Հարվածի տակ են ստրատեգիկ ջրային երկու օբյեկտները. մասնագետներն օբյեկտիվ չեն համարում Սևանից լրացուցիչ ջրառի մասին նոր օրենքի հիմնավորումը
Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում օգոստոսի 18-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնել:
Հիշեցնենք՝ դեռևս օգոստոսի 6-ին կառավարությունը հավանություն էր տվել օրենքի նախագծին, որով ոռոգման նպատակով Սևանա լճից 2021թ․ բացթողնման 170 մլն մ³ չափաքանակը նախատեսվում է դարձնել մինչև 245 մլն մ³:
Խորհրդարանում Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը նշել էր. «Գյուղատնտեսության համար քանի դեռ չենք ստեղծել այն այլընտրանքային աղբյուրները, որոնցով կարողանալու ենք այդ դեֆիցիտը լրացնել, մենք միանշանակ դիմելու ենք Սևանին:
Այս ջրամբարաշինության ծրագիրը, որը առաջարկել է կառավարությունը, և մենք իրականացնելու ենք, լինելու է աննախադեպ ծրագիր, սա լինելու է գյուղատնտեսության փրկության ծրագիր, և այս ծրագիրն իրականացնելու արդյունքում իրոք մենք մոռանալու ենք Սևանից ոռոգման նպատակով ջրառ իրականացնելը»:
Նա նաև տեղեկացրել էր՝ արդեն երկու ջրամբարի նախագծման աշխատանքների մրցույթ են հայտարարել, իսկ առաջիկայում կմեկնարկի Կապսի ջրամբարի շինարարությունը, և կավարտվի Վեդու ջրամբարի շինարարությունը:
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ, գյուղատնտեսության փորձագետ Հրաչ Բերբերյանը, 168.am–ի հետ զրույցում անդրադառնալով «գյուղատնտեսությանն աջակցության եկած» այս օրենքի ընդունմանը, նկատեց. «Առաջին հերթին Ջրային կոմիտեի նախագահը չկարողացավ բացատրել, թե այս տարվա հորդառատ անձրևների, ձյան շերտի գոյացած ջուրն ինչ են արել, ինչու ջրամբարները լեփ-լեցուն չեն եղել, չեն մաքրվել տիղմից: Գնանք տեսնենք՝ ո՞ր ջրամբարի ձագարներն են մաքրվել:
Նշեմ նաև, որ օդից եկած տեղեկություններ կան, որ այդ ջուրը վաճառվել է ՀԷԿ-երին»:
Այս համատեքստում գյուղատնտեսը շեշտեց՝ արժանահավատ չի համարում կառավարության կողմից հնչող այն պնդումները, թե ոռոգման ժամանակաշրջանի ընթացքում ՀԷԿ-երին ջուր չեն տվել. «Բառացի ստում են. Շիրակում եղել է ՀԷԿ, որն աշխատել է մինչև մայիսի 28-ը, մինչդեռ ջրամբարները կարող էին վաճառել ջուրը, եթե միայն ավելցուկ ջուր ունենային:
Մեր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ գերմանական ծրագրով այդ հէկ-երի շինարարությունը շատացավ, մինչ այդ ընդհանրապես ջրի խնդիր չունեինք»:
Արձագանքելով դիտարկմանը, թե խորհրդարանում Ջրային կոմիտեի նախագահը նշել է ջրամբարների կառուցման մասին՝ նկատելով, որ դա կդառնա գյուղատնտեսության համար փրկություն, և, որ արդեն ավարտին է հասնում Վեդու ջրամբարի շինարարությունը, Կապսի ջրամբարում են մեկնարկելու աշխատանքները, Հրաչ Բերբերյանն ասաց. «Առաջինը՝ Վեդու ջրամբարն իրենց հետ որևէ կապ չունի. նախկին նախագահի օրոք է մեկնարկել այդ շինարարությունը և արդեն վերջանում էր: Խոստանում են բազմաթիվ նոր ջրամբարներ կառուցել. շատ լավ կլինի, քանի որ ջուրը նաև բիզնես է ու կարող ենք վաճառել Իրանին, Վրաստանին, անգամ Թուրքիային. դա ապագայի գործ է, բայց չեմ հավատում, որ այս ռեսուրսներով կարողանան: Տեսնենք՝ համենայն դեպս ստի ոտը կարճ է. ժամանակը ցույց կտա՝ այդ խոստումները ճի՞շտ են, թե՞ ճիշտ չեն: Բայց այն կադրերով, որոնցով Փաշինյանը շրջապատված է, հաջողության հասնելու որևէ շանս չեմ տեսնում:
Ընդհանրապես այս երեք տարում այնքան խոստումներ են տվել, մինչդեռ գյուղատնտեսությունը մեծ քայլերով հետ է գնում: Այսօր բանջարեղենի գները նայենք՝ անցյալ տարվա համեմատ կրկնակի թանկացել է. գազարը դարձել է բանանի գին, կաղամբը, կարտոֆիլը թանկացել են. ո՞վ պետք է պատասխան տա սրա համար:
Արհեստական երաշտ սարքեցին գյուղացու գլխին՝ ջրամբարների ջուրը դատարկելով: Դրա հետևանքով Շիրակի տարածաշրջանում մենք 40 տոկոս ցորենի բերքի կորուստ ունենք, ու շուտով գնալու են ՌԴ-ից 100 հազար տոննա ցորեն ներկրեն: Մինչդեռ այդ մարդիկ պառլամենտի այդ ամբիոնից ինչ-որ դեմք են ընդունել. թե ինչի մասնագետ են՝ իրենք էլ չգիտեն»:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանի կարծիքով ևս պատկան մարմինների կողմից հիմնավորված չեն այս օրենքի փոփոխություններն ու լրացումները: Նա հիշեցրեց՝ 2008 թվականից սկսած՝ Սևանից 6 անգամ հավելյալ ջրառ է արվել, և ոչ մի անգամ հաշվի չեն առնվել քննարկումների ընթացքում հնչած գնահատականները, Գիտնականների և նույնիսկ Սևանի հարցերով հանձնաժողովի կողմից հնչեցված կարծիքները, հասարակության արձագանքը. «Եթե կառավարությունից գալիս է նման հրաման, ԱԺ-ն ճիշտ ձևով արձագանքում է դրան: Փաստորեն, դա ստացվում է ոչ թե առաջարկ, այլ հրաման, որովհետև ոչ մի անգամ ոչ մի բացատրություն, ոչ մի հիմնավորում հաշվի չի առնվել: Եվ հիմա՝ նույն բանը: Մենք արդեն ունենք բացասական բալանս, բացասական բալանսի առկայությունն արդեն նշանակում է, որ Սևանը սկսում է մահանալ:
Մինչդեռ հիմնավորման մեջ կա երկու շատ վտանգավոր կետ՝ առաջինը, որ մենք կարող ենք ունենալ շահույթ, որովհետև Սևան-Հրազդան կասկադը կաշխատի, հավելյալ էներգիա կվաճառի, և այդ մուտքերը կարող են ուղղվել արտաբյուջետային հաշվի վրա, իսկ դա Սևանի հետ որևէ կապ չունի, և երկրորդը՝ մենք ունենք ջրային դեֆիցիտ, որը սակայն որևէ թվով չի արտացոլվում. ինչո՞ւ, որովետև ճիշտ թվերը գրված չեն եղել այդ հիմնավորման մեջ»:
Բնապահպանը հավելեց, որ պարզ չէ, թե ինչու այս տարի այդքան շուտ սկսվեց այդ ոռոգումը, ինչու այդքան ջուր տվեցին հենց առաջին ամիսներին, և այլ հարցեր:
Նկատառմանը, թե այս քայլի անհրաժեշտությունը պայամանավորում են շոգ եղանակով և քիչ տեղումներով, մեր զրուցակիցն արձագանքեց. «Իհարկե, այս տարի հունիս ամիսը շատ շոգ է եղել, բայց եթե մարդիկ խոսում են երաշտի մասին, մենք պետք է հասկանանք, որ մենք ունենք կառավարման համակարգ, օրենսդրություն և ինչ-որ կարգ՝ որոշում ընդունելու համար. երաշտ պաշտոնապես չի հայտարարվել, այդ փաստը պաշտոնապես չի հաստատվել կառավարության որևէ որոշումով»:
