Լիճքի հիմնական դպրոցի տնօրենն ահազանգում է՝ դպրոցի ֆուտբոլի դաշտի հաշվին ճանապարհ է տրամադրվել հարևանությամբ ապրող բնակչին
Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Գագիկ Մկրտչյանն ահազանգում է՝ դպրոցապատկան տարածքն անհասկանալի հիմնավորմամբ տրամադրվում է համագյուղացուն՝ որպես ճանապարհ:
168.am–ի հետ զրույցում դպրոցի տնօրենը զարմանքով արձանագրեց՝ դեռ 1936 թվականից դպրոցի տարածքը փոփոխության չի ենթարկվել, իսկ այժմ՝ հապճեպ որոշումներով, փորձում են նոր ճանապարհ անցկացնել հենց դպրոցի դարպասներից ներս:
«Դեռ Ստալինի ժամանակներից խունացած այդ պատերը կան, ու ինձ համար շատ տարօրինակ է այս իրավիճակը: Մենք՝ դպրոցը, ծնողները, ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ հարցը լուծվի, և, որ այլ տեղով տարվի ճանապարհը, ինչի հնարավորությունն ունեն,- ասաց տնօրենը՝ մանրամասնելով,- Դպրոցի հարևանությամբ մի շենք կա, որը դեռևս 1960-ական թվականներից կառուցված է եղել, և դեպի այդ շենք գնացող ճանապարհն անցնում էր հարևանի հողամասի մի հատվածով, սակայն, չգիտես՝ ինչու, այդ ճանապարհը փակվեց, իսկ այդ շենքում բնակվողները սկսեցին երթևեկել դպրոցի բակով:
Նշեմ, որ այդ շենքում բնակվում են Լիճքի համայնքի ղեկավարի օգնական Պարգև Հոխիկյանի որդու ընտանիքի անդամները: Դպրոցի բակը մեծ է, ես իրենց թույլ եմ տվել երթևեկել, սակայն զգուշացնելով, որ խստորեն պահպանեն անվտանգությունը՝ հաշվի առնելով, որ դպրոցի բակ է, ու աշակերտներ են լինում բակում:
Սակայն այդ մարդիկ մեր բարի կամեցողությունն ընդունելուց հետո, ապրիլի 30-ին, գյուղապետարանի այլ աշխատակիցների ուղեկցությամբ եկան դպրոցի բակ և այն հատվածում, որն իրենց հարմար է, ամենամոտն է կենտրոնական ճանապարհին, սկսեցին ինչ-ինչ աշխատանքներ կատարել՝ ցցեր խփել, թելեր կապել, և ճանապարհ առանձնացրեցին դպրոցի տարածքի հաշվին, դպրոցի դարպասներից ներս՝ մոտ 50 մետր երկարությամբ և 5 մետր լայնքով:
Պարգև Հոխիկյան կոչվածն այդ ընթացքում անընդհատ հայհոյանքներ էր տեղում: Ես հասկացա, որ դա ուղղված էր մեզ, քանի որ իրենք ամիսներ առաջ իրենց շենքի կոյուղին բացել էին անմիջապես դպրոցի հրապարակի վրա ու սանհանգույցի պարունակությունն ու կեղտաջրերն անմիջապես գալիս էին դպրոցի բակ: Այդ անձը փորձեց իմ ձեռքից վերցնել և պատռել վկայականը, որը ներկայացրի, ապա նաև ոտքով հարվածեց: Ի դեպ, այդ միջադեպի վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել ոստիկանություն. այժմ գործը քննվում է դատախազությունում»:
Գագիկ Մկրտչյանը նշեց՝ կոյուղու խնդրով դիմել է գյուղապետին, և շուրջ վեց ամիս է պահանջվել խնդիրը լուծելու համար, այն էլ՝ մասնակի, քանի որ կոյուղին ուղղվել է մի փոսի մեջ, որը կրկին դպրոցի տարածքին է պատկանում: Այս խնդրից հետո արդեն առաջ է եկել ճանապարհի խնդիրը.
«Ճանապարհի հարցով մի քանի անգամ դիմել եմ մարզպետին, վերջերս՝ նաև վարչապետին: Մարզպետը գրություն է ուղարկել՝ նշելով, որ գյուղի հատակագծի և դպրոցի վկայականի մեջ կա անհամապատասխանություն, հանձնարարել է, որ գյուղապետի հետ միասին այդ ճշտումը կատարենք: Դրանից մեկ ամիս անց գյուղապետն ինձ տրամադրել է դպրոցի կադաստրի նոր վկայականը, որում չկա հատակագիծ, սակայն այդ վկայականում արդեն հողամասի չափը պակասել է 269 քմ-ով: Նաև տվել է քաղվածք կադաստրային քարտեզից, ըստ որի՝ մեր դպրոցից՝ ֆուտբոլի դաշտի հաշվին, առանձնացվել է 5 մետրանոց և 52.2 մետր երկարությամբ ճանապարհ. Ֆուտբոլի դաշտն արդեն չեն կարող որպես այդպիսին օգտագործել: Դրա մեջ հղում է կատարված 2006 թվականի կառավարության 454 Ն որոշմանը՝ մինչդեռ ինձ մոտ է 2011 թվականի վկայականը, որով հողամասի չափը նույնն է, ինչպես որ 2011 թվականից առաջ էր»:
Լիճք գյուղի հիմնական դպրոցի տնօրենը չի հասկանում, թե ինչպես է 2006 թվականի որոշման հղումը հայտնվել վերջին վկայականում, սակայն առկա չէ 2011 թվականի վկայականում:
Ի դեպ, տնօրենը տեղեկացրեց նաև, որ ի պատասխան հարցումների՝ մարզպետարանից ուղարկել են նաև փաստաթղթեր, որոնք հաստատում են, թե այդտեղ ճանապարհ է հատկացվել դեռ 2006 թվականից:
«Ուզում եմ պարզել՝ ինչո՞ւ են հետին թվով այդ փաստաթղթերը ներկայացվում, և ինչո՞ւ 2011 թվականի վկայականում չկա այդ որոշման մասին հիշատակում»,- եզրափակեց մեր զրուցակիցը: