Հայ մտավորականի 7 երանգները

Մտավորականությունն առհասարակ ժողովրդին համախմբող, երկրում համերաշխություն հաստատող, գաղափարներ առաջ քաշող, երկիրը դժվարին իրավիճակից հանելու ուղիներ փնտրող դերակատարում պետք է ունենա: Իհարկե, Հայաստանում բոլոր ժամանակներում մտավորականներից շատերը հիմնականում պալատական աշուղի դեր են ստանձնել, իշխանության մոտ գտնվելով և նրանց գովերգելով՝ իրականում անձնական բարեկեցության խնդիրներ են լուծել՝ օգտվելով այս կամ այն արտոնություններից, կարգավիճակից:

Արցախյան 44-օրյա պատերազմից ու նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթից, Սյունիքում հայտնված թշնամու և նրա կողմից գյուղերի մի մասի վրա վերահսկողություն սահմանելուց հետո, 5 հազարից ավելի զոհերի, անհետ կորածների, գերավարվածների, բազմաթիվ ընտանիքների անօթևան դառնալուց հետո, թվում էր, թե Հայաստանում չի գտնվի գեթ մեկ մտավորական, որը սազը ձեռքին  կգովաբանի այս ավերածությունների, կորուստների մեղավոր իշխանությանը։

2018 թվականին ներկայիս իշխանության հետ միասին փողոց դուրս եկած ու իշխանափոխություն պահանջած  որոշ մտավորականներ 2020 թվականին սկսեցին ժողովրդի ու հայրենիքի առջև մեղանչել, թե սխալ մարդու համար են պայքարել և երկրում ստեղծված իրավիճակի համար որոշ չափով նաև իրենք են մեղավոր, որ հավատացել են Նիկոլ Փաշինյանին և նրա «քայլողների» կառավարությանը։ Սակայն այդ մտավորականների մեջ եղան մարդիկ, որոնք շարունակեցին իրենց ճանապարհը 2018 թվականի տրամաբանությամբ՝ գովերգելով և մեծ փրկչի դերում ներկայացնելով Նիկոլ Փաշինյանին, նույնիսկ այն դեպքում, երբ նրա հեղափոխական կոչված իշխանությունն այսքան արհավիրքներ բերեց մեր երկրին։ Այդ մտավորականներից մեկը արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանն է։

Այն, որ աղանդավորները Նիկոլ Փաշինյանին համեմատում են Հիսուսի հետ (որովհետև ինքն էլ է ժամանակ առ ժամանակ իրեն Աստծո կամ Աստծո որդու հետ նույնացնում), այդքան չի զարմացնում, որքան այն, որ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը  նրան համեմատել էր ոչ ավել, ոչ պակաս՝ Սոկրատի հետ: Դեռևս 2018 թվականի մայիսի 2-ին թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանը հիացած գրել էր.

«Նիկոլ,
Ինձ հիացնում է քո քաղաքական տաղանդը, իմացությունը, կամքը և սոկրատյան հանգստությունը քո ստուգապես կողմնորոշված պատասխաններում։ Դու գերազանցել ես մեր անկախության շրջանի բոլոր քաղաքական գործիչներին։ Քեզ հակադրվողները պետք է գիտակցեն, որ իրենց յուրաքանչյուրին մեկ առ մեկ տեսնում ու լսում են ամբողջ Հայաստանում ու Սփյուռքում»։

Թերևս, պրոֆեսոր-թատերագետի այս խոսքերի մեջ ճշմարտության մի մեծ հատիկ կա, օրինակ այն, որ նորանկախ Հայաստանի ղեկավարներից որևէ մեկը կապիտուլյացիա չի ստորագրել, Արցախի 75 տոկոսը չի տվել թշնամուն, թշնամուն Սյունիք չի բերել, 5000 երիտասարդների կյանք չի խլել, 10.000-ից ավելի տղաների հաշմանդամության պատճառ չի դարձել…

2018 թվականից մինչև օրս Հենրիկ Հովհաննիսյանի կողմից իշխանությանը և Նիկոլ Փաշինյանին ուղղված գովեստները չեն դադարում։

Օրերս Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվականում հրապարակվել էր Հենրիկ Հովհաննիսյանի հարցացրույցը՝ կրկին ձոն առ Նիկոլ Փաշինյան։ Այդ հարցազրույցում նա ասում է, որ իր համար կարևոր են երկրի կառավարման ղեկին գտնվողի նպատակները, իսկ Նիկոլ Փաշինյանի նպատակները նա բարոյական է համարում։ Ապա անդրադառնալով ՀՀ նախկին նախագահներին, ասել էր, թե  նրանք երկրի մասին չեն էլ մտածել, այլապես ինչո՞ւ պիտի նրանք այդքան հարստանային:

«Ի՞նչ եք սարքել, ի՞նչ եք ստեղծել, ի՞նչ եք շինել, որ այդքան հարստություն ունեք. Հյուսիսային պողոտա՞ն, իսկ որքա՞ն մարդիկ տներից զրկվեցին: Ո՞ւմ է պետք այդ պողոտան, ո՞ւմ համար է դա: Այդքան մարդ Երևանի կենտրոնում ապրող կորցրեց տունը, և ստացածը ի՞նչ էր: Ինչո՞ւ այդքան մարդու անտուն թողեցիք: Սրանից խոսեք»,- Փաշինյանի ընտանեկան թերթին տված հարցազրույցում օրեր առաջ ասել էր նա։

Պարզվում է՝ Հենրիկ Հովհաննիսյանի մոտ «ձևավորված ավանդույթ» կա՝ գովել օրվա իշխանությանը, նախագահին՝ այնքան ժամանակ, քանի դեռ այդ անձը կառավարման ղեկին է, օգտվել ընձեռված բոլոր հնարավորություններից, ապա… հիշողության կորուստ դրսևորել:

Արխիվը հրաշալի բան է: Արխիվներից մենք դեռևս ընդամենը մեկ հոդված կհիշեցնենք նույն Հենրիկ Հովհաննիսյանի փայլուն մտքերից, որոնք նա ժամանակին հնչեցրել էր Ռոբերտ Քոչարյանի հասցեին:

Այսպիսով՝ Հենրիկ Հովհաննիսյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահ եղած տարիներին հարցազրույց էր տվել «Հայոց աշխարհ» թերթին և Ռոբերտ Քոչարյանին բնորոշել էր՝ որպես գործի մարդ։

Երբ նրան հարց են ուղղում, թե ինչպիսի՞ն պետք է լինի երկրի նախագահը, Հենրիկ Հովհաննիսյանը տալիս է հետևյալ պատասխանը.

«Երբ մարդկանց հարց են տալիս, թե ինչպիսին պետք է լինի Հանրապետության նախագահը, մարդիկ սկսում են թվարկել մարդկային առաքինությունների մի ամբողջ շարք, նա պետք է լինի արդարամիտ, բարի, պետք է սիրի մարդկանց, օգնի ժողովրդին փրկի հայրենիքը։ Սրանք ընդհանուր խոսքեր են, սա նշանակում է խնդրին մոտենալ սենտիմենտալ տեսանկյունից։ Բայց երկրի նախագահի խնդրին պետք է մոտենանք բոլորովին այլ չափանիշներով, այստեղ մարդկային առաքինությունների ծաղկեփունջը չէ , որ մեզ պետք է ուրախացնի։ Հանրապետության նախագահի պաշտոնը և գործը մի առանձնահատուկ վիճակ է և պահանջում է մարդկային առանձնահատուկ կերտվածք։ Ես չեմ խոսում ոչ բարության, ոչ հայրենասիրության և ոչ էլ այն մնացած հատկանիշների մասին, որոնք կարող են դրսևորվել բոլոր ճառախոսների խոսքերում։ Դա հատուկ կերտվածք է, մարդ, որը կարող է կատարել այդ աշխատանքը։ Այդ աշխատանքի համար Ռոբերտ Քոչարյանն ունի ամենակարևոր հատկությունները, որոնք չունեն նախագահի մյուս հավակնորդները։ Նա նախանձելիորեն հավասակշռված մարդ է, կողմնորոշված, շրջահայաց, խորքը տեսնող։ Ճառերի ու պերճախոսության, խոստումների մարդ չէ, նա գործի մարդ է։ Փորձը ցույց է տալիս, որ միջազգային բոլոր հանդիպումներում, դիվանագիտական խոսակցություններում անզգուշ խոսք չի ասել»։

Ի դեպ, Հենրիկ Հովհաննիսյանը նախկին նախագահների օրոք, որոնք ըստ իրեն՝ երկրի մասին չեն մտածել, զբաղեցրել է  տարբեր պաշտոններ։ Նա 1992 թվականից Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գիտական խորհրդի անդամ է եղել, 1995 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման խորհրդի նախագահ։ 2001 թվականին  ՀՀ նախագահի  հրամանով նշանակվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ։ 2006 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։ 2011 թվականից՝ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության նախագահի գլխավոր խորհրդական, 2004 թվականից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Թատրոնի բաժնի վարիչն է, 2009 թվականի մայիսից՝ ՀՀ Հանրային խորհրդի անդամ։ 2016 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

Հենրիկ Հովհաննիսյանը երկրի մասին չմտածող ղեկավարների օրոք երբեք չի հրաժարվել և ոչ մի պաշտոնից։

Այս ամենից հետո հարց է առաջանում՝ ի վերջո, որն է հայ մտավորականության դերը առհասարակ հասարակական-քաղաքական կյանքում, գովել օրվա իշխանությա՞նը, թե՞ տեսնել, մատնանշել ու բարձրաձայնել խնդիրները, երկրի ղեկավարի անդառնալի սխալ  գործունեությունը, որը երկրին ու ժողովրդին տանում է դեպի կործանում։

Ինչպես Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանն էր ասում՝ այլ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած։

Տեսանյութեր

Լրահոս