Աստծո առաջնորդները
Նախահայրեր անվան տակ Հայ Առաքելական եկեղեցին նշում է հինկտակարանյան բոլոր սրբակենցաղ և արդար անձանց հիշատակը: Սուրբ Ծննդոց գիրքը ընթերցելիս տեսնում ենք, որ մարդկության թվաքանակի աճի հետ միասին, Աստված իր ուշադրությունը սևեռել է կոնկրետ անձի կամ գերդաստանի վրա: Այսինքն ընտրյալ մարդկանց միջոցով է ձևավորվում քաղաքակրթությունը, մշակույթը և հատկապես հոգևոր կյանքը: Նախահայրերը դարձել են հոգևոր դաշտի հոգևոր լուսատուները: Այս մարդկանց մասին կարող ենք խոսել իբրև Մարգարեներ, մարդիկ, ովքեր Աստծո հոգին իրենց մեջ ունեին: Նրանք ընդհանուր գծով ցույց են տալիս Աստծո խնամքը սերնդից սերունդ:
Երբ մենք նայում ենք Տասնաբանյա պատվիրաները, տեսնում ենք, Աստված զգուշացում է տալիս, որ իրեն չհավատացող սերունդները պատժի են արժանանալու: Այն սերունդները, ովքեր պահել են նրա խոսքը և եղել են հավատարիմ օրհնվել են: Երբ Պողոս առաքյալը Գաղատացիներին ուղված նամակում խոսում է Քրիստոսով մկրտվելու մասին նոր մկրտյալին, անկախ նրա ազգությունից, կոչում է Աբրահամի ուխտի ժառանգ: Հետևաբար մենք պիտի ստանանք այն խոստումը, ինչ-որ Աստված տվեց Աբրահամին:
Նախահայրերի շարքում Ադամը ևս հիշատակվում է, չնայած որ ադամական մեղքի մեջ է եղել: Հետաքրքիրն այն է, որ այն մարդիկ ում կյանքի մեջ տեսնում ենք սխալներ, Աստծուց հեռանալու կենցաղավարության օրինակներ, դարձան Աստծո այս մեծ ճամփորդության կարևոր առաջնորդներն ու նահապետները, որոնց հետևից գնացին մարդիկ, սերունդներ և ազգեր:
Ադամի, Աբելի և Սեթի սերունդներին բնորոշ է եղել Աստծուն հավատարիմ լինելու ընթացքը: Հատկապես Աբելի և Սեթի, ովքեր արդար անուն ունեին և դրանով նաև եղան ուղղենիշ իրենց սերունդների համար: Հինկտակարանյան այս դեմքերը դարձան Աստծո ծրագիրը կրողը և դրա մեկնաբանողը: Երբ կարդում ենք Սուրբ գիրք, տեսնում ենք, որ նրանց կյանքը շատ կարճ բառերի մեջ է ամփոփված, հետևաբար մենք պետք է տեսնենք նախահայրերի կյանքի մեջ Աստծո միջամտության շղթան և դրա մեջ կարդանք նաև մեր կյանքը: Հետագայում մենք էլ նախահայր ենք դառնալու մեկ ուրիշ սերունդի համար և պետք է ունենանք պատասխանատվության զգացում այն Աստծո նկատմամբ, Ով մեր հետ խոսում է և մեր միջոցով ցանկանում է խոսել նաև մեր զավակների հետ: