«Նա իր ողջ կյանքում երևի Արցախ ոտք չի դնի. իրենց համար Արցախն ուղղակի այլևս հետաքրքիր չէ, իրենք այստեղ անելու բան չունեն». Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ Արցախ կժամանեն ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ բոլոր երեք խմբակցություններից։
«Պաշտոնական որևէ տեղեկատվություն չկա, որ Նիկոլ Փաշինյանն այդ օրը կգա Արցախ, չեմ էլ կարծում, որ որևէ մեկն իրեն անվտանգության երաշխիք կտա ու կկարողանա տալ։ Նա իր ողջ կյանքում երևի Արցախ ոտք չի դնի։ Ինչ վերաբերում է Կառավարության այլ անդամներին, ըստ իմ տեղեկությունների` Արցախ եկողներ չկան։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ, որոնք այդ օրը Արցախում կլինեն, նրանք նույնիսկ չգիտեին էլ, որ գոյություն ունի Արցախի Հանրապետության հռչակման օր։ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն է նրանց հրավիրել։ Իրենք առանձին-առանձին են գալու, նույնիսկ որպես ԱԺ էլ չեն գալիս, հրավերը ԱԺ խմբակցություններն առանձին են ընդունել և գալիս են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը։
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այցին, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ նա Արցախ չի գնալու, քանի որ ավելի «կարևոր» զբաղվածություն ունի և չի կարողանալու գնալ։
«Բնականաբար, իրենց համար Արցախն ուղղակի այլևս հետաքրքիր չէ, իրենք այստեղ անելու բան չունեն, նաև այդ վախի զգացումը, որ Արցախ գալն ամեն դեպքում իրենց համար վտանգներով լեցուն է, թե՛ ադրբեջանցիների կողքով անցնելը, թե՛ Արցախ մտնելը։ Ինչ վերաբերում է ՀՀ արտգործնախարարին և Անվտանգության խորհրդի քարտուղարին, ապա տեղեկություն չկա նրանց գալու մասին։ Եթե իրենք գողեգող կգան ու կգնան, այլ հարց է, դրա վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել։ Առաջին դեպքն է, երբ 30 տարիների ընթացքում պաշտոնական այց Արցախ չկա։ Սրանով իրենք հերթական անգամ ապացուցում են և՛ իրենց հայ չլինելը, և՛ ուղղակի հային վերացնելու իրենց ծրագիրը, նաև Արցախը»,- հավելեց մեր զրուցակիցը։
Միաժամանակ պատգամավորը տեղեկացրեց, որ մինչև պատերազմը Մայիսի 9-ը և Արցախի Հանրապետության հռչակման օրը մեծ շուքով էր նշվում Արցախում, իսկ միջոցառումներն ավարտվում էին այնպիսի հրավառությամբ, որի ձայնը հաստատ լսվում էր Ադրբեջանում։ Սակայն այս տարի որևէ տոնական միջոցառում չի լինելու, չի լինելու համերգային ծրագիր, պարզապես կլինեն այնպիսի միջոցառումներ, որոնք կփաստեն, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվել է Արցախի Հանրապետությունը, կլինեն նաև հիշատակման միջոցառումներ, երեխաների համար սպորտային ծրագրեր։
«Համերգ, որևէ պատվիրակություն չկա, մնացել ենք մենք՝ արցախցիներով՝ լքված ինչպես աշխարհի, այնպես էլ՝ Հայաստանի իշխանությունների կողմից։ Սա՝ այն պարագայում, երբ 30 տարի շարունակ Արցախում ավելի շատ այլազգիներ էին, Հայաստանի մեր հայրենակիցները, էլ չեմ ասում՝ ՀՀ իշխանությունը ողջ կազմով»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։
Հիշեցնենք՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Խորհրդային Միության անկումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով ամրագրեց անկախ պետություն ունենալու իր իրավունքը: Նույն թվականի սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման հռչակագիրը։