Մոսկվայի նոր ուղերձը Բաքվի՞, թե՞ Երևանի համար

Տարածաշրջանում սպասվող առանցքային և դինամիկ աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին պաշտոնական Մոսկվան, ինչպես և գրեթե բոլոր ռեգիոնալ խաղացողները, անընդհատ փոփոխում է Ղարաբաղյան հակամարտության շեշտադրումները:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում և Ադրբեջանում քննարկումներին՝ կապված երկրների միջև խաղաղ պայմանագրի կնքման, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծման հետ։

«Ցավոք, քաղաքական հարցերի շուրջ կողմերի միջև առկա են հիմնարար տարաձայնություններ: Ահա թե ինչու, այս փուլում, առաջնային ենք համարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների աներկբա իրականացումը ամենաբարձր մակարդակով։ Եվ, իհարկե, առաջին հերթին դա վերաբերում է հրադադարի ռեժիմի պահպանմանը, հումանիտար բարդ հարցերի լուծմանը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը»,- նշել է Զախարովան։

Նա նաև ավելացրել է․ «Մենք հույս ունենք, որ այս քայլերը կօգնեն պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և վերջնական քաղաքական կարգավորման հասնելու համար»։

Զախարովան անդրադարձել է նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությանը: Նա ասել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրի ստորագրումից ի վեր ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում էական խախտումներ չեն արձանագրվել, ինչը հաստատվում է ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում:

Եթե հիշենք, թե ինչպես էր ռուսական կողմը պատերազմից անմիջապես հետո գիծ քաշում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քննարկման հեռանկարների վրա, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի կողմից «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծում» ձևակերպումն էական փոփոխություն է:

Պատերազմից և եռակողմ երկու հայտարարությունների ստորագրումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշում էր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում Ղարաբաղի կարգավիճակը չի հիշատակվել գիտակցված՝ սա ապագայում քննարկվելիք հարց է։

«Այսօր Ղարաբաղի հայկական կողմին մնացած տարածքը ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտի է, և սա է այսօր Ղարաբաղի կարգավիճակը, կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո անցնող բանակցությունների արդյունքում»,- հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, թե Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ներառելու հարց «մոտիկ անգամ չկա» Մոսկվայի օրակարգում։

Առաջին հայացքից սա փոփոխություն է՝ ի նպաստ Հայաստանի, որի համար Արցախի կարգավիճակի հստակեցման հարցը կենսական նշանակություն ունեցող կետ է ՀՀ-ի և Արցախի Հանրապետության ապագայի համար, սակայն, ինչպես մի շարք վերլուծաբաններ են գտնում, նման շեշտադրումները պայմանավորված են ռուս-ադրբեջանական հարաբերություններով, որոնք ներկայումս իրենց ամենալավ փուլում չեն:

Մոսկվայի նոր շեշտադրումների ֆոնին ուշագրավ և ոչ պատահական էր նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի դիտարկումը, որ հետագայում որոշում կկայացվի ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունը երկարաձգելու մասին։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ Ռուսաստանի քաղաքականությունը պատերազմից հետո չի փոխվել:

Նրա խոսքով, առաջնահերթությունը տրվում է եռակողմ 2 հայտարարությունների իրագործմանը, որոշակի ազդեցության պահպանմանը, Թուրքիայի հետ համակարգմանը և հակամարտության բռնկման հավանականության կառավարմանը, քանի դեռ չկա Խաղաղության երկարատև համաձայնագիր կողմերի միջև:

Նա պարզաբանեց, որ Ռուսաստանն ունի արտաքին քաղաքական երկարաժամկետ պլաններ, որոնք կարող են իրավիճակայնորեն փոփոխվել:

«Սակայն այս հայտարարությունն այդ դեպքը չէ, քանի որ ոչինչ չի փոխվել, պարզապես կան հանգամանքներ, որոնց մասին անհրաժեշտություն կա խոսել»,- ասաց նա:

Լուկիանովի խոսքով՝ նախկինում Մոսկվան պարզապես ասում էր, որ խաղաղապահները տեղակայված են 5 տարի և գուցե՝ ավելի ժամկետով, ուստի Ղարաբաղը գտնվում է խաղաղապահների պատասխանատվության գոտում, և դա որոշակի կարգավիճակ է այս պահի դրությամբ:

«Սակայն չի ասվել, որ կարգավիճակի հարց ընդհանրապես գոյություն չունի: Ակնհայտ է, որ այդ մասին խոսելու անհրաժեշտություն մեկ օր առաջանալու էր, և դա ի հայտ է գալիս նաև այն պատճառով, երբ այդ հարցն անտեսվում է:

Ի վերջո, այդ հարցը կարող է քննարկվել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, եթե ռուս-ադրբեջանական հարթությունում չի հաջողվում խաղաղապահների մանդատի հարցը հստակեցնել հենց կարգավիճակի շուրջ տարաձայնությունների պատճառով: Այնուամենայնիվ սրանք այնպիսի հարցեր են, որոնք այսօր ակտիվորեն քննարկվում են, և Ռուսաստանը շարունակում է իր դերակատարությունն ունենալ, մատնանշել այն: Այս ելույթը նաև այդ ուղերձն էր պարունակում»,- նկատեց վերլուծաբանը:

Նրա կարծիքով, տարածաշրջանում ներկայումս չափազանց ուշագրավ է լինելու հետևել հայ-թուրքական զարգացումներին Ղարաբաղյան գործընթացների ֆոնին:

«Ակնհայտ է, որ Հայաստանն ու Թուրքիան փորձում են թույլ ազդակներ հղել, դեռ չկա ուրվագծված՝ սա լինելու է համակարգված կարգավորո՞ւմ, թե՞ կողմերը պարզապես ճանապարհների շուրջ են համաձայնության գալու: Այս պահին հարցերը դեռ շատ են, քանի որ ուղերձներն անորոշ ու թույլ են, Ղարաբաղյան գործընթացում ևս չկարգավորված հարցերը շատ են, որոնք հնարավոր չէ կարճ ժամանակում լուծել, ապա անցնել հայ-թուրքական հարաբերություններին, որից հետո՝ ճանապարհներին, ուստի թե ինչպես են այս բոլոր հարցերը լուծվելու և հանգելու իրավիճակի, երբ ամեն բան խաղաղ է, դեռ բարդ է կանխատեսել: Հստակ կարելի է ասել, որ սրանք շատ ռեսուրս են պահանջելու ամեն իմաստով»,- ասաց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս