«Գերտերություններն ուզեցել են կանգնեցնել. կանգնեցրի՞ն: Չեղավ, չէ՞, որովհետև հակառակորդն իր առավելությունները ֆիքսել էր…»․ Անդրանիկ Քոչարյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իր ելույթը սկսեց՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի դիտարկումներին: 

«Պարոն Վարդևանյանն ԱԺ-ում հանդես եկավ՝ որպես Ռոբերտ Քոչարյանի փաստաբան՝ կերտելով Ռոբերտ Քոչարյանի համար կենսագրության նոր դրվագներ՝ Շուշիի գրավմանը մասնակից լինելու դրվագները,- ասաց Քոչարյանը, ապա անդրադարձավ Արամ Վարդևանյանի կողմից Վիգեն Սարգսյանի ու Միքայել Հարությունյանի մասին հիշատակումներին,- Վիգե՛ն Սարգսյան, վերադարձի՛ր տուն, որովհետև քո 1000 դրամների ծրագիրը ոնց որ թե նկարագրվեց, որ քո գրպանից է դրվում, և ոչ թե՝ մեր ժողովրդի հավաքած ամենամսյա գումարների շնորհիվ։ Միքայել Հարությունյա՛ն, (Հրանուշ Հակոբյանի ականջը կանչի) տու՛ն վերադարձեք։ Նախարարներն օտարության մեջ չպետք է լինեն:

Պետք է գան, որպեսզի լինեն ՀՀ-ում, որովհետև նրանք զբաղեցրել են այնպիսի պաշտոններ, որոնք տնօրինում են շա՜տ մեծ գաղտնիքների, և գաղտնիության ժամանակաշրջանն ավարտված չէ»:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի այն նկատառմանը, որ օր առաջ պետք էր կանգնեցնել պատերազմը, Ա. Քոչարյանն արձագանքեց.

«ԳՇ-ի և ՊՆ-ի խնդիրը ոչ թե օր առաջ մարտերը կանգնեցնելն է, որովհետև մարտերը մենք չենք սկսել և մենք չենք տնօրինում հարձակողական տրամաբանությանը. պետք է ԳՇ-ն կառավարեր այդ գործողությունները։

Ես իմ ծրագրային ելույթում նշեցի, որ նախկինում ունեցել ենք շատ ավելի ծանր պահեր, բայց հաղթահարել ենք, որովհետև խնդիր չի դրվել մեր զինվորականության կողմից՝ կանգնեք, էլ չենք կարողանում կռվել, որովհետև սպառազինությունը ավարտվում է։ Մի օրվա սպառազինություն ենք ունեցել, մարդիկ գնացել են նույնիսկ հարևան հանրապետություն, արագ հետ են եկել՝ մի բուռ փամփուշտի համար։

Եվ այս պատերազմի ընթացքում քննարկումները կանգնելու-չկանգնելու հնարավորությունների մասին ԱԽ շրջանակներում իրականացվել է, նաև Նիկոլ Փաշինյանի կողմից, արտախորհրդարանական ուժերի, խորհրդարանական ընդդիմության, լայն քաղաքացիական հասարակության հետ: Լուծումներ գտնվե՞լ են:

Գերտերություններն ուզեցել են կանգնեցնել. կանգնեցրի՞ն: Չեղավ, չէ՞, որովհետև հակառակորդն իր առավելությունները ֆիքսել էր՝ թե՛ սպառազինության, թե՛ նաև իր հաջողությունն էր բռնացրել և շարունակում էր»։

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում ներկայացրեց, թե իր ընտրվելու դեպքում որոնք են լինելու հանձնաժողովի հիմնական անելիքները: Այս համատեքստում ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախկին նախագահը կարևորեց բանակը քաղաքականությունից հեռու պահելու խնդիրը՝ նկատելով, որ տասնամյակներ շարունակ բանակը եղել է քաղաքականացված:

«Թե՛ ԱԺ-ը, թե՛ կառավարությունը, և թե՛ հանձնաժողովը հսկայական անելիք ունեն բանակը ցանկացած գնով քաղաքականությունից հեռու պահելու ուղղությամբ։ Պետք է անվերապահորեն աջակցել ԶՈՒ-ին, սակայն սա որևէ կերպ չի ենթադրում քաղաքական ակնկալիքներ ունենալ բանակից»,- ասաց նա։

Անդրանիկ Քոչարյանը ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի գլխավոր առաջնահերթություններից համարեց նաև ԶՈՒ-ում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի գործիքակազմի մշակումը:

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը մասնավորապես նշել էր.

«Ձեզանից շատերը Շուշիում պարում էին, քեֆ էին անում: Այդ Շուշին ազատագրելու պատմությունը շատ լավ վերընթերցեք, վերընթերցեք, թե ովքեր են ազատագրել Շուշին: Ուսումնասիրեք՝ ովքեր են մասնակցել Շուշիի ազատագրման կոնկրետ մարտական գործողությանը, ուսումնասիրեք դրանում թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սեյրան Օհանյանի մասնակցությունը:

Մյուս հանգամանքը՝ շատ խոսվեց Միքայել Հարությունյանի մասին՝ Պաշտպանության նախարար, որը Ռուսաստանի Դաշնությունում ՊՆ նախարարի հրամանով եկել է Հայաստան: Իհարկե, Անդրանիկ Քոչարյանն այնպես է ներկայացնում, որ ինքն է բերել. հարց է առաջանում՝ իսկ դուք տեղյա՞կ եք, որ ՊՆ-ում՝ այստեղ արխիվում, կա ՊՆ ՌԴ համապատասխան հրամանը, որով ինքը եկել է Հայաստան: Պե՛տք չի սուտ ասել, պետք չի նաև խոսել Միքայել Հարությունյանի մասին բացասական լույսի ներքո՝ մի պարզ պատճառով, որովհետև 2018 թվականից ի վեր՝ գիտե՞ք քանի բանագնաց է գնացել Միքայել Հարությունյանի մոտ՝ է՛լ Արշակ Կարապետյան… տարբեր մարդիկ՝ խնդրելով մեկ բան՝ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կեղծ ցուցմունք:

Խոսում են Վիգեն Սարգսյանից. մեկն էլ ասաց՝ ամենաերիտասարդ պաշտպանության նախարար և այլն: Վիգեն Սարգսյանին, դո՛ւք, հարգելի՛ գործընկերներ, և մեր շատուշատ հայրենակիցներ պետք է շնորհակալ լինեք «1000 դրամների» հիմնադրամի համար՝ այն հիմնադրամի, որն այսօր այդ աստիճան ամեն կերպ կանգնած է թե՛ հաշմանդամություն ստացած, թե՛ զոհված, թե՛ անհետ կորած մեր հայրենակիցների կողքին: Ի դեպ, ձեր քաղաքական առաջնորդն այդ նախաձեռնությանը կողմ է քվեարկել, բայց երկար վերապահումներ ներկայացնելով: Ա՛յն «1000 դրամների» հիմնադրամի, որի 1000 դրամն էլ դուք բարձրացրել եք:

Ամո՛թ է սուտ կամ կիսաճշմարտություն ասելը»:

Տեսանյութեր

Լրահոս