«Եթե նման ձև վարվեն մեզ հետ, կհրաժարվեմ քաղաքացիությունից, իմ երեխեքին չեմ թողնի ստեղ իրենց համար ծառայեն, որ մի հատ էլ էս տոնով իմ հետ խոսեն»․ անապահով ընտանիքին զրկել են նպաստից

Գեղարքունիքի մարզի Ցամաքաբերդ համայնքի բնակիչ Համեստ Հախումյանը, 20 տարուց ավելի է՝ ապրում է կիսակառույց և խոնավ տանը, որ նույնիսկ իրեն էլ չի պատկանում: 168.am-ի հետ զրույցում Համեստը պատմեց, որ որպես միայնակ մայր՝ երկար տարիներ նպաստ էր ստանում՝ 30.000 դրամ, սակայն օրեր առաջ իրեն տեղեկացրել են, որ այլևս նպաստ չեն հատկացնելու։

Կնոջ խոսքով՝ պատճառն իրենց խարխուլ տնից որոշ ժամանակով բացակայելն է։ Բանն այն է, որ անձրևաջրերից փայտե աստիճանները փտել են, կոտրվել, երեխաներն էլ խոնավությունից տարբեր առողջական խնդիրներ ունեն, և բարեկամներից մեկի առաջարկությամբ մի քանի օրով տեղափոխվել են վերջինիս տուն, մինչև կարողանան ինչ-որ ձևով վերանորոգել տունը և կրկին վերադառնալ․

«Երեխու ոտքը որ կոտրվել է, ցուրտ օրերին ցավում է, որ ցուրտ օրեր են լինում՝ ծանոթի տանն ենք գնում մնում, թե չէ ընդհանրապես այդ քամբախ տանն ենք մնում։ Հիմա փարոսից պատճառաբանում են, թե՝ գրանցված ես Ցամաքաբերդի վրա, բայց այդտեղ չես ապրում, որտեղ գրանցված ես, այդտեղ պետք է ապրես, թե չէ՝ չենք տա նպաստ։

Ասում են՝ եթե գնացինք, հարևաններից հետաքրքրվեցինք, որ Ցամաքաբերդում չես մնում՝ «Փարոսդ» չես ստանալու։ Ասում եմ՝ անհնար է այդ տանը ապրել, «Փարոսի» այդ աղջիկը պատասխանում է՝ ինձ հետաքրքիր չէ, հարևանների տվյալներն ավելի ճիշտ են, ասում է՝ ես նյութեր եմ հավաքում, տեսնեմ՝ ով ինչ է անում, որ կտրեմ․․․ Քաղաքապետի օգնականին ասում եմ՝ «Փարոսը» կտրում են, ասեց, որ քո «Փարոսը» կտրում են, ո՞ւմ են ուզում «Փարոս» տան, չէ՞ որ դու իրոք կարիքավոր ես․․․ Ցամաքաբերդի տունն էլ  ծնողներիս գոմն է եղել, առել են, որ տուն սարքեն, չեն կարողացել, ասել են՝ արի, յոլա գնա, բայց դե հիմա լրիվ քանդվել է, էլ հնարավոր չի ապրել»։

Համեստն ասաց, որ օրեր առաջ դիմել է Սևանի քաղաքապետին, խնդրել հանրակացարանում մի սենյակ տրամադրել, նվեր չի ուզում, մի քիչ օգնեն, ինքը գնի․

«Ասեցի՝ ինչ կլինի, հանրակացարանում մի հատ տեղ տուր, թեկուզ փակովի, որ առնեմ՝ մնամ, ասեց՝ հետաքրքրվի, տես ով է տալիս, օգնենք, առնենք, թե չէ, ոչ մի տեղ չկա, բայց գիտեմ, որ լիքը ազատ տներ կան հանրակացարաններում, պատուհանները կոտրած, դռները կոտրած․․․ Մյուս տարի էս օրը իմ երեխեն բանակի է, մի զինվոր արդեն ունեցել եմ, Թալիշում է ծառայել՝ առաջին գիծ, հիմա էլ էս մեկը պետք է գնա, 17 տարեկան է, փոքր տղես էլ 10 տարեկան է, բա 3 զինվոր ունեմ, էսօր իմ երեխեքին որտեղի՞ց ուղարկեմ բանակ․․․ Եթե նման ձև վարվեն մեզ հետ, կհրաժարվեմ քաղաքացիությունից, կգնամ դեսպանատուն, դիմում կգրեմ ու կգնամ, իմ երեխեքին չեմ թողնի ստեղ իրենց համար ծառայեն, որ մի հատ էլ էս տոնով իմ հետ խոսեն, նման ձև վերաբերվեն մեզ»։

Համեստը նաև ասաց, որ պատերազմի օրերին զինվորներին զորամաս հասցնելուց հետո՝ վերադարձի ճանապարհին, աղջկա ամուսինը ավտովթարից մահացել է, և որ նոյեմբերից աղջկա 2 մանկահասակ երեխաների համար էլ էին նպաստ տրամադրում, բայց հիմա նրանց նպաստն էլ չեն վճարում․

«Փեսաս նոյեմբերի 3-ին ավտովթարից մահացել է, հիմա աղջկաս «Փարոսն» էլ են կտրել, էս ամիս գրել են՝ չվճարել։ Այդ դեպքից հետո աղջիկս տեղափոխվել էր մեր տուն, 2 անչափահաս երեխա ունի, 32.000 դրամ նպաստ էր ստանում, իմացան, որ այս պահին մեր հետ չի ապրում՝ իր նպաստն էլ կտրեցին, բայց աղջիկս գնացել էր ամուսնու հայրական տուն, միայն այստեղ չի ապրում, երեխաների հետ գնում-գալիս է։

Տեսանյութեր

Լրահոս