթը, ինչը գործնականում նշանակում է՝ ադրբեջանական տարածք է, իրանական կողմը չի կարող մեր փոխարեն որևէ քայլ իրականացնել:

Այսինքն՝ այդ պետությունը հիմնվելու է այն հայտարարությունների վրա, որոնք լինում են Հայաստանի կողմից. եթե ՀՀ-ն չի համարում դա իր տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտում, ապա Իրանը ո՛չ իրավունք, և ո՛չ էլ գործիքակազմ ունի միջամտելու կամ որևէ այլ հայտարարություն անելու»:

Գարիկ Միսակյանը հավելեց, սակայն, որ իրանական դաշտի սոցցանցային արձագանքներն այս դրվագի առնչությամբ եղել են բավականին մտահոգիչ:

«Սա բավականին բացասական ազդեցություն ունի և կարող է ունենալ նաև միջազգային համբավի տեսանկյունից, քանի որ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը կամ ցանկություն չունի, կամ հնարավորություններ չունի իր տարածքում ապահովել անվտանգություն իրանցիների համար, որոնք ճանապարհորդում են Հայաստան, կամ զբաղվում են առևտրով»:

Տեսանյութեր

Լրահոս