
Օլիմպիական խաղերը պանդեմիայի ժամանակներում

Տոկիոյի Օլիմպիական խաղերը տարիներ անց կհիշվեն ոչ թե բացառիկ բացման արարողությամբ կամ էլ մեդալների առատությամբ, այլ նրանով, որ Ճապոնիան միակ երկիրն է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում կարող էր և ընդունեց Օլիմպիական խաղերը:
Առաջիկա մի քանի օրերին ընթացքում ձեզ հետ կկիսվեմ նրանով, ինչ կտեսնեմ, կլսեմ և կսովորեմ ճապոնացիներից և Տոկիոյում:
Մենք ուղևորությունից մոտ մեկ ամիս առաջ մեր հեռախոսներ մեջ հատուկ ծրագրեր ներբեռնեցինք, որոնք կոչվում են Ocha և Cocoa: Դրանք պետք է վերահսկեն մեր տեղաշարժը, և մենք պետք է այնտեղ ամեն օր լրացնենք, թե որքան է մեր ջերմությունը: Մի շարք ծրագրային բարդություններից հետո դրանք սկսեցին աշխատել:
Հայաստանը ներկայացնող մի շարք լրագրողներ` նրանց թվում և ես` Արմենպրես պետական լրատվական գործակալության մարզական թղթակից Վարվառա Հայրապետյանս, ժամանեցինք Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո`32-րդ ամառային Օլիմպիական խաղերին: Բայց մինչ կհասնեինք այնքան սպասելի խաղերի լուսաբանմանը, Տոկիո ժամանելուն պես սկսվեց թղթաբանություն. մեկիկ-մեկիկ լրացրել ենք թղթերը և անցել հերթական պատուհանների մոտով. համբերատար, զուսպ և պարկեշտ ճապոնացիները մեղմ և ցածրաձայն բացատրում, ուղեկցում էին մեզ ամենուր:
Երբ իջնում էինք Տոկիոյի Հանեդա օդանավական` վերևից Տոկիոյին նայելիս մտածում էի՝ ինչպես կարող է այդքան շատ երկրաշարժեր, ցունամիներ տեսած երկիրն այսքան հավասարաչափ ու կոկիկ քաղաք ունենալ:
Այո, ճապոնացիների համբերատարության և կամքի մասին լեգենդներն իրական են: Նրանք բարի, զուսպ մարդիկ են՝ իրենց առավելություններով և քիչ թերություններով:
Կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանից հետո մենք ուղևորվեցին լրագրողների համար նախատեսված Մեդիա կենտրոն, որը աշխատանքային օրվա ավարտին կիսադատարկ էր:
Ճապոնացիները միլիարդավոր դոլարներ են ծախսել այս խաղերն անցկացնելու համար, սակայն առաջին իսկ հիասթափությունն այն էր, որ տրանսպորտային համակարգը, որ ծառայում է մեդիայի և մարզիկների համար, թերի է: Ի տարբերություն Ռիո դե ժանեյրոյի Օլիմպիական խաղերի, այստեղ ավտոբուսներն ուշ-ուշ են աշխատում, և դա դանդաղեցնում է աշխատանքային ռիթմը:
Տոկիոյից` Վարվառա Հայրապետյան