«Այս ծրագիրը ոնց որ սիրուն հեքիաթ լինի, hստակ ուղղություններ չկան. քաղաքաշինությունը նույնականացրել են շինարարության հետ». քաղաքաշինության դոկտորը՝ կառավարության ծրագրի մասին
ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով Կառավարությունը նախատեսում է Քաղաքաշինության բնագավառի օրենսդրական և նորմատիվային դաշտի բարելավման, իրականացվող գործողությունների և թույլտվական համակարգերի առավելագույն թվայնացման, քաղաքաշինական օբյեկտների վերաբերյալ տեղեկատվական համակարգերի ներդրման միջոցով ստեղծել նախադրյալներ՝ առկա խնդիրները լուծելու և հետագա զարգացումներն ապահովելու համար:
Քաղաքաշինության ոլորտում Կառավարությունը նախատեսում է իրականացնել հետևյալ քայլերը. ստեղծել տարածքային մակարդակում պետական քաղաքաշինական քաղաքականության իրագործման համար անհրաժեշտ հիմքեր, մինչև 2024թ. տարեվերջ քաղաքաշինական թույլտվությունների գործընթացն ամբողջությամբ իրականացնել քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի առցանց համակարգի միջոցով, զգալիորեն կրճատել քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման փուլերը և խստագույնս պահպանել այդ թույլտվությունների տրամադրման ժամկետները, յուրաքանչյուր խոշոր համայնքի համար հաստատել հստակ քաղաքաշինական պահանջներ սահմանող գոտիների քարտեզներ, որոնք հասանելի կլինեն առցանց:
Նախատեսվում է նաև շարունակել քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց հանդիսացող նորմատիվ փաստաթղթերի մշակումն ու շարունակական արդիականացումը, դրանց ներդաշնակեցումը միջազգային նորմերին, ինչպես նաև նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի արդիականացումն իրականացնել այն հաշվառմամբ, որ այն արագ արձագանքի շինարարությունում նոր տեխնոլոգիաների ներդրմանը և երաշխավորի դրանց կիրառությունը և այլն:
«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանի կարծիքով՝ սա ավելի շուտ հեքիաթ է, ոչ թե ծրագիր:
«Այս ծրագիրը ոնց որ սիրուն հեքիաթ լինի: Հստակ ուղղություններ չկան: Քաղաքաշինությունը նույնականացրել են շինարարության հետ, ու ամբողջը դրա մասին է. օրինակ՝ շենքերն ինչպե՞ս սարքեն, ինչպես լինեն սեյսմակայուն, նոր տեխնոլոգիաներ ինչպե՞ս կիրառեն, և այլն: Իսկ քաղաքաշինության մասին առանձնապես բան չկա, բացի մի քանի իղձերից: Ասում են՝ ամեն ձևով պետք է խթանենք շինարարությունը, աշխատատեղ բացենք: Քաղաքաշինություն բառը, ինձ թվում է՝ ընդհանրապես պետք է հանվի այդտեղից»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մարիամ Խաչատրյանը:
Անդրադառնալով ծրագրային կետին, համաձայն որի՝ բնագավառում առկա մարտահրավերները պետք է դիտարկվեն երկրի մրցունակության բարձրացման, տարածքների զարգացման առկա անհամամասնությունների հաղթահարման, ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորման, աշխատատեղերի ստեղծման, հասարակության բոլոր խմբերի համար սոցիալական, ինժեներական ենթակառուցվածքների մատչելիության, պատմամշակութային ժառանգության պահպանման և շրջակա միջավայրի քաղաքաշինական գործունեության բացասական ազդեցությունների վերացմանը, քաղաքաշինության դոկտորը նկատեց.
«Մենք մինչ օրս ո՛չ կուլտուրա, ո՛չ էլ իրավական դաշտ ունենք պատմամշակութային ժառանգությունը պահպանելու, շրջակա միջավայրին վնասներ չհասցնելու համար, դա ինչպե՞ս են պատկերացնում անել: Բոլոր քաղաքակիրթ երկրներում էլ ուզում են պահպանել մշակութային ժառանգությունը, հետևաբար՝ այստեղ հարկավոր է մանրամասնել, թե ինչպե՞ս են բարելավելու իրավական դաշտը՝ ժառանգությունը պահպանելու ուղղությամբ: Հետո գրված է՝ քաղաքաշինության քաղաքականության մշակում. բայց եթե դու ուղիները չես տալիս, ո՞նց են մշակելու:
Մի կետում էլ գրված է՝ քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց հանդիսացող նորմատիվ փաստաթղթերի մշակումն ու շարունակական արդիականացումը, դրանց ներդաշնակեցումը միջազգային նորմերին: Հիմա, եթե հայկական իրականությանը չենք կարողանում համապատասխանեցնել, միջազգային նորմերը մեզ ի՞նչ են անում: Առայժմ հայկական իրականությանը դու այդ ամենը համապատասխանեցրու: Քաղաքաշինությունը ներառել են տնտեսության մեջ՝ մտածելով, որ այն պետք է զարգացնի տնտեսությունը։ Սակայն, եթե մշակույթի մեջ լիներ՝ կհասկանայի, որ մշակույթի ինչ-որ տարրեր են ուզում մտցնել: Կարող էին կետերով գրել, որ քաղաքային միջավայրը պետք է ներդաշնակ լինի մարդկանց ապրելակերպին, քաղաքի պատմությանը: Պետք է վերծանել քաղաքի պատմությունը»:
Ինչ վերաբերում է նրան, որ յուրաքանչյուր խոշոր համայնքի համար հաստատելու են հստակ քաղաքաշինական պահանջներ սահմանող գոտիների քարտեզներ, որոնք հասանելի կլինեն առցանց, Մարիամ Խաչատրյանն ասաց.
«Եթե քարտեզը պիտանի չէ, ի՞նչ կապ ունի՝ կգնաս տեղում կնայե՞ս, թե՞ առցանց: Այսինքն, եթե անտեսեն կրկին գենպլանը, սա իմաստ չի ունենա: Միայն Երևանի դեպքում հազար անգամ ասել ենք՝ 1980-90-ական թվականների շենք-հուշարձանների ցուցակը վերականգնե՛ք, չեն անում: Նախ ունեցածը պետք է նայեն, հասկանան, թե ինչ ունեն, ինչ չունեն, հետո նոր ասեն՝ այս մի մասը վատ է, սա չունենք, սա կա, ու սկսեն մշակել, քարը քարին դնեն ու առաջ գնան»: