«Արցախը հաշմված է, խոցված է, անդամահատված է, բայց կենդանի է․ Որքան էլ ծանր է, Արցախ պիտի գնալ». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որքան էլ ծանր է, Արցախ պիտի գնալ։
Պետք է շփվել մարդկանց հետ, աչքովդ տեսնել դավադիր պատերազմի հետքերը Արցախի մարմնի վրա, զայրույթից հուզվել Շուշիի կողքով անցնելիս, պատուհանի լույս որոնել ուրվական դարձող Բերձորում, համոզվել, որ այս պահին Արցախի ու այլևս նաև Հայաստանի գոյության երաշխավորը ռուսական խաղաղապահներն են։
Արցախը հաշմված է, խոցված է, անդամահատված է, բայց կենդանի է։ Դեռ կենդանի է։
Արցախը 2018-ից է սկսել պարտվել, ներսից, Երևանից եկող հարվածներից։ Ադրբեջանի համար մնացածը տեխնիկայի և ժամանակի հարց էր։
Հունիսի 20-ին Արցախը հերթական հարվածը ստացավ մեջքից՝ Հայաստանից։
Արցախ այցը վերքեր չի բուժում և չպիտի բուժի։ Եթե վերջին պատերազմի վերքերը սպիանան, ապա Արցախն անդառնալի կկորցնենք։ Արցախյան ցավը պիտի ապրեցնի մեզ, պիտի կենդանի պահի Հայրենիքին վերատիրանալու երազանքը։
Դավաճան սրիկա, չես մարսելու, չի ներվելու, չես պլստալու։
Ներվերից ու հուզմունքից պռոշներս կրծելով անցել եմ Շուշիի կողքով։ Նույն ձևի, արդարության վերականգնման համար, պատրաստ եմ կրծել քո քաղաքական կոկորդը»։