««Գյուղ կանգնի, գերան կկոտրի»՝ պայքարում ենք մեր հողում մնալով ու ապրելով, սա է մեր պայքարի ձևը». Աղավնոյի գյուղապետ
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում, որը գյուղապետի ու բնակիչների շնորհիվ չանցավ Ադրբեջանի հսկողության տակ, պատերազմից 10 ամիս անց փորձում է վերադառնալ բնականոն կյանքի։
168.am-ի հետ զրույցում Աղավնո գյուղի ղեկավար, ՀՅԴ անդամ Անդրանիկ Չավուշյանն ասաց, որ այս ընթացքում շատ այցելուներ են ունենում գյուղ, որոնք բոլորը մտահոգ հայեր են, փորձում են մանկապարտեզ կառուցել։
«Ոչ բոլորն են գյուղ վերադարձել, բայց հիմա ով ինչով կարողանում է՝ օգնում է, որպեսզի գյուղում որևէ բանի կարիք չլինի։ Աղավնոն անվտանգ է, վատ լուրերը շուտ են տարածվում, եթե որևէ վատ բան լիներ, արագ տարածում կգտներ, ամեն ինչ կարգին է»,- նշեց Անդրանիկ Չավուշյանը։
Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Աղավնոյից դուրս չգալուն և այն պահպանելուն, Անդրանիկ Չավուշյանը նկատեց.
««Գյուղ կանգնի, գերան կկոտրի»․ այն տարածքը, որտեղ հայն է ապրում, կարծում եմ՝ նույնիսկ ռուս խաղաղապահի համար է լավ, հակառակ դեպքում նրանց համար էլ էր խնդիր, քանի որ եթե անմարդաբնակ տարածք լիներ, ազերին ազատ կշարժվեր առաջ։ Բայց Աղավնոյի մնալը չեմ ուզում իմ անձի հետ կապել, անշուշտ, գյուղացիներն են այն նաև պահել։ Մենք չէինք պատկերացնում, որ պետք է դուրս գանք, ինչ գնով ուզում էր լիներ, մենք պայքարելու էինք։ Թուրքն այնքան կապրի, մինչև մեր մեջ պայքարը մեռնի, մենք պայքարող ենք, չենք ուզում, որ թուրքն ապրի։ Նրանք մարդասպաններ են, ամբողջ պատմության ընթացքում նրանք սա ապացուցել և ցույց են տվել։ Մենք պայքարում ենք՝ մեր հողում մնալով ու ապրելով, սա է մեր պայքարի ձևը»։
Նա նաև փոխանցեց, որ Ադրբեջանի օկուպացիայի տակ անցած տարածքներից մեկից՝ Կովսականից Աղավնո են տեղափոխվել իր եղբայրն ու մայրը, այսինքն՝ մեկ ընտանիք։
Նա նաև տեղեկացրեց, որ թշնամին Աղավնոյի ուղղությամբ կրակոցներ չի արձակել, միայն պատերազմի ավարտի սկզբում էին դիմում սադրանքների, որպեսզի իրենք լքեն Աղավոն, սակայն չկարողացան հասնել նպատակաին։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։
Եռակողմ համաձայնագրի արդյունքում՝ նաև տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ: