Հայկ Սարգսյանը հիշեց Իշխան Սաղաթելյանի ծառայած չլինելու մասին, բայց մոռացավ իր չծառայած թիմակիցներին՝ առաջնորդի և եղբոր գլխավորությամբ

«Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը ներկայացնելիս, պարոն Օհանյան, ես չնկատեցի ծառայության մասին դրվագը, և որքանով տեղյակ եմ, պարոն Իշխան Սաղաթելյանը չի ծառայել բանակում,- խորհրդարանում ԱԺ երրորդ փոխնախագահի թեկնածության հարցի քննարկման ժամանակ դիմելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ հավելելով,- Սա նաև ուզում եմ ֆիքսել մեր ունկնդիրների համար, որովհետև այս մասը բաց մնաց, և նաև ուզում եմ նշել, որ  ՔՊ կուսակցության կողմից ներկայացված և ընտրված երկու ԱԺ փոխխոսնակներն ու ԱԺ նախագահը ծառայել են բանակում»:

Ի պատասխան՝ Սեյրան Օհանյանը Հայկ Սարգսյանին հիշեցրեց ՀՀ Զինվորական ծառայության և Զինծառայողի կարգավիճակի մասին օրենքը, ըստ որի՝ գիտական աստիճանի դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայությունից տրվում է տարկետում.

«Ինքը կրթություն է ստացել և կրթության պատճառով Զինվորական ծառայության և Զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի համաձայն է ազատվել, գիտական աստիճան ունի, բայց այնուհետև, ինչպես շատ-շատերը, ինքն անմիջապես կապ է ունեցել այն ջոկատների և այն ստորաբաժանման հետ, որոնք կազմավորվել են ՀՅԴ կուսակցության ջանքերով:

Բացի դրանից՝ ինքն առաջին իսկ օրվանից Ապրիլյան պատերազմի մասնակից է, իսկ 44-օրյա պատերազմում, իր ջոկատի ստորաբաժանման հետ միասին, պարբերաբար գտնվել է Արցախում»:

Նույն խմբակցությունից Գեղամ Մանուկյանն էլ խոսքում հորդորեց Հայկ Սարգսյանին նաև Իշխան Սաղաթելյանից տեղեկանալ իր ծառայած-չծառայած լինելու պատճառների մասին, ապա նկատեց․ «Իշխան Սաղաթելյանն առնվազն գիտությունների թեկնածու է և ասպիրանտուրա սովորելու պատճառով չի ծառայել, և ոչ թե ինքնավնասումով բանակից թռած»:

Նկատենք՝ Գեղամ Մանուկյանի այս ակնարկն ուղղված էր ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանին. երբ նա ստանձնել էր Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնը, լրատվամիջոցները վեր էին հանել նրա կենսագրության անցանկալի դրվագները, մասնավորապես նշելով՝ Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանը բանակից ազատվել է ինքնավնասման հիմքով:

Գեղամ Մանուկյանը մեկ այլ  օրինակով էլ, առանց անունը հանրայնացնելու, հիշեց Վահան Կոստանյանին, որին կառավարությունը տարկետման իրավունք էր տվել «գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ» ունենալու համար 2018 թվականին հուլիսին տարկետում ստացած Վահան Կոստանյանը օգոստոսին արդեն նշանակվեց իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ։

«Քաղաքական մեծամասնություն,  2018 թ․ ձեր կուսակցության մամլո խոսնակը  օրենքը փոխելու արդյունքում ընդունվեց ասպիրանտուրա, եղավ ԱԺ նախագահի օգնական, հետո խորհրդական, երեք տարի շարունակ բանակում չեղավ, զբաղեցրեց մեկ այլ խելացի մարդու տեղ, գուցե, ասպիրանտուրայում, իսկ այս տարվա մայիս ամսին դիմում գրեց՝ ասպիրանտուրայից դուրս եկավ. երեք տարի պետական հովանավորությամբ բանակից թռավ,  և հիմա էլ հայտնի չէ՝ գնա՞ց ծառայության, թե՞ ոչ»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Նկատենք՝ գուցե Հայկ Սարգսյանն իր օրինակները ներկայացնելիս մոռացե՞լ էր իրենց թիմին, որի բազմաթիվ ներկայացուցիչներ՝ նաև օրենքի պահանջով, չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն, այդ թվում՝ իր կուսակցության առաջնորդ, գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախկին նախագահ և կուսակից ընկեր Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, և, ի վերջո, եթե ծառայության հանդեպ այդչափ սկզբունքային մոտեցում ունի Հայկ Սարգսյանը, ինչո՞ւ է մոռանում, որ ՀՀ Զինված ուժերում պարտադիր ծառայություն չի անցել իր եղբայրը՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

Հիշեցնենք նաև, որ ԱԺ-ում, բացի պարբերաբար սկանդալների կենտրոնում հայտնվելը՝ Հայկ Սարգսյանի օրենսդրական գործունեությունը նշանավորվել էր Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին աղմկահարույց նախագծով, ըստ որի՝ քաղաքացին, վճարելով 10 միլիոն դրամ, ազատվում է երկու տարվա պարտադիր զիծառայության պարտավորությունից` ծառայելով ընդամենը մեկ ամիս: Ասել է թե՝ ունե՞ս 10 միլիոն դրամ, կազատվես երկամյա ծառայությունից, չունե՞ս՝ ծառայիր: Օրենքի այս նախագծին դեմ էր արտահայտվել նաև Պաշտպանության նախարարությունը, և այն արդեն մի քանի ամիս անց հանվեց նաև քննարկումների օրակարգից:

Տեսանյութեր

Լրահոս