Ինգա Զարաֆյանը հավելեց, որ պատասխաններ չեն հնչել ջրամբարի լցվածության, թվերի ճշտության առնչությամբ, թե, օրինակ, քանի հեկտար պետք է ոռոգվի: Մասնագետը հիշեցրեց նաև, որ հասարակությունը տարիներ շարունակ հանդես է եկել Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի գերշահագործման դեմ, բայց այդ հարցերն այդպես էլ չեն լուծվել. «Հիմա ասում են՝ մենք պետք է ջրամբարներ կառուցենք. ջրամբարների կառուցումը երկարաժամկետ ծրագիր է, ոչ թե կոնկրետ կարճաժամկետ ծրագիր: Իսկ կոնկրետ այս՝ ջրերի բալանսի վերականգնումը կարելի է շատ հեշտ լուծել. ուղղակի պետք է փակել այն բոլոր հորերը, որոնք վերցնում են այդքան ջուր, փոխեն ջրային թույլտվությունների պահանջները՝ փոխեն օրենքի համաձայն»:
«Այսինքն՝ այդ խախտումը շարունակական բնույթ է կրում, ու մենք ամեն անգամ տեսնում ենք, որ կառավարությունը հավելյալ ջրառ է վերցնում Սևանից՝ այդպիսով հարվածի տակ դնելով և մյուս ստրատեգիկ օբյեկտը: Ստացվում է՝ առաջին ստրատեգիկ ջրային օբյեկտի՝ Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի բալանսի խախտումը շարունակական բնույթ է կրում, և անընդհատ հարվածի տակ է դրվում երկրորդ ստրատեգիկ օբյեկտը՝ Սևանա լիճը. հետո՞: Ի՞նչ է՝ մենք այդքան շա՞տ ջրային օբյեկտներ ունենք. ո՛չ, չունենք. մեր գետերը շատ խոցելի են, իրենց ջրհոսքը սեզոնային բնույթ է կրում: Երկու մեծ ստրատեգիկ ջրային օբյեկտները հարվածի տակ դնելով ի՞նչ պետք է ստանանք»,- եզրափակեց բնապահպանը:
Հիշեցնենք, որ օրենքի նախագծին դեմ էին արտահայտվել բնապահպաններն ու բնապահպանական ՀԿ-ները «S.O.S. Սևան» նախաձեռնությամբ՝ կոչով դիմելով կառավարությանն ու Ազգային ժողովին. «Մենք՝ «S.O.S. Սևան» նախաձեռնության անդամներս, կոչ ենք անում ՀՀ նորակազմ կառավարության անդամներին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին՝ կամք դրսևորել և հետ կանչել Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ որոշումը:
Օրինագծի քննարկմանը ներկայացվեցին տվյալներ ջրամբարների լցվածության, շոգ եղանակով և սակավ տեղումներով պայմանավորված Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերում ջրի հոսքի կտրուկ նվազման վերաբերյալ: Տեղեկություններ ներկայացվեցին նաև ոռոգման սեզոնի՝ ժամանակից շուտ մեկնարկի, ջրի սակավություն ունեցող տարածքների մասին և այլն: Բարձրացվեց անգամ լրացուցիչ արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված հասույթի նպատակային օգտագործման հարցը: Ոչ մի խոսք չեղավ, թե հավելյալ ջրառի արդյունքում ինչ հետևանքներ կլինեն Սևանա լճի համար, որն արդեն իսկ բացասական հաշվեկշիռ ունի: Ոչ մի խոսք չեղավ այն մասին, որ Սևանը, արդեն մի քանի տարի է՝ ծաղկում է, և որ միայն մակարդակի բարձրացումը կարող է փրկել լիճը ճահճացման գործընթացից»:
Նախաձեռնության անդամներն անդրադառնալով ոռոգման ջրի խնդիրներին՝ նշել էին, որ դեռևս 2021թ. հուլիսի 22-ին ՀՀ կառավարության ընդունած 1201-Ա որոշման հիմնավորումից պարզ է դարձել որ չկա որևէ առաջընթաց Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների գերշահագործման կանխարգելման հարցում:
«Շոգ եղանակով և սակավ տեղումներով պայմանավորված՝ Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը։ Եվ ջրապահանջը լրացնելու նպատակով, ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սևանա լճից իրականացվել է պլանավորվածից շատ ջրի բացթողումներ»,- կառավարության նիստում հայտարարել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս: