Ինչո՞վ է պայմանավորված ԵՄ 2.6 մլրդ եվրո աջակցությունը Հայաստանին
Օրերս հայտնի դարձավ, որ Եվրոպական միությունն առաջիկա 5 տարիների համար Հայաստանին հատկացվելիք 1,6 միլիարդ եվրոն կավելացնի ևս 1 միլիարդով՝ Հայաստանը դարձնելով ամենալայնածավալ աջակցությունը ստացած ԱլԳ երկիրը:
Այս ներդրումային փաթեթի մասին հայտնեց Երևանում այցով գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին: Նա նշել էր, որ կողմերը կարող են սկսել հետճգնաժամային ապագային միտված ծրագրերի իրականացումը:
«Մենք ցանկանում ենք մասնակից լինել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու տնտեսության վերականգնմանը: Առանց ջանք խնայելու պատրաստ ենք Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ աննախադեպ կերպով նպաստել Ձեր երկրի տնտեսական և սոցիալական վերականգնմանը»,- ասել էր Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը:
Վարհեին նշել է, որ Հայաստանի համար նախատեսված ընդհանուր 2,6 մլրդ դոլարից 1,6 միլիարդի փաթեթն ուղղվելու է 5 ծրագրային ուղղությունների՝ ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսության խթանմանը, փոքր և միջին բիզնեսի, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը և այլն: «Մենք կարող ենք այս խոշոր ներդրումներով մեծ բան փոխել: Սրանք ազդեցիկ ու մասշտաբային ծրագրեր են, որոնք կարող ենք համատեղ դարձնել իրականություն»,- ասել էր Օլիվեր Վարհեին:
Բնականաբար, ԵՄ-ի այս վերաբերմունքը չէր կարող անտեսված մնալ հասարակության և փորձագիտական հանրության կողմից, ուստի տարբեր շրջանակներ շարունակում են քննարկել ԵՄ-ի խոստացած աջակցությունը, դրա մոտիվները, նպատակը՝ հաշվի առնելով նաև ՀՀ ԵԱՏՄ անդամակցությունը և արտաքին քաղաքականության շրջանակում ռուսական էլ ավելի ամրապնդված վեկտորը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո:
168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը նշեց, որ այս աջակցությունը պետք է բացատրել մի քանի բաղադրիչով:
Ըստ նրա, առաջին հերթին մարտի 1-ից լիարժեք ուժի մեջ է մտել երկար տարիներ բանակցված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը թելադրում է կողմերին աշխատանքի կոնկրետ շրջանակ, ուստի ԵՄ-ն ավելի թիրախային աջակցություն է պատրաստ տրամադրել, այսինքն՝ համաձայնագրի առկայության կարևորությունը դժվար է թերագնահատել:
Երկրորդ պատճառը, վերլուծաբանի խոսքով, պատերազմն է ու ԵՄ ցանկությունը, որպեսզի երկիրը շուտ հաղթահարի հետևանքները, որով նաև ԵՄ-ն քաղաքական որոշակի դերակատարություն է փորձում ստանձնել տարածաշրջանում, փորձելով կոտրել տարածաշրջանի հետպատերազմյան աշխարհաքաղաքական իրադրությունը:
«ԵՄ-ն ցույց է տալիս, որ Հայաստանն ու ԵՄ-ն, չնայած եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին և նախկին կարծրատիպերին, որ հնարավոր չէ երկբևեռ համագործակցություն, ունեն օրակարգ: ԵՄ-ն հասկացավ, որ այդ ռազմավարությունը, որով երկրներն ընտրության առջև էին կանգնում, ապակառուցողական է, որը կտրում է ԵՄ-ին կարևոր տարածաշրջաններից: Վերջին ամիսների ընթացքում ԵՄ-ն՝ ԱՄՆ-ի հետ զուգահեռ, հստակ ուղերձներ է հղում, որ ունի շահեր տարածաշրջանում:
Դրա ապացույցը ԵՄ ԱԳ նախարարներից կազմված պատվիրակության այցն էր տարածաշրջանային երկրներ, Վրաստանի հետ համագործակցությունն է տարածաշրջանային խնդիրների կարգավորման կոնտեքստում: Արևմուտքը հասկանում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ին աշխատելու հնարավորություններ չեն տրվում հենց արևմտյան մասնակցությունը կարգավորման գործընթացին թույլ չտալու համար, ու Արևմուտքն այլ ձևաչափերի փնտրտուքով է զբաղվում, ու աջակցությունը սպասելի էր այս ողջ պատկերի մեջ: Իհարկե, կան շատ քննադատություններ նաև ուղղված ԵՄ-ին, Արևմուտքին՝ պատերազմի ընթացքում պասիվությամբ պայմանավորված, բայց ինչպես մենք գիտենք ու բազմիցս խոսել ենք, ԵՄ-ն դանդաղ է գործում, ԵՄ-ում որոշումները, բնականաբար, շատ դանդաղ են կայացվում ու երկար, ժամանակ առ ժամանակ տարաձայնություններով ուղեկցվող ճանապարհ անցնում: Այսինքն՝ գլխավորապես նման աջակցությունը քաղաքական որոշում է, հաշվի առնելով իրավիճակը ՀՀ-ում ու ՀՀ-ի շուրջ»,- ասաց վերլուծաբանը՝ կարևորելով նաև այդ աջակցության ճիշտ կիրառությունը:
Վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին մեզ հետ զրույցում ասաց, որ ԵՄ-ն որոշել է ակտիվացնել «Արևելյան գործընկերություն» ծրագիրն այն երկրների համար, որոնք ցանկանում են ԵՄ արժեքային համակարգին մաս կազմել:
Ըստ նրա, սրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ Բելառուսն է սկսել Արևելյան գործընկերություն ծրագիրը լքելու գործընթաց: Մենագարիշվիլիի կարծիքով՝ գործերն այնքան էլ ակտիվ չեն նաև Ադրբեջանի հետ:
«Ստացվում է, որ ԱլԳ-ն ակտիվ աշխատում է Ուկրաինայի, Մոլդավայի, Վրաստանի հետ, իսկ Հայաստանն ուներ օրակարգ, սակայն այն չէր իրացվում: ԵՄ-ն նման ծավալի աջակցության խթանում է Հայաստան-ԵՄ կապերը, հատկապես՝ բարեփոխումների գործընթացը, ինչը նաև թեստային որոշում է՝ հասկանալու համար ՀՀ քաղաքական կամքը: Դեկտեմբերին սպասվում է Արևելյան գործընկերության հերթական գագաթաժողովը, և ԵՄ-ն նախապատրաստական աշխատանքներ է կատարում մինչ գագաթաժողովը, փորձում նոր որակ ու բովանդակություն հաղորդել ծրագրին, որի նկատմամբ ԵՄ անդամ երկրների մեծ մասի վերաբերմունքը թերահավատ է: Սակայն նշեմ, որ այդ աջակցությունը որքան հնարավորություն է Հայաստանի համար, այնպես էլ՝ մարտահրավեր, քանի որ Հայաստանն ունի սերտ հարաբերություններ Ռուսաստանի հետ, որը «երկու աթոռին նստելու» քաղաքականությունը, մեղմ ասած, չի սիրում, ուստի ԵՄ-ն այս հանգամանքն իր հետևանքներով ևս պետք է հաշվի առնի, քանի որ ասոցիացումը բարդ գործընթաց է, որը մշտապես հանդիպում է Ռուսաստանի դիմադրությանը, իսկ պատերազմից հետո հայ-ռուսական հարաբերություններն այլ մակարդակի են տեղափոխվել: Արդյո՞ք դա հաշվի առնվել է, քանի որ միայն աջակցությամբ ԱլԳ խնդիրները կարգավորել հնարավոր չէ, պետք է բազմաբևեռ աշխատանք տանել այդ թվում՝ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հետ»,- ասաց վերլուծաբանը՝ հավելելով, որ այնուամենայնիվ Վրաստանի համար նման աջակցությունը Հայաստանին լավ նորություն է: Նրա կարծիքով, դա պետք է նպաստի նաև հայ-վրացական հարաբերություններին: