Ինչո՞ւ է իշխանությունը հրատապ՝ միլիոնավոր դոլարներով մեկ անձից գնումով նորոգում Սյունիք տանող ճանապարհները

2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը միլիարդավոր դրամների մեկ անձից գնումներ է կատարել ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներով զբաղվող տարբեր ընկերությունների հետ։

Մասնավորապես՝ 1 միլիարդ 220 միլիոն դրամի գնում է կատարվել «Քարավան» ՍՊԸ-ից, 2 միլիարդ 786 միլիոն դրամի գնում Պապիկյանի ղեկավարած նախարարությունը կատարել է Գորիսի նախկին քաղաքապետի ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար և այլ դրվագներով դատապարտված Նելսոն Ոսկանյանին պատկանող «Ոսմար» ՍՊԸ-ից, 1 միլիարդ դրամի գնում էլ կատարվել է «Ապառաժ» ՍՊԸ-ից։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով իշխանությունների կողմից կատարվող մեկ անձից գնումների մասին, գնումների մասնագետ, տնտեսագետ Միլենա Գասպարյանն ասաց.

«Կառավարությունը, տարեցտարի ավելացնելով մեկ անձից կատարվող գնումները, փորձում է արդարացնել դրանք անհետաձգելի որոշումներով։ Օրինակ՝ Սյունիք տանող Հ-46 ճանապարհի հիմնանորոգման համար կատարվել է մեկ անձից գնում, երբ այդ ճանապարհի շինաշխատանքների մեկնարկը տրվել էր դեռևս 2020 թվականի հուլիսին։

Հարց է առաջանում՝ իսկ Սյունիք տանող այդ ճանապարհի շինարարությունը հիմա ինչո՞ւ հրատապ դարձավ. գուցե այն պատճառով, որ այլընտրանքայինից այն վերածվելու է հիմնական ճանապարհի՞։ Իսկ գուցե կան խնդիրներ, որոնց մասին քաղաքացիները չգիտե՞ն։

Չէ՞ որ Սյունիք տանող Մ2 հիմնական ճանապարհին մենք ամեն օր ականատես ենք լինում, թե ինչպե՞ս են ադրբեջանցիները քարերով հարվածում անցնող մեքենաների պատուհաններին, մարդիկ են գերի ընկնում։ Հիմա միլիոնավոր դոլարի մեկ անձից գնումով նորոգում են այդ այլընտրանքային ճանապարհները»,- ասաց Գասպարյանը՝ չբացառելով, որ գուցե Սյունիքում պլանավորված տարածքային զիջումներն են պատճառը, որ գործող իշխանությունն այլընտրանքային ճանապարհն արագ վերանորոգում է՝ հիմնականին փոխարինող դարձնելու համար։

Ըստ նրա՝ նվազագույն բանը, որ կարող էր անել նախարարությունը, մրցույթ հայտարարելն էր՝ գոնե 15 օրով, որովհետև մեկ անձից կատարվող գնումները միշտ եղել են ամենառիսկայինը, ուստի դրանք պետք է տարեցտարի հասցվեն նվազագույնի, իսկ իշխանությունն անում է ճիշտ հակառակը՝ մրցակցային դաշտը հավասարեցնելով զրոյի։

«Օրինակ, 2020 թվականի հունիսի 20-ի Կառավարության որոշումներից մեկով սահմանվել է, որ ճանապարհների շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություններին վերաբերող գործառույթները պետք է միավորվեն։ Միավորումից հետո թույլատրվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը պայմանագիր կնքել «Կոքս Քնսալթ» ընկերության հետ՝ 527 միլիոն դրամի չափով. ընկերությունը գերմանական է։ Մեկ անձից գնման պայմանագիր են կնքել նաև իտալական «Էդիթ ինթերնեյշն» ընկերության հետ։ Այս երկու ընկերությունների հետ պայմանագրեր կնքելով՝ նախարարությունը զրկել է գնումների մրցույթներով գոյատևող, դրանց մասնակցելով շահող մեր տեղական ընկերություններին գործ անելու հնարավորությունից։

Նշենք, որ ճանապարհաշինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության համար գումարը նախքան մեկ անձից գնում կատարելը 2 տոկոսից բարձրացրել են և դարձրել 5 տոկոս»,- ասաց Գասպարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս