Մանվել Փարամազյանը արտաքին աշխարհի հետ որևէ շփման հնարավորություն չունի. փաստաբան
Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Մանվել Փարամազյանը հուլիսի 10-ից կալանավորված է: ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով մեղադրվող Փարամազյանին քննիչի որոշմամբ կալանավորելուց օրեր անց արգելվել են նաև տեսակցությունները: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ փաստաբանների գնահատմամբ՝ քննիչն անհիմն որոշում է կայացրել: Փաստաբանները բողոքարկել էին քննիչի կայացրած որոշումը, և Մանվել Փարամազյանի պաշտպաններից Երվանդ Վարոսյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց.
«Բողոքարկել ենք գլխավոր դատախազին՝ տեսակցությունների սահմանափակման մասին որոշումը, սակայն դեռ որևէ արձագանք չունենք, բավարարելու կամ մերժելու մասին որոշում չենք ստացել, որ հետագա անելիքները ըստ այդմ որոշենք: Այս պահի դրությամբ արգելքը ամբողջ ծավալով շարունակվում է, արտաքին աշխարհի հետ որևէ շփման միջոցի հնարավորություն չկա»:
Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը փաստաբանները բողոքարկել էին, իսկ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Արմեն Դանիելյանը, ում մակագրվել էր գործը և ում Փարամազյանի փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել՝ մերժել էր պաշտպանների միջնորությունը: Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:
Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք Փարամազյանի պաշտպաններ արդեն իսկ ներկայացրել են:
« «Ավելին, այս ընթացքում գրավի միջնորդություն ենք ներկայացրել նաև առաջին ատյանի դատարան: Կրկին շատ հետաքրքիր կերպով նորից թղթային մակագրման եղանակով մեր միջնորդությունը մակագրվել է նույն դատավորին՝ Գագիկ Պողոսյանին, որը արդեն հասցրել է նաև այդ միջնորդությունը մերժել, որի հետ կապված կրկին վերաքննիչ բողոք ենք հիմա պատրաստվում ուղարկել Վերաքննիչ դատարան»,- մեզ հետո զրույցում հայտնեց Վարոսյանը:
Հարցին, թե ի՞նչ հիմքով է Ընդհանուր իրավասության դատարանը մերժել գրավի միջնորդությունը, Վարոսյանն արձագանքեց.
«Որոշմանը ծանոթանալուց հետո կարող եմ ասել, որ որևէ հիմնավորմամբ էլ չի մերժվել: Կարող էր դատարանը հանգիստ գրել, որ մերժել է, քանի որ գործը վերաբերում է Մանվել Փարամազյանին»: