«Անհիմն որոշում է կայացվել». Փարամազյանին տեսակցելու արգելքի որոշումը բողոքարկվել է
Մի քանի օր է՝ արգելված է Գորիս և Քաջարան համայնքների ղեկավարներ Առուշ Առուշանյանին և Մանվել Փարամազյանին տեսակցելը:
Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը»:
Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով:
Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Առուշանյանին տեսակցելն արգելելու որոշման օրինակը դեռ իրենց չի տրամադրվել:
«Որոշումը քննիչն է կայացրել, որոշումը ուզել ենք, բայց մինչև այս պահը դեռ չեն տրամադրել»,- ասաց Արմեն Մելքոնյանը:
Մանվեր Փարամազյանի փաստաբան Լուսինե Սահակյանն էլ 168.am-ին փոխանցեց, որ որոշումը ստացել են ու այն բողոքարկելու փուլում են:
«Անհիմն որոշում է կայացվել, պատճառաբանություններ չկան, դրա համար բողոքարկվում է մեր կողմից այդ որոշումը: Նոր ենք ստացել որոշումը, նոր բողոքարկել ենք»,- ասաց Լուսինե Սահակյանը: