«Կոչ եմ անում բոլոր հայերին մասնակցել Տերյանի տուն-թանգարանի վերականգնմանը, որպեսզի այն փրկվի, թե չէ քանդվում է»

Ջավախքի Գանձա գյուղում գտնվող Վահան Տերյանի տուն-թանգարանը գտնվում է անմխիթար վիճակում: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) ջանքերով վերականգնվել է տուն-թանգարանի ցուցասրահը, իսկ թանգարանի հուշային հատվածը վերականգնելու համար հարկավոր է յուրաքանչյուրիս աջակցությունը:

Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնված ցուցասրահի բացումը նախատեսվում է օգոստոսի 1–ին:

168.am-ի հետ զրույցում ՋԱՀ գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը ներկայացրեց, թե քանի փուլով է նախատեսվում տուն-թանգարանի ամբողջական վերականգնումը, և ինչպես են կազմակերպվել ցուցասրահի վերականգնման աշխատանքները:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսային բարդ իրավիճակների պայմաններում նույնիսկ կարողացել են դրամահավաքներ կազմակերպել, բարերարների ներգրավել և սկսել աշխատանքները. «Արդեն 6 ամիս է՝ աշխատում ենք թանգարանի ցուցասրահի վերականգնման ուղղությամբ: Ծրագիրը երեք փուլով է ընթանալու, քանի որ տարածքը մեծ է: Առաջին փուլում նախատեսել ենք վերականգնել Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահը, որը ավարտման փուլում է գտնվում: Երկրորդ փուլով նախատեսվում է կազմակերպել հուշային մասի վերականգնումը, երրորդ փուլով՝ ամբողջ համալիրի վերականգնման նախագիծն ունենք մշակած»:

Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնված ցուցասրահում ներկայացվում է եռաշերտ ցուցադրություն: Ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին շերտը պատի վրա արված նկարներն են, երկրորդը՝ օրգանական ապակիով ներկայացվում է ամբողջ ցուցադրական նյութերը, երրորդը, արդեն, QR կոդով ինֆորմացիա ստանալն է:

Ճարտարապետը նշեց, որ առաջնային է տուն-թանգարանի վերականգնման աշխատանքների կազմակերպումը. «Տուն-թանգարանի ֆիզիկական վիճակը շատ վատ է, պետք է մեծ ներդրումներ արվեն՝ տուն-թանգարանը, եկեղեցին, տարածքը, ցուցասրահը դառնան մեկ համալիր, որպեսզի այստեղ տուրիստական շարժը մեծանա: Դրա համար, կոչ եմ անում բոլոր հայերին իրենց հնարավորության չափով մասնակցել տուն-թանգարանի վերականգնմանը, որպեսզի այն փրկվի, թե չէ  քանդվում է, հատակները փտած են, տանիքը փլվում է, պատերը խոնավ են, վթարային վիճակ է»:

Սամվել Մկոյանն իր հերթին կոչ արեց մեր հայրենակիցներին միանալ նախաձեռնությանը և իրենց ներդրումն ունենալ այս կարևոր և նվիրական գործում. «Վահան Տերյանին հարիր թանգարան ունենալու անհրաժեշտություն ունենք: Ներդրում կարող են ունենալ՝ այցելելով ՋԱՀ-ի երևանյան գրասենյակ, Ախալքալաքի գրասենյակ, կամ կարող են այցելել jah.am կայք, այնտեղ նվիրատվությունների բաժին ունենք, կարող են իրենց փոխանցումներն անել և այս հայրենանվեր գործում անմասն չմնալ»:

Սամվել Մկոյանը հավելեց, որ Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի շենքի արտաքին տեսքն ընդհանուր գծերով պահպանվել է, ճարտարապետական շատ փոփոխություններ չեն արվել, բայց հետաքրքիր լուծումների միջոցով նոր տեսք է տրվել շենքին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս