Եթե հայ-իրանական շահերի համընկնում տեղի ունենա, Իրանը կգործադրի դիվանագիտական, նաև քաղաքական հնարավորությունները. իրանագետ
Իրանը պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական բանակցությունների համար: Նման հայտարարություն է արել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար ցանկացած օգնություն ցուցաբերելու` Իրանի պատրաստակամության մասին. հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը: Նա նաև նշել է, որ երկու երկրներին անհրաժեշտ է հնարավորինս շուտ դադարեցնել սրումն ու բախումները և Հարավային Կովկասում հասնել հրադադարի:
Իրանագետ Գարիկ Միսակյանը 168.am-ի հետ զրույցում խոսել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության, սահմանային հակամարտության զսպման մեխանիզմների շուրջ:
– Պարոն Միսակյան, միջնորդի դեր Իրանը փորձեց ստանձնել նաև 44-օրյա պատերազմի օրերին, բայց կարծես թե ոչինչ չստացվեց, այս դեպքում ա՞յլ կլինի:
– Եթե ընդհանուր նայենք Իրանի հայտարարություններին՝ արցախյան հակամարտության ողջ շրջանում և 44-օրյա պատերազմից հետո, ապա Իրանը միշտ ցանկացել է ստանձնել միջնորդական առաքելություն, սակայն մինչ օրս հաջողություն չի ունեցել: Ներկա պահին Իրանի հայտարարությունները նախ միտված են, որ բացառվեն իրենց հյուսիսային սահմանում ավելի լայնամասշտաբ ռազմական բախումները: Այսինքն, իրանական կողմը չի ցանկանում, որ նորից լայնամասշտաբ բախումներ լինեն Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հատկապես ելնելով նաև այն հանգամանքից, որ Թուրքիայի ազդեցությամբ կամ դրդմամբ Ադրբեջանը կարող է նաև Հայաստանի հանդեպ արդեն ոտնձգություններ անել և վտանգել ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները, ինչն Իրանի համար վտանգ է համարվում:
Իրանական կողմը, նաև հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան դե ֆակտո ներգրավված է Հարավային Կովկասի գոծընթացներում, ցանկություն ունի ներգրավվել, ու հենց այդ պատճառով էլ 3+3 ձևաչափն է առաջարկվում: Եվ եթե մինչև արցախյան երկրորդ պատերազմն ընկած ժամանակահատվածն իրանական կողմում տեսակետ կար, որ Հարավային Կովկասը ռուսական ազդեցության գոտի է, և պետք չէ Ռուսաստանի հետ մտնել հակասությունների մեջ՝ այս տարածաշրջանում, ապա Թուրքիայի մուտքից հետո իրանական կողմը չի ցանկանում հետ մնալ ու իր քաղաքական ներգրավվածության պատճառով էլ ձգտում է 3+3 ձևաչափին: Այն, թե ինչ կլինի, ձևաչափը կիրականանա՞, թե՞ ոչ՝ կախված է կողմերի, ինչպես նաև միջազգային խաղացողների ցանկությունից: Պետք է սպասենք նաև ՀՀ պաշտոնական կարծիքին:
– Ընդհանրապես Իրանն ի՞նչ դեր կարող է խաղալ սահմանային հակամարտության զսպման դեպքում:
– Մեր կողմից ևս այդ ուղղությամբ պետք է աշխատանք լինի, այսինքն՝ եթե հայ-իրանական շահերի համընկնում տեղի ունենա, ապա Իրանը կգործադրի դիվանագիտական, նաև քաղաքական հնարավորությունները՝ սահմանային հակամարտությունների զսպման դեպքում, հատկապես, եթե դրանք վերաբերում են Սյունիքին, հայ-իրանական ցամաքային սահմանին: Այսինքն, այստեղ Իրանը կարող է լուրջ դերակատարություն ունենալ, քանի որ շահերի համընկնումը հենց հայ-իրանական ցամաքային սահմանին է վերաբերում: Իրանը գործնականում դեմ չէ տարածաշրջանային ապաշրջափակմանը, եթե դրանք չեն վտանգում հայ-իրանական սահմանը: Իրանական կողմում նաև դրական են վերաբերվում Նախիջևանի երկաթուղու գործարկմանը:
– Ինչո՞ւ Իրանը դատապարտող հայտարարությամբ հանդես չի գալիս, չէ՞ որ ակնհայտ է՝ Ադրբեջանն է խախտում հայ-ադրբեջանական սահմանը, հայտնվում ու չի հեռանում ՀՀ տարածքից, այդ երկիրն է լարվածություն ստեղծում, և այլն:
– Ընդհանուր առմամբ, եթե նայենք Իրանի հռետորաբանությանը նաև արցախյան հակամարտության շրջանում, ապա մշտապես տարածքային ամբողջականության պահպանման, հարցերը խաղաղ լուծելու վերաբերյալ են: Իրանը որևէ կողմի չի դատապարտում, սակայն դատապարտում է հենց ռազմական գործողությունները, ինչը ներկա փուլում նաև հայկական կողմի տեսակետներից է:
Իրանը նաև բազմիցս հայտարարել է միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին: Եթե արցախյան հակամարտության ժամանակ դա հայամետ չէր, ապա Սյունիքի և Գեղարքունիքի հետ կապված խնդիրներում դա կարող է բավականին հայամետ լինել: Չեմ կարծում, որ ներկա պահին Իրանը շատ կոշտ, դատապարտող հայտարարություններ կանի: Չպետք է մոռանալ, որ Իրանում տեղի է ունենում իշխանության փոփոխություն, նոր նախագահ է իշխանության եկել, նոր կառավարություն պետք է ձևավորվի, որից հետո կհասկանանք կառավարության դիրքորոշումը: Ներկա անցումային փուլում, կարծում եմ՝ Իրանը խուսափելու է որևէ լուրջ քայլից կամ հայտարարությունից՝ դա թողնելով հաջորդ նախագահին և կառավարությանը